ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.12.2016 19:49 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Բնականաբար, քանզի արդեն բավականին ցուրտ է, բոլորին հետաքրքիր է գազի սակագնի նվազեցումը: Ու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե վարչապետ Կարեն Կարապետյանին չհարցներ, թե երաշխավորո՞ւմ է արդյոք վարչապետը, որ ընտրություններից հետո գազի սակագինը կրկին չի բարձրանա, կամ Հայաստանը սակագնի նվազման դիմաց չի վճարի որեւէ ռազմավարական նշանակության օբյեկտով կվճարվի: «Այո»,- կարճ պատասխանեց Կ. Կարապետյանը: Ու հստակեցրեց, որ ո՛չ գնի բարձրացում կլինի, ո՛չ էլ նվազման դիմաց որեւէ ռազմական օբյեկտով կվճարվի: Դե ինչ, մեր վարչապետը նոր չէ, որ լակոնիկ խոսքով է աչքի ընկնում, ու տվյալ դեպքում լակոնիզմը հավասարվեց Սպարտայի արքա Լեոնիդի պատասխանին: Երբ պարսից բանագնացները նրան ասում էին, որ եթե կռվում պարտվի, ապա կլինեն այս, այս ու այս զարհուրելի բաները, սպարտացին պատասխանեց մեկ բառով` եթե: Սակայն տվյալ դեպքում վարչապետը, զարմանալիորեն անգութ գտնվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` ախր, այդ լակոնիկ այո-ն լրիվ փչացրեց այդպիսի խնամքով ու պաթոսով նախապատրաստած հարցը:
Հաց եւ պանիր, կեր եւ բանիր, բայց... մեր թերթն առիթներ ունեցել է ահազանգելու, որ պանրի մի մասի յուղայնությունը բարձրացվում է ԱՐՄԱՎԵՆՈՒ ՅՈՒՂ ավելացնելու շնորհիվ, իսկ այդ յուղը անվտանգ չէ առողջության համար: Եվ ահա, Սննդի անվտանգության պետական ծառայությունը բավականին լայն ուսումնասիրություն է անցկացրել, եւ.  «Լաբորատոր փորձաքննությունների ընթացքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին եւ պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաեւ կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր»: Բավականին շատ են այն ձեռնարկությունները, որոնց «հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը եւ, խախտումների վերացման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ»: Դե, իսկ թունավորության բազմազանությամբ աչքի ընկնող ձեռնարկությունների ցուցակը չենք տալիս, քանզի ընթերցողը պարզապես կհոգնի դա կարդալ: 
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը` որպես գերագույն գլխավոր հրամանատար, շրջայցով մեկնել է Սյունիքի եւ Արցախի զորամասեր: Եվ ահա, զարմանքով հայտնաբերեցինք, չարությամբ եւ թույնով լցված բազում մեկնաբանություններ սոցցանցերում, որ վերաբերում էին այն կադրերին, թե ինչպես է գերագույն գլխավոր հրամանատարը ճաշում զինվորների հետ: Դրանցից ամենամեղմը, թերեւս, «Ժառանգության» խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ արձակած թույնն էր. «Մեռանք ժողովրդի կյանքն ու փայն ուտելով, մի քիչ էլ զինվորի փայն ուտենք»: Զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել` ժողովուրդ, չե՞ք հոգնել չարախոսելուց եւ մթնոլորտը գարշանքով լցնելուց, ախր, մի օր ինքներդ կթունավորվեք ձեր սեփական թույնից: 
Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն գարշահոտությունը, բառիս բուն իմաստով, ներխուժել է նաեւ կուսակցաշինության ոլորտ: Հայցելով ընթերցողի ներողամտությունը` ներկայացնում ենք համացանցում հայտնաբերված` կուսակցությանն անդամագրվելու հայտի տեքստը` առանց խմբագրման. «ՔԱՔ-ի Անդամագրում: Սիրելի ՀըՀը՜ քաղաքացիներ, եթե ցանկանում եք ծառայել հայրենիքի եւ մեր կուսակցության (այսինքն ձեր իսկ) շահերին, կարող եք լրացնել սույն հայտը: Ինչպես Պն. Դանիելյանն արդեն նշեց, կուսակցություն մտնելն էդքան հեշտ բան չի, բայց անպայման դիմե՛ք, մեզ պե՛տք են պինդ ու ջրիկ մարդիկ»: Թե որ «պարոն Դանիելյանի» մասին է խոսքը, գաղտնիք չէ` դա կեղտաբերան ծաղրածու ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ է (Յոժը), ու նա է ստեղծել «Քաղաքացիական ակտիվ քայլ» անունով կուսակցություն, եւ անունը հատուկ այդպես է ընտրել, որ հապավումը լինի բառիս բուն իմաստով` գարշահոտ: Հասկացանք, որ ինքը` Յոժը, ոչ նամուս ունի, ոչ էլ` արժանապատվություն, բայց ամենազարմանալին այն է, որ նրա ստեղծածին անդամագրվողներ կան: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА