ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.11.2016 19:25 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Սկսենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ լուրից: Այսպես, «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ այժմ ապացուցում է, որ երգարվեստի ու ռազմարվեստի իրարից հեռու լինելը առասպել է, եւ զարմանալիորեն ցույց տալիս, որ երգով հաղթողը կարող է  եւ զենքով հաղթել: Սփյուքահայ yerakouyn.com կայքում հայտնաբերեցինք հաճելի լուր` Վլադիմիր Արզումանյանը «այսօր կը ծառայէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակին մէջ: Թէեւ դեռ քանի մը ամիս է, որ Վլատիմիրը անցած է զինուորական ծառայութեան, բայց բանակին մէջ ան ինքզինք լաւ կը զգայ: «Ծառայութիւնը կարեւոր է իւրաքանչիւր տղամարդու կեանքում»,- ըսած է Վլատիմիր Արզումանեանը»: 
Իսկ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար ՕՄԵՐ ՉԵԼԻՔԸ զարմանալիորեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սառեցնելու վերաբերյալ իրավական ուժ չունի. «Գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են այդ որոշմամբ որոշակի ուղերձ հղել Անկարային: Սակայն նրանք պետք է իմանան, որ Անկարան անտեսում է այդ ուղերձը: Եվրոպան պետք է վերլուծի ռազմական հեղաշրջման փորձ վերապրած երկրի հետ համագործակցության ուղիները: Դա մասնավորապես վերաբերում է իրավական պետության ու ժողովրդավարության հարցերին: Դրա փոխարեն նրանք որոշել են ստորագրել բանաձեւի ներքո, որը բացասական հետք կթողնի պատմության մեջ»: Անշուշտ, այդ բանաձեւը միմիայն դրական հետք կարող է թողնել, քանզի դրական է թուրք զազրելի տեսակի տարածումը կանգնեցնող ցանկացած քայլ, բայց զարմանալի է` ի՞նչ է նշանակում, թե իրավական ուժ չունի: Մարդիկ հրաժարվում են ձեզ հետ բանակցելուց, ինչ է, զոռով բանակցելո՞ւ եք... 
Այժմ անցնենք ԳԵԼԱՓԻ հերթական հարցմանը` պարզելու համար, թե ում գործերը լավ են քաղաքական դաշտում, իսկ ով դարձել է շունուգելափի բաժին: Այսպես, հանրության 44 տոկոսը վարչապետից ակնկալում է շոշափելի քայլեր, 19 տոկոսը վստահ է, որ նրա կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, 12 տոկոսը սպասում է, որ կառավարությունը կնպաստի ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, եւ միայն 25 տոկոսն է հոռետես: Ի դեպ, ըստ Գելափի` 2017-ին սպասվում է զարմանալի ակտիվ մասնակցություն ընտրություններին` ընդամենը 12 տոկոսն է ասել, որ ընտրատեղամաս չեն գա: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդում` ԲՀԿ-ն, իսկ ամենաքիչ տոկոսը Օսկանյանի կուսակցությանն է` ընդամենը 0,1 տոկոս: Այսինքն` Վարդան Սիվիլիթասիչը, չնայած այդքան իրեն պատռում է, բայց զարմանալիորեն լրիվ դարձավ շունուգելափի բաժին: 
Սակայն Գելափի արդյունքներից ելնելով` զարմանալի լավատեսություն է դրսեւորում ՀՀ ոստիկանապետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ. «Gallup-ի ներկայացրած թվերով` հուլիսյան իրադարձություններում ներգրավված էր հասարակության 4-5 տոկոսը: Բա ու՞ր մնացին «ամբողջ ազգը մեզ հետ է», «ազգը պահանջում է...» ու ազգի անունից նման ապուշ հայտարարություններ անողները: Մի քանի ավանակներով դուրս էին եկել փողոցներ` ի պաշտպանություն ահաբեկիչ մարդասպանների, անունը դրել էին «ազգ»: Ոչ, պարոն Մալյան, ցավոք սրտի, ոչ թե մի քանի ավանակ են, այլ` 4-5 տոկոս: Դա ահռելի, սարսափելի թիվ է` ստացվում է, որ ռեալ գործողություններով մեր երկրում 20-ից մեկը այս կամ այն ձեւով աջակցություն է ցույց տվել վտանգավոր պետական հանցագործներին: Անշուշտ, որպես վատ սրտի մխիթարանք, նրանց կարելի է եւ ավանակ անվանել, եւ ինչ ասես, սակայն դրանից այդ վտանգավոր իրողությունը չի փոխվի: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА