ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.12.2016 20:12 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Գագիկ Ծառուկյանի` կրկին քաղաքականություն վերադառնալու մասին խոսում են բոլորը: Ոմանք` նրա կողքը տեղ զբաղեցնելու ակնկալիքով, ոմանք էլ` արտահայտելով իրենց դժգոհությունը, որ այդ մարդը փոշեկուլի պես հավաքելու է ընդդիմադիր քվեները: Սակայն ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, զարմանալիորեն, հարցին անդրադարձավ` ընկնելով դեպի 2015-ի սկիզբը տանող նոսթալջիկ հուշերի մեջ. «Այս առումով մենք պետք է բավականին զգույշ լինենք: Այն, ինչ տեղի ունեցավ մինչեւ փետրվարի 12-ը, ես այդ ժամանակ այդ գործընթացների մասնակիցն եմ եղել: Հետագա գործընթացների մասին շատ է խոսվել, մեկնաբանություններ եղել են: Մեկ անգամ եւս կարող եմ ասել, որ գործընթացների նման վախճանի պատճառը եղան ոչ թե միայն իշխանությունները, որոնք, այո,  բավականին կոշտ դիրքորոշում ունեցան, այլ պատճառը եղավ նաեւ այն, որ պարոն Ծառուկյանն այդ գործընթացների վերջում մնաց բացարձակ միայնակ: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ժամանակ Ծառուկյանին մենակ թողեցին, մի կողմ քաշվեցին: Պարզվեց, որ այդ գործընթացներից հետո միայն ես մնացի նրա կողքին»: 
Մինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հանրությանը շոկի մեջ էր գցում` կոչ անելով օրինականացնել պլանքաշությունն ու մարմնավաճառությունը, նույն կուսակցության վարչության նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ հանրությանը զարմացրեց իր քաղաքական ակնկալիքներով. «Իշխանափոխությունն այդքան դժվար բան չէ. ասում են` սատանան էդքան վախենալու չի, ինչքան սատանայի մասին խոսում են: Չենք ասում` զենք-զրահ վերցնենք, գնանք կոտորենք իշխանությանը: Բայց եթե ժողովուրդն իր ձայնով օգնի մեզ, որոշակի մանդատ տա` 30 տոկոս, 40 տոկոս, իսկ եթե 50 տոկոս լինի` մենք կտանենք իշխանափոխության»: Այդտեղ զարմանալին այն է, որ այդ մարդն իրոք հավատում է, որ իրենց կարող է հանկարծ այդքան քվե տալ: Ինչպես ժամանակին արտահայտվել էր աստվածաբան Տերտուլիանոսը. «Հավատում եմ, քանզի անհեթեթ է»: 
Իսկ սէֆիլյանական թիմի կարկառուն գործիչ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԸ յոթ երգ գիտի, յոթն էլ խռովության մասին. «Կգա ապրիլյան ընտրություններ կոչվող փուլը, դա եւս կանցնի, եւ բոլորի համար պարզ կդառնա, որ հերթական անգամ ընտրություն չկայացավ Հայաստանում, եւ միակ այլընտրանքը կմնա ժողովրդի ընդվզումը»: Զարմանալի է, եթե սէֆիլյանականների աստեղային ժամին` ՊՊԾ գնդի զինյալ գրավման երկու շաբաթների ընթացքում ժողովրդական ընդվզում չեղավ, ապա ինչո՞ւ պետք է ժողովուրդն ընդվզի 2017-ի ընտրություններից հետո: Չէ՞ որ բոլոր ճաշակներին համապատասխանող կուսակցություններ լինելու են` ե՛ւ ՀՀԿ-ն, որը կայունության կողմնակիցների ճաշակով է, ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ում մասին ընտրազանգվածի մի մասն ասում է` թող պրեզիդենտ դառնա, որ մենք էլ մեզ մարդ զգանք, ե՛ւ մուրաբայաբույր ՕԵԿ-ը, ե՛ւ ծերուկ Լեւոնը, ե՛ւ արեւմտամետները: Բայց արի ու տես, որ սէֆիլյանականները, զարմանալիորեն, կառչել են ընդվզման սեւեռուն գաղափարից: 
Մեզ հույժ զարմացրեց «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» հեռուստաընկերությունը` եթեր թողարկելով հաղորդում, ուր գովերգվում էր հայ ընտանիքների ինքնիշխանությանը սպառնացող տխրահռչակ հակաընտանեկան «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը: Ապշել կարելի է, ինչպե՞ս է իշխանական կուսակցության` դաշնակների կողմից վերնահսկվող հեռուստաալիքի եթերում հանկարծ լիուլի քարոզելու հնարավորություն ստանում ամենաագրեսիվ եւ տխրահռչակ գենդերաֆեմինիստական ակտիվիստուհի Զարուհի Հովհաննիսյանը: Հիմա ինչ, դաշնակները կո՞ղմ են այդ հակազգային եւ հակապետական օրենքին, թե՞ հեռուստաընկերությունը պարզապես այդ դատապարտելի եղանակով փող է աշխատում: Ինչեւէ, այդ արգահատելի օրինագծի վերաբերյալ բավականին դիպուկ արտահայտվել է գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Լիա Ավետիսյանը. «Այս օրենքից ու նման «կլոր սեղաններից» գոյացած ձեր եկամուտը թող որ հիվանդանոցն ու թաղման բյուրոն վայելեն»: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА