ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ  ԵԼՈՒՅԹԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՍԻՋՆԵՐԸ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

30.11.2016 18:33 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ  ԵԼՈՒՅԹԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՍԻՋՆԵՐԸ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ


Օրերս Երեւանում կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում միաձայն կուսակցության նախագահ ընտրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում երկրի նախագահը եւս մեկ անգամ ընդգծեց, որ նոր Սահմանադրությամբ կուսակցությունների դերը հասարակական-քաղաքական կյանքում կբարձրանա: Նախագահը տվեց նաեւ բոլորի կողմից քննարկվող հարցի պատասխանը` այն է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնում կմնա նաեւ առաջիկա ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն ստանա վստահության քվե: Շատերի կարծիքով` ՀՀ նախագահը համագումարի իր ելույթում հստակ մատնանշեց քաղաքական այն ուղղությունները, որոնք սպասվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Իրականում ի՞նչ մեսիջ էր պարունակում Ս. Սարգսյանի ելույթը, սպասվող ընտրությունների առումով այն ինչ կտա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Սիվիլնեթի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ խոսքով` ՀՀԿ համագումարում միակ նորությունն այն է, որ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ 2017 թվականին, եթե ՀՀԿ-ն հաղթի, ապա Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ. «Ս. Սարգսյանը չխոսեց գլխավոր մեսիջից` այսինքն, երբ ավարտվի պաշտոնավարման երկրորդ շրջանը, կշարունակի՞ մնալ իշխանության վերնախավում, թե` ոչ: Այդ քայլը նա չարեց ինչ-ինչ քաղաքական իրավիճակներից ելնելով, որովհետեւ եթե հաստատեր, որ մնալու է, ապա դա կարող էր գործընթացներ սկսեր քաղաքական դաշտում: Եթե հաստատեր, որ չի մնալու, ապա սա կարող էր իշխանական հատվածի մեջ լուրջ խմորումների տեղիք տալ, քանի որ իշխանության համար կսկսվեր պայքար: Հետեւաբար օրինաչափ եմ համարում, որ երկրի նախագահը չհստակեցրեց իր քաղաքական ապագայի հարցը` ավելորդ ճգնաժամերից ու ցնցումներից խուսափելու համար»:
«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ցանկանում է հավատալ, որ Հայաստանի հասարակության մեջ ամբողջությամբ եւ հայ քաղաքական վերնախավի մոտ մասնավորապես` ամրապնդվել է այն ընկալումը, որ երկրի տնտեսական, սոցիալական, հասարակական դժվարին կացությունը պահանջում է հասարակական համախմբում. «Բացի այդ, անհրաժեշտ է իմաստավորված եւ իրեն արդարացնող գործընթաց: Ցանկանում եմ, հավատալ, որ գալիք ընտրությունները տարբերվելու են մինչ այս եղած ընտրություններից` իրենց որակով եւ թափանցիկությամբ, նաեւ առաջադրված քաղաքական ուժի պատասխանատվությամբ: Որովհետեւ, եթե մենք այս առիթն էլ բաց թողնենք եւ ընկնենք որոշ խնդիրներ լուծելու հետեւից` մոռանալով մեր ազգի առջեւ ծառացած գլխավոր խնդիրները, ապա այս անգամ շատ դաժան ենք պարտվելու պատմության դատաստանի առաջ: Հույս ունեմ, որ գալիք ընտրությունները լինելու են ոչ միայն արդար ու թափանցիկ, այլեւ համապատասխանելու են միջազգային չափանիշներին: Այլեւ` քաղաքական կուսակցությունները կգնան ընտրություններին այնպիսի ծրագրերով, որ Հայաստանի հասարակության մեջ հույս արթնացնեն, որ մեր երկրում կարելի է ապրել, որ Հայաստանն ունի ապագա: ՀՀ նախագահի ելույթը այսպիսի մեսիջներ էր պարունակում իր մեջ»: 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ նկատեց, որ եթե մինչեւ համագումարը խոսվում էր պաշտոնյայի անձի մասին, համագումարից հետո արդեն խոսվում է կուսակցական մարդկանց վարքագծի մասին. «Խոսքը վերաբերում էր օպոնենտների հետ քննարկումների ժամանակ դրսեւորած վարքագծին կամ մամուլի հետ հարաբերվելիս, որտեղ անհրաժեշտություն կա, շատ ավելի հանդուրժողական, շատ ավելի քաղաքակիրթ պահվածքին: Տեսեք, եթե, ուշադիր եք, Հանրապետական կուսակցության խմբակցությունը շատ անդամներից է բաղկացած, բայց լրագրողական խումբը մի քանի մարդու է փնտրում, որպեսզի հարձակվի նրանց վրա եւ հավասարակշռությունից հանելով` օրվա սկանդալն ապահովի: Սա շատ է ազդում կուսակցության վարկանիշի վրա, թե ինչպես են կուսակցությունը ներկայացնող դեմքերը ներկայանում հանրությանը, եւ սա պետք է հաշվի առնվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА