ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.11.2016 18:31 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Մեր քաղաքական դաշտում 1998-ից ի վեր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով հիմնադրվեց մի զարմանալի ավանդույթ` «ազգովի խնդրելու»: Հիմա էլ այդ նույն ոճով ստորագրահավաք է սկսվել` Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի պահանջով: ԲՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ, չբացառելով հանդերձ, որ ԲՀԿ որոշ կառույցներ դրանով զբաղված են, այնուամենայնիվ, ասաց. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, մեկ բան հստակ կարող եմ ասել` որեւէ ստորագրահավաքի անհրաժեշտություն չկա, դա ժողովրդի պահանջն է: Մեր կուսակցություն ամեն օր տասնյակ քաղաքացիներ են դիմում` պահանջելով նրա վերադարձը: Եվ հենց այդ պահանջն էլ կարող եք ստորագրություն համարել»: Լավ, եթե անհրաժեշտությունը չկա, ապա ինչո՞ւ նույն կուսակցականներին չի ասվում, որ նման բանով չզբաղվեն, իսկ եթե զբաղվում են կուսակցության ղեկավարների համաձայնությամբ, էլ ինչո՞ւ են ձեւեր թափում...
Իսկ ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ էլ կարծիք հայտնեց, որ մեր երկրում լիբերալ քաղաքական դաշտն ապագա ունի, միայն եթե միավորվի. «Ազատական դաշտը, իմ կարծիքով, կազմում է 10-15 %, այսինքն` դա մեր հասարակության ազատական մտածելակերպ ունեցող մարդկանց թիվն է` ընտրական տեսակետից: Ամեն դեպքում կա դաշտ, որը սպասում է իր տիրոջը»: Բայց զարմանալի է, արդյո՞ք իրական ազատական կուսակցություններ ունենք, թե դրանց դավանածը ոչ թե ազատական արժեքներն են, այլ «քեռի Սեմի» տրամադրած կանաչ թղթադրամները: Եվ հետաքրքիր է, «սպասում է տիրոջը», ասելով` ո՞ւմ նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահը: Ո՞վ է այդ «ազատական դաշտի» տերը` այդ 10-15 տոկոս ընտրողնե՞րը, թե, այնուամենայնիվ, անդրօվկիանոսյան կերակրիչները: Կարծում ենք, պարոն Աշոտյանը չափազանց լավատես է այն գործիչների նկատմամբ, ում համարում է «ազատական»: 
Իսկ Ֆրանսիայի Մարսել քաղաքի փոխքաղաքապետ ՎԱԼԵՐԻ ԲՈՒԱՅԵՆ, ով այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի մամլո խոսնակն է, առավել քան զարմանալի ձեւով ընկավ սկանդալի մեջ` հայերի նկատմամբ իր համակրանքի հետեւանքով: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար անդուլ ջանքեր գործադրած Բուայեն մշտապես կրում է հայկական խաչ, եւ հենց այդ խաչով էլ հայտնվել էր հեռուստաեթերում: Ու սկսվեց. ֆրանսիական սոցիալական ցանցերում մեղադրանքների տարափ ծավալվեց, թե տիկին Բուայեն կրոնական քարոզչություն է իրականացնում, թե դրանով ճնշում է Ֆրանսիայում ապրող մահմեդականներին, խախտում օրենքով ամրագրված աշխարհիկ պետության սկզբունքը, եւ այլն: Զարմանալի է, ինչպես են ֆրանսիացիները հարմարվել այդպիսի իդիոտիզմին` որ հրապարակավ մարդ չի կարող կրել որեւէ իր, որը կարող է ընկալվել որպես կրոնի խորհրդանիշ: Ինչ լավ է, որ մեր երկիրը հեռու է այդպիսի «եվրոպական չափանիշներից»: 
Իսկ սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես համացանցում հարեւան մազութային սուլթանատի օգտատերերը կարող են խոշոր քաշվել: Չնայած այդ երկիր կոչեցյալում տիրում է բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ պաշտամունքը, ու անգամ ջրհեղեղի դեպքում չեն մոռանում փրկել առաջնորդի դիմանկարը, այնուամենայնիվ, նրանց օրենսդիր մարմինը որոշել է մինչեւ երկու տարվա ազատազրկում սահմանել համացանցում Իլհամի հասցեին թթու խոսք ասելու համար. «Երկրի ղեկավարի արժանիքներն ու պատիվը անարգելու կամ նվաստացնելու փորձը տեղեկատվական ինտերնետ-տիրույթում կհանգեցնի քրեական պատասխանատվության»: Յախշի, յախշի, սակայն ո՞ւմ համար են գրել այդ օրենքը, չէ՞ որ սուլթանատում բնակվող կոյունլուներից եւ ոչ ոք չի համարձակվի նման բան անել: Չլինի՞ հետեւելու են, թե օտարերկրացիներից ով է Իլհամի մասին «քըխ» բան գրում, որպեսզի եթե հանկարծ ժամանի Ադրբեջան, տեղում կալանավորեն: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА