ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.12.2016 16:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որից վրդովված է հանրությունը, հայտարարելով, որ մտադիր է կազմակերպել լայն քննարկումներ: Եվ ահա զարմանալի բան տեսանք` այդ չարաբաստիկ նախագծի պաշտպան ֆեմինիստուհի ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ փախուստն ասուլիսից: Երբ մյուս բանախոսները նրան դիտողություն արեցին, թե չի կարելի րոպեն մեկ միջամտել եւ խանգարել իրենց խոսքին, սույն ակտիվիստուհին հեռացավ` մյուս կողմի բանախոսներին եւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր դեմ են, որ իրենց ընտանիքների ներքին գործերին անհասկանալի մարդիկ խցկվեն` որակելով Պուտինի հանձնարարություն կատարող: Դե ինչ, զարմանալի տրամաբանություն է, իսկ ավելի ճիշտ` հակատրամաբանական մարտավարական քարոզչական հնարք` բոլոր նրանք, ովքեր կողմնակից են ավանդական ընտանիքի մոդելին, անվանել Կրեմլի գործակալ: Լավ, ախր, նաեւ լիքը արեւմտամետ մարդիկ կան, ովքեր այդ հակաընտանեկան աղբի դեմ են պայքարում, ինչ է, նրանց է՞լ է Պուտինը հանձնարարել: Համ էլ, բուն Ռուսաստանում այդ երկրի խորհրդարանը նոր-նոր է սկսել իր օրենսդրությունը մաքրել յուվենալ աղբից, ինչ է, ռուսական ընտանիքները թողած` պետք է գան այստե՞ղ խառնվեն այդ գործին: Չնայած գրանտներով ապրող 30 արծաթի վկաների համար պուտինական է ցանկացած ոք, ով իրենց հետ համաձայն չէ:
Իսկ Ռուսաստանի քաղաքացի, ծրագրավորող ՄԱՐԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ իսկական հայի բախտ ունի: Նորվեգիայի իշխանությունները նրան հանձնել են ԱՄՆ-ին, որի հատուկ ծառայությունները պնդում են` իբր Վարդանյանը 48 ֆայլ է ներբեռնել համացանց, որոնք անհրաժեշտ են Citadel վիրուսը տեղադրելու եւ դրա օգնությամբ այլ համակարգիչներ կառավարելու համար: Վարդանյանն իր մեղքը հերքում է, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության համաձայն էլ, դա ակնհայտ քաղաքականացված որոշում է, եւ դա Մոսկվան հաշվի կառնի` Օսլոյի հետ հարաբերությունները կառուցելու ընթացքում: Անշուշտ, Նորվեգիային ակնհայտորեն սազում է Օսլո անունով մայրաքաղաք ունենալ, ու լավ է, որ մեր հայրենակցին վնասելու համար Մոսկվան էլ իրենց է որոշակի վնաս հասցնելու, բայց դրանից, դժվար թե, Վարդանյանի հայի բախտը փոխվի:
Իսկ ՎՐԱՍՏԱՆՆ էլ նորից սկսեց իր 2010 թվականի զարմանալի օյինները` խոսակցություններ բացելով, թե Ռուսաստան-Հայաստան գազատարի իր տարածքով անցնող հատվածը կարող է վաճառել ադրբեջանական ընկերություններին: Իհարկե, գլուխը պատով է տալիս, եւ ինչպես 2010-ից հետո, այնպես էլ հիմա հետ կքաշվի, սակայն զարմանալի է այդպիսի ոչ բարեկամական վարքագիծը, որը ոչ այլ ինչ է, քան` շանտաժ: Բանն այն է, որ հունվարի 1-ին ավարտվում է այն պայմանագրի ժամկետը, որով տարանցման դիմաց վրացիներին թողնում ենք մեր գազի 10 տոկոսը, եւ այժմ այդ թալանչիական գնից հրաժարվելու բանակցություններ են վարվում, վրացիներն էլ փորձում են շանտաժ անել: Լավ, զարմանալի է, դուք գոնե խելքը գլխին բանակ ունե՞ք, որ սպառնում եք մեր գազամատակարարումը հանձնել մեր թշնամուն: 
Իսկ այժմ անցնենք մեր հարազատ ընտրություններին: Դրանց առնչությամբ ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարեց. «Առաջիկայում, կարծում եմ` փետրվարին, տեղի կունենա ԲՀԿ համագումարը, որի ժամանակ կներկայացնենք մեր այլընտրանքային կառավարության կազմը: ԲՀԿ-ն ընտրությունների է գնում ամենաբարձր նշաձող սահմանած` գնում ենք խորհրդարանում մեծամասնություն դառնալու ակնկալիքով եւ բնականաբար մեր ժողովրդին անպայմանորեն ներկայացնելու ենք նաեւ մեր վարչապետի թեկնածուին»: Լավ եք անում, որ համագումարն անում եք, երբ հարմար եք համարում, բայց զարմանալի է, տիկին Զոհրաբյան ջան, վարչապետի թեկնածու առաջադրելը ոչ թե ձեր ցանկությունն է, այլ ՀՀ Սահմանադրության պահանջն է: Դե, իսկ ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնության ակնկալիքին, ապա, անշուշտ, երազելը վնաս չէ: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА