ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՔՈՒՆ ՀԻՄԱ ԷԼ ԵՐԱԶՈՒՄ Է  ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ-ԱՄՆ ԱԼՅԱՆՍԻ ՄԱՍԻՆ

16.12.2016 17:53 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՔՈՒՆ ՀԻՄԱ ԷԼ ԵՐԱԶՈՒՄ Է  ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ-ԱՄՆ ԱԼՅԱՆՍԻ ՄԱՍԻՆ


Սպիտակ տնից հեռանալ պատրաստվող Օբաման թերեւս ամենախորը փոսը փորեց Սպիտակ տուն մտնել պատրաստվող Թրամփի առաջ: Այսպես, «Associated Press»-ը երեկ կեսգիշերից սկսած ուժի մեջ մտավ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները եւս 10 տարով երկարաձգելու ավելի վաղ Կոնգրեսի ընդունած օրինագիծը:
ՕԲԱՄԱՅԻ «ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐԸ» ԹՐԱՄՓԻՆ
Այն, որ օրինագիծը հենց Օբամայի լոբբինգի արդյունք էր, դժվար չէ կռահել: Համենայնդեպս՝ այդ մասին է վկայում փաստը, որ այս սկանդալային թեման օրակարգում հայտնվեց միայն Թրամփի ընտրվելուց հետո: Գումարած դրան, Օբաման, որ Իրանի հետ կնքված հայտնի միջուկային համաձայնագիրը համարում էր իր նախագահական գործունեության հիմնական ձեռքբերումներից մեկը, տրամաբանորեն պետք է, որ այս օրինագծի նկատմամբ վետո կիրառեր: Բայց նա գերադասեց ոչինչ չանել, եւ օրինագիծը մեխանիկորեն ստացավ օրենքի կարգավիճակ:
Մյուս կողմից էլ, թեեւ նախընտրական փուլում Թրամփը սիրում էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը քննադատել, սակայն դժվար չէր կռահել, որ դա միայն հռետորաբանություն է: Համենայնդեպս, այդ համաձայնագիրը Թրամփին ազատում էր ոչ միայն Իրանի ուղղությամբ հետագա գլխացավանքից, այլ նաեւ այդ խնդրով Մոսկվայի հետ գործնականում անխուսափելի հակամարտությունից: Գումարած դրան, իրանական ճգնաժամի լուծումը նաեւ Եվրոպայի համար էր անչափ կարեւորվում ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական տեսանկյունից: Վերջապես, նույն հարցում իր հատուկ շահագրգռվածությունն ուներ նաեւ Չինաստանը, ով նույնպես «6+1» հայտնի պայմանավորվածության մասնակիցն էր:
Ուհիմա տեսնենք, թե ինչ ամանորյա նվեր Օբաման մատուցեց Թրամփին: Պատժամիջոցների չեղարկումը միջուկային այդ պայմանավորվածության կարեւորագույն բաղադրիչն էր, եւ Իրանը մինչ ամերիկյան հիշատակված օրինագծի ուժի մեջ մտնելն էր հայտարարել, որ ԱՄՆ-ի նման քայլը կհամարի համաձայնագրի չեղյալ համարում եւ նման օրենքի ուժի մեջ մտնելու պարագայում իրեն ազատ կհամարի իր պարտավորություններից: Ընդ որում, հայտարարություններից զատ, Թեհրանը նաեւ գործնական քայլեր իրականացրեց: Օրինակ՝ նախագահ Ռոհանին հանձնարարել է աշխատանքներ սկսել միջուկային ռեակտորներով գործող նավերի մշակման ուղղությամբ: Իսկ սա նշանակում է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուն պես, Թրամփը մեկ կարեւորագույն որոշում ընդունելու առաջ է կանգնելու: Կա՛մ՝ հայտարարել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները, այն էլ՝ 10 տարով երկարացնելը սխալ էր եւ, որ միջոցներ կձեռնարկի արագորեն դա շտկելու ուղղությամբ: Իսկ նոր-նոր պաշտոն ստանձնած նախագահի համար առավել քան բարդ կլինի Կոնգրեսից միայն վերջերս ընդունված որոշումին 180 աստիճանով հակառակ նոր որոշում ընդունելուն հասնել: Կա՛մ էլ պետք է բաց հակամարտության գնա Թեհրանի հետ: Ճիշտ է, այդ քայլով միանգամից կվերականգնի Իսրայելի հետ բավականին փչացած հարաբերությունները: Բայց նաեւ բավականին ծանր հակասության մեջ կմտնի ՌԴ-ի հետ, ինչը, թերեւս, հակաիրանյան այդ օրենքի հիմնական նպատակն էր՝ առավելագույնս բարդացնել Վաշինգտոն-Մոսկվա սպասվող երկխոսությունը: Սրանից զատ, Թրամփը նաեւ Եվրոպայի հետ է հարաբերությունները բարդացնելու. համենայնդեպս, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆրեդերիկա Մոգերինին արդեն իսկ սկսել է հրապարակավ խոսել, մասնավորապես` իրանական հարցով Մոսկվայի հետ միասին Թրամփի դեմ պայքարելու մասին: Վերջապես, այս իրավիճակը Թրամփին խոստանում է էլ ավելի ծանրացնել առանց այդ էլ բավականին բարդ մեկնարկային հարաբերությունները Չինաստանի հետ:
Ընդ որում, այսքան բարդություններից հետո, նաեւ մեծ հարց է, թե այս ուղղությամբ առաջնորդվելով, Թրամփն ի՞նչ գործնական քայլեր ունի: Եթե Իրանի միջուկային խնդիրը բանակցություններով չլուծվի, նոր նախագահը հայտնվելու է այն նույն փոսում, որտեղ ժամանակին ընկել էր Օբաման: Այսինքն, Թեհրանին կանգնեցնելու հարցում բանակցությունների երկընտրանքը ռազմական ուղին է: Ժամանակին հենց այդ կետին հասնելով՝ Օբաման հստակ հասկացավ, որ Իրանին հարվածելը նշանակում է Երրորդ աշխարհամարտ, եւ ստիպված եղավ գնալ համաձայնության: Ու հիմա Թրամփը, եթե գնա նոր հակամարտության, ի վերջո, հենց այդ նույն  կետին կհասնի: Միայն թե, նրա դիրքերն ավելի վատ են լինելու, քան՝ Օբամայինը այն պատճառով, որ արդեն իսկ գոյություն ունեցող համաձայնագրի խախտողն ԱՄՆ-ն կլինի, այսինքն, եթե ժամանակին ողջ համաշխարհային քարոզչական ճնշումը Թեհրանի դեմ էր, հիմա նա հանգիստ կպատասխանի՝ բայց չէ՞ որ ես չեմ պայմանավորվածությունները խախտել:
ՆՈՐԻՑ ԿՇԱՀԻ ՄՈՍԿՎԱՆ
Այսպիսով՝ ո՞ր ուղղությամբ կգնա Թրամփը...
Բայց մինչ դրան հասնելը, արդեն անմիջապես Հայաստանի հետ կապված մեկ հանգամանք հաշվի առնենք: Վերջերս Համբուրգում կայացած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների վեհաժողովի շրջանակներում անցկացված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ու Մինսկի խմբի ¥ՄԽ¤ անդամների հայտարարությունն ընկալվեց, որպես Բաքվին ցույց տրված դեղին քարտ, ինչի հետ դժվար է 
չհամաձայնվել: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ոչ պակաս հնչեղ հայտարարությունը, թե՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է անպայման կյանքի կոչվեն: Եվ միայն այն փաստը, որ անմիջապես էլ ադրբեջանական կողմը սկսեց խոսել ՄԽ-ում արմատական փոփոխությունների անհրաժեշտության եւ ակնարկել նոր պատերա զմի մասին, հուշում է, որ Բաքվում իրավիճակի այս զարգացումներից մտահոգված են: Թուրքիան էլ այն վիճակում չէ, որ այս ծանր իրավիճակում հնարավոր լինի նրա վրա հույս դնել...
Այս տեսանկյունից, իհարկե, առավել քան հետաքրքիր էր Իսրայելի վարչապետի Ադրբեջան կատարած այցը, որից հետո ադրբեջանական աղբյուրները սկսեցին ակտիվորեն խոսել ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան աշխարհաքաղաքական նոր ալյանսի առաջացման հավանականության մասին:
Իրատեսակա՞ն է նման զարգացումը. Նեթանյահուի այդ այցը, թերեւս, նաեւ այդ ուղղությամբ տեղում հետախուզություն անցկացնելու իմաստ էլ ուներ: Եվ գործնականում էլ, եթե Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները կրկին հասնեն թեկուզեւ նախապատերազմական մակարդակի, ապա այդ ուղղությամբ ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի դերում կարող է միայն Իսրայելը հանդես գալ: Իսկ Ադրբեջանը դեռ հնուց է Իսրայելը դիտարկում, որպես Իրանի դեմ ուղղված ռազմական հենակետ: Բաքուն էլ նման դասավորությունը կարող է դիտարկել Ղարաբաղի հետ կապված արմատական շրջադարձի միակ միջոց: Հաշվի առնելով նաեւ, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ ալյանս ձեւավորելու միջոցով ղարաբաղյան իրավիճակն իր օգտին շրջելու փորձերն ավարտվեցին Հայաստանում «Իսկանդերների» տեղակայման եւ հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծման փաստերով:
Ուրեմն՝ որքանո՞վ է հավանական, որ Թրամփը ստիպված կլինի ԱՄՆ-ին տանել նոր հակաիրանական արշավանքի, ինչքան էլ, որ այն ի զորու է իր ետեւից բազում լուրջ խնդիրներ առաջ բերել: Թեեւ այն տպավորությունն է, թե Օբաման հակաիրանյան օրենքի հիշատակված հանճարեղ ավանտյուրայով Թրամփին պարզապես այլ ելք չի թողել: Բայց երեւի այս անգամ էլ շատ ավելի մեծ է հավանականությունը, որ Օբամայի հերթական «հանճարեղությունից» կշահի Մոսկվան: Նախ այն տեսանկյունից, որ որքան Իրանի նկատմամբ սրվում է ամերիկյան ճնշումները, այնքան Թեհրանի համար կարեւորվում է Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը: Գումարած դրան, ինչպես նշեցինք, Եվրոպան այն աստիճան է անհանգստացած այս նոր իրավիճակով, որ մինչեւ իսկ խոսում է մինչ այս չտեսնված գործընթացի՝ ռուսների հետ միասին հակաամերիկյան դաշինքի մասին: Իհարկե, հազիվ թե բանը դրան հասնի, սակայն եղած շրջադարձն արդեն իսկ ռուսների օգտին է:
Եվ, վերջապես, Թրամփը հաստատ այն միամիտը չէ, որ աչքի առաջ ունենալով Օբամայի օրինակը, ինքն էլ այդ աստիճան խրվի իրանական միջուկային ծրագրի ճահճուտը: Հասկանալի է, իրողությունները նրան այլ բան են պարտադրում: Սակայն մինչեւ վերջ իրավիճակը սրելու փոխարեն, շատ ավելի հավանական է, որ Թրամփը կնախընտրի Թեհրանի հետ պայմանավորվածությունները վերականգնելու ուղին: Եվ այս դեպքում, որպես միջնորդ, նրա համար հաստատ Կրեմլի միջամտությունը անհրաժեշտություն է: Նկատի ունենք, որ եթե Թրամփը փորձի գնալ Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման նոր ընդունված օրենքի թուլացման ուղղությամբ, դրա համար նրան զգալի ժամանակ է պետք: Իսկ Թեհրանից այդ ընթացքում կտրուկ քայլերի չդիմելու հարցով նրան միայն Կրեմլը կարող է առավելագույնս օգնել: Եվ նկատենք, որ նման միջնորդությունը եւս Մոսկվայի օգտին է:
Ինչ վերաբերում է Բաքվի երազած Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ալյանսին, ապա ինչ կա որ, թող երազեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА