ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ 45-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱԶԴԻ՞ ՀՀ-ԱՄՆ ԵՎ ՀՀ-ՌԴ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

11.11.2016 20:19 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱՄՆ 45-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱԶԴԻ՞ ՀՀ-ԱՄՆ ԵՎ ՀՀ-ՌԴ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ


Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո օրակարգային է դարձել հարցադումը, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա ոչ միայն ներամերիկյան, այլ նաեւ ԱՄՆ-ի արտաքին գործունեության վրա: Մեր պարագայում, դա կազդի՞ հայ-ամերիկյան եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ, բնականաբար, իրադարձություններից դեռ առաջ չի ընկում.
– Մենք գործ ունենք մի կայուն համակարգի հետ` իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն` նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով: Եվ այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, դեռ կտեսնենք: Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին ԱՄՆ նախագահն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը:
«Սիվիլնեթի» քաղաքական մեկնաբան, քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց.
– Առայժմ դժվար է ասել, թե Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո տարածաշրջանում ինչ զարգացումներ կլինեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անկանխատեսելի գործչի համբավ ունի: Բացի այդ, ինչպես նախորդ նախագահների դեպքում տեսանք, նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահի թեկնածուների բազմաթիվ հարցերի հետ կապված խոստումները ի չիք են դառնում, երբ նրանք հայտնվում են Սպիտակ տանը: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, չեմ կարծում, որ էակական փոփոխություններ տեղի կունենան, դրանք կշարունակվեն այնպես, ինչպես մինչ այս էին: Քանի որ Հայաստանը միջազգային հարաբերություններում այն երկիրը չէ, որի հետ պետք է հատուկ քաղաքականություն կառուցել: Սակայն Հայաստանի վրա ամերիկյան քաղաքականության փոփոխությունը կարող է եւ միջնորդավորված լինել՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխություններով պայմանավորված: Մոսկվայում շատերը հույս են կապում, որ Թրամփը որոշակի քայլեր կանի` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով: Դժվար է ասել, թե Թրամփին որքանով կհաջողվի այդ կարգավորումներն անել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահն այդքան էլ չի կարող ընդունել միանձնյա որոշումներ, քանի որ այնտեղ գործում են զսպման եւ հակակշռման շատ կոշտ մեխանիզմներ: Հետեւաբար, եթե նույնիսկ Թրամփը ցանկանա ՌԴ-ի հետ բարելավել հարաբերությունները, նա պետք է կարողանա հաղթահարել ամերիկյան պետական ապարատի այն գործիչների դիմադրությունը, ովքեր դեմ են դրան: Բացի այդ, այստեղ կա Եվրոպայի գործոնը, որը շատ է անհանգստացած Թրամփի հաղթանակով: Հետեւաբար, դժվար է ասել, որ առաջիկա ժամանակահատվածում կտրուկ փոփոխություններ տեղի կունենան ռուս-ամերիկյան հարաբերություններում: Հույսեր կան, որ փոփոխություն կլինի դեպի դրականը, որը էականորեն արդեն կազդի Հայաստանի տնտեսության վրա: Որովհետեւ Ռւսաստանում տնտեսական վիճակի բարելավումն ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի բնակչության կենսամակարդակի վրա:
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, քաղաքական եւ միջազգային փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ նշեց.
– Այսօր Ռուսաստանը Ամերիկայի հետ հարաբերությունները բարելավելու համար ունի մեծ հնարավորություններ: Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններն այնպես կարգավորվեն, որ մեր տարածաշրջանում ամերիկացիներն իրենց դիրքերը զիջեն ռուսներին, ապա իրավիճակը կտրուկ կվատանա կովկասյան ճակատում: Իսկ թե ԱՄՆ նոր նախագահը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե` ոչ, կասեմ հետեւյալը. Ամերիկան կգնա այդ քայլին միայն այն դեպքում, եթե դրանից բխում է իր շահը, եւ կլինի քաղաքական անհրաժեշտություն: Երբ Ամերիկան կտրուկ որոշում ունենա Թուրքիայի հետ հարաբերություններում եւ ցանկանա այդ երկրի դերի նվազեցումն այս տարածաշրջանում, այն ժամանակ էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА