ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻԼԻՊ-Ի ՆՄԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է

05.04.2016 16:32 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻԼԻՊ-Ի ՆՄԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է

- Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, որն իր գործողություններով եւ գաղափարախոսությամբ նման է ԻԼԻՊ-ին: Պատահական չէ, որ ԻԼԻՊ-ի շարքերում գործում են հազարավոր ադրբեջանցիներ: Ընդ որում, նմանությունը ոչ միայն քրիստոնյա հայերի դեմ նրանց ահաբեկչական գործողությունների մեջ է, այլ նաեւ, ինչպես ԻԼԻՊ-ը, այնպես էլ Ադրբեջանը, անխնա են իրենց իսկ շարքերում այլախոհների նկատմամբ, ինչպես նաեւ գրավյալ տարածքներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ինչպես եւ ԻԼԻՊ-ը, այնպես էլ Ալիեւը գնդակահարում է սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչներին: Նույնիսկ պատմամշակութային հուշարձանները քանդելու մեջ Ադրբեջանը եւ ԻԼԻՊ-ը ունեն նույն ձեռագիրը: Ի դեպ, Ղարաբաղի սահմանների վրա հարձակվող ադրբեջանական հրոսակախմբերում կային բազմաթիվ ԻԼԻՊ-ականներ` ինչպես ադրբեջանցիներ, որոնք վերադարձել են Սիրիայից, այնպես էլ այլ ազգերի վարձկաններ: Այդ ամենի վերաբերյալ կան համապատասխան փաստաթղթեր: Պատահական չէ, որ իր ահաբեկչական գործողություններում Ադրբեջանին աջակցում է իր ավագ եղբայր Թուրքիան, իսկ Ալիեւն ու Էրդողանը հանդիպումներին փաթաթվում եւ պաչպչում են իրար: Թուրքիայի համար Ադրբեջանը նույնպիսի դաշնակից է, ինչպես ԻԼԻՊ-ը, իսկ դիկտատոր Էրդողանի համար դիկտատոր Ալիեւը հոգեհարազատ անձնավորություն է: Այսպիսով, ԻԼԻՊ-Թուրքիա-Ադրբեջան եռյակը նպատակադրվել են անկայունության գոտին Մերձավոր Արեւելքից ընդլայնել դեպի Այսրկովկաս եւ Սիրիայում կրած պարտությունը «փոխհատուցել» Ղարաբաղում,- մեզ հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: –Հետեւաբար, ի՞նչ լուծում եք տեսնում այս դրամատիկ իրավիճակում:

– Ներկայիս Ադրբեջանը պետք է ոչնչացվի` որպես ահաբեկչական պետություն, իսկ Ալիեւը պետք է կանչվի պատասխանատվության` որպես ռազմական հանցագործ: Այսօրվա ֆաշիստական Ադրբեջանի փոխարեն` միջազգային վերահսկողության ներքո պետք է ստեղծվի դեմոկրատական պետություն, ինչպես ժամանակին ֆաշիստական Գերմանիայի փոխարեն ստեղծվեց բացարձակապես այլ էություն ունեցող ժողովրդավարական Գերմանիա: Ապագա ժողովրդավարական Ադրբեջանը պետք է ճանաչի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ խաղաղ գոյատեւի մեր տարածաշրջանում, ինչպես Գերմանիան Եվրոպայում, այլեւ պետք է ճանաչի ներկայիս ֆաշիստական Ադրբեջանի կողմից ստրկացված այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ պետք է ստեղծվեն Թալիշական Հանրապետությունը եւ այլն: Միայն այդ դեպքում մեր տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն եւ համագործակցություն: Ընդ որում, ադրբեջանական ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարը պետք է լինի ոչ միայն հայոց զինված ուժերի խնդիրը, այլեւ` ամբողջ առաջադեմ մարդկության: Ավելին` Ադրբեջանի ներսում առողջ ուժերը պետք է ապստամբեն ֆաշիստական ռեժիմի դեմ, քանի որ այդ ռեժիմը իր իշխանությունը եւ հարստությունը պահպանելու համար 18 տարեկաններին ուղարկում է մահվան դուռը: Պետք է ոտքի կանգնեն Ադրբեջանի փոքրամասնությունները, որոնց երեխաներին Ալիեւը դնում է գրոհների առաջին շարքում` դարձնելով թնդանոթային միս: 

– Իսկ ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները:

– Իր կողմից ագրեսիա ծավալելով` Ադրբեջանը միակողմանի դուրս եկավ բանակցային գործընթացից եւ խախտեց 1994 թվականի Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ կնքած զինադադարի մասին համաձայնագիրը: Հետեւաբար, այսօր հայկական զինված ուժերն ունեն լիակատար իրավունք` անցնել հակագրոհի, ընդլայնել անվտանգության գոտին այնտեղ, որտեղ ադրբեջանցիները մոտ են գտնվում մեր գյուղերին` օրինակ Մարտակերտի շրջանում: Բացի այդ, պետք է կասեցնել Ադրբեջանի ահաբեկչական պետության ֆինանսական սնուցման աղբյուրները: Փորձը ցույց տվեց, որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները արդյունավետ դարձան միայն, երբ կասեցվեց ԻԼԻՊ-ական նավթի հոսքը դեպի Թուրքիա: Ադրբեջանը, ինչպես եւ ԻԼԻՊ-ը, Թուրքիայի միջոցով վաճառում է իր նավթն ու գազը` ձեռք բերած գումարներով գնելով մահաբեր զենքը, որը նա օգտագործում է տարածաշրջանում ահաբեկչություն տարածելու համար: Հետեւաբար պետք է ոչնչացվեն ադրբեջանական նավթա եւ գազատարերը: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունի Հայաստան-Իրան երկաթգիծը, որն անցնում է Նախիջեւանի տարածքով եւ շուրջ 25 տարի չի գործում: Հայաստանի շրջափակման պայմաններում մենք ունենք լիակատար իրավունք` ճեղքելու այդ շրջափակումը եւ վերականգնելու մեր ժողովրդի կենսաապահովման համար անհրաժեշտ կոմունիկացիաները: 

– Սակայն որոշ միջազգային կազմակերպություններ եւ գործիչներ չեն շտապում դատապարտել Ադրբեջանին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ քաջալերում են: 

– Այո, հենց այսպիսի դիրքորոշման արդյունք է, որ Ադրբեջանը սանձազերծեց նոր ագրեսիա: Վերջերս ԵԽԽՎ-ում երկու հակահայկական փաստաթղթերի քննարկումը եւ դրանցից մեկի ընդունումը ուղղակիորեն խրախուսեց Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ: Այնպես որ, քաղաքացիական անմեղ զոհերի եւ ընդհանրապես այս բախման արյունը նաեւ ԵԽԽՎ-ի այն գործիչների ձեռքերի վրա է, ովքեր կողմ էին եւ այսօր էլ կողմ են հակահայկական հիսթերիայի բարձրացմանը: Այն օրերին ես ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ` մենք պետք է կասեցնենք մեր մասնակցությունը ԵԽԽՎ-ում` մինչեւ այդ մարմնում կոռումպացված ու փտած մթնոլորտը արմատականորեն չվերափոխվի: Նույնը վերաբերում է բոլոր այն մարմիններին, որոնք որդեգրում են Ադրբեջանին խրախուսելու դիրքորոշում: 

– Իսկ ի՞նչ կասեք ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին:

– ՀԱՊԿ-ի հայտարարությունը ուղղված է Ադրբեջանին սաստելու: ՀԱՊԿ-ի ռազմական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ են: Որպեսզի դրանք տարածվեն ԼՂՀ-ի վրա, մենք պետք է վերահաստատենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորման մասին պատմական որոշումը, ԼՂՀ-ն ներառենք Հայաստանի մեջ եւ այդ դեպքում պահանջ դնենք, որ ՀԱՊԿ-ը պաշտպանի արդեն վերամիավորված Հայաստանի սահմանները: Այսօր, երբ Ադրբեջանը միակողմանի դուրս է եկել բանակցային գործընթացից եւ խախտելով Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամենահիմնական սկզբունքը` հարցի խաղաղ լուծման պահանջը, եւ սանձազերծել է նոր պատերազմ, Հայաստանի Հանրապետությունն ունի լիակատար իրավունք` դիմելու այդ քայլին: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА