ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ՊԵՏՔ ՉԷ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼ` ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

01.04.2016 14:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ՊԵՏՔ ՉԷ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼ` ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Երեկ ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովում լսվեց ընդամենը մեկ հարց: Այն ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով առաջարկում է բարձրագույն ուսումնական հաստատություններին առավելագույնս հեռու պահել քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցությունից: Թ.Պողոսյանն իր տեսակետը բացատրում է նրանով, որ նեկայումս գրեթե բոլոր բուհերի խորհուրդների նախագահներն իշխող կուսակցության ներկայացուցիչներ են, որն էապես ազդում է տվյալ բուհի գործունեության, մամուլի եւ հասարակական ընկալման վրա: Ուստիեւ՝ Պողոսյանն առաջարկում էր օրենքով արգելել որեւէ պաշտոնյայի կամ որեւէ կուսակցության ղեկավար կառույցի անդամի՝ լինել նաեւ որեւէ բուհի խորհրդի անդամ եւ եղածներին էլ փոխարինել անկուսակցական գիտնականներով:

ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ արձագանքելով` իր ելույթում ընդգծեց. «Պետք է չհամաձայնեմ այն դրույթներին, որոնք առաջադրել եք: Նախ ասեմ, որ մամուլի հրապարակումներին պետք է շատ ուշադրություն հատկացնել, բայց մամուլին հաճոյանալը չդարձնել  գերնպատակ: Իսկ այն համակարգը, որի մասին խոսում ենք, ունի իր զարգացման, իր աշխատանքային ներքին տրամաբանությունը, որը չպետք է հարմարեցվի այս կամ այն հրապարակմանը կամ տեսակետին: Կարծում եմ՝ ապաքաղաքականացումը եւ ապակուսակցականացումը տարբեր գաղափարներ են: Եթե, որպես սկզբունք գործ ունենք նրա հետ, որ պետք է բուհը զերծ մնա քաղաքական պրոպագանդայից եւ քաղաքական աշխատանքից, դա չի ենթադրում, որ հարցը պետք է տեղափոխել անձերի, կուսակցականության կամ զբաղեցրած պաշտոնների հարթություն: Առավել եւս, որ եթե բուհի խորհրդի անդամ են լինում երկրի հայտնի քաղաքական, պետական, կուսակցական գործիչներ, դրանից միայն օգտվում է բուհը: Խոսքը միայն ուսումնական ծրագրերի, պլանների մասին չէ, որտեղ պետք է գործ ունենանք համապատասխան ճյուղի գիտնականների հետ, այլ նրա, որ բուհերն ունեն նաեւ վարչական, ուսաշխատանքները կազմակերպելու, միջազգային կապեր հաստատելու եւ ֆինանսներ հայթայթելու խնդիրներ եւ այլն: Գիտական աշխատանքը, որը շեշտում եք, առաջին տեղում է`  ակադեմիական ինստիտուտի պարագայում, բայց բուհերը նախ ուսումնական հաստատություն են: Եթե մենք առաջ գնանք Ձեր ասած տրամաբանությանբ, այսինքն՝ բուհերի խորհրդի անդամներին` կուսակցական պատկանելության համար, ինչ-որ տեղ սկսենք նաեւ հետապնդել: Եթե խոսքը ուսանողներին քաղաքականությունից զերծ պահելու մասին է, ապա  պետք է առաջին հերթին սկսեք ռեկտորներից, քանի որ իրենց ազդեցությունն ուսումնական պրոցեսի, ուսանողների դաստիարակության վրա շատ ավելի մեծ է, քան  խորհրդի անդամներինը: Այդպես՝ հետո կանցնեք ամբիոնի վարիչներին, դեկաններին, այնուհետեւ՝ դասախոսներին, ու կստացվի բուհական կուսակցաթափություն: Այո, կան դասախոսներ ¥իսկ ես 5 տարի եղել եմ ամբիոնի վարիչ եւ լավ գիտեմ¤, մտնում էին լսարան ու սկսում պրոպագանդել իրենց քաղաքական տեսակետները: Բայց նաեւ լինում է, որ կուսակցության անդամներ չեն, բայց էլի իրենց քաղաքական հայացքներն են քարոզում: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է ուսանողին զերծ պահենք պրոպագանդայից, որը կարող է անել ե՛ւ կուսակցականը, ե՛ւ ոչ կուսակցականը, աղանդավորը, մասոնը եւ այլն: Այսինքն՝ պետք է հետեւել, որպեսզի դասախոսը լսարանում զբաղվի իր աշխատանքով՝ ուսումնական պլանի համեմատ, այլ ոչ թե մարդկանց հետապնդենք իրենց կուսակցական պատկանելության համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ որեւէ մեկը չպետք է մտնի լսարան, եթե ունի որեւէ կուսակցական պատկանելություն կամ պարզապես համոզմունք»:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ մենք ի վերջո գնում ենք դեպի կուսակցական ինստիտուտի ամրապնդման, ինչը ենթադրում է պառլամենտական կառավարման ձեւը, որը նշված է մեր Սահմանադրությունում. «Բայց ստացվում է, որ միաժամանակ առաջարկվում է թուլացնել կուսակցությունները: Պատկերացրեք մի գիտնականի կամ լավ դասախոսի, որը միաժամանակ հասարակական կարգով որեւէ կուսակցության վարչության անդամ է, եւ եթե ընդունենք նման օրենք, ապա նա ստիպված կամ պետք է դուրս գա իր դասախոսական աշխատանքից  կամ դուրս գա կուսակցությունից: Բայց կուսակցություններին զրկել նման կադրերից, ովքեր հասել են նրան, որ այսօր հանդիսանում են բուհերի խորհրդի անդամ,  ճիշտ չէ: Մեր կուսակցությունները պետք է հագեցած լինեն գիտնականներով, դասախոսներով, մտավորական  անձանցով, ովքեր ունեն հարգանք` հենց կրթական համակարգում: Այնպես որ, գտնում եմ, որ կուսակցությունների ամրապնդման խնդիրը նույնպես պետք է դարձնենք մեր քաղաքական ուղեցույցը եւ գնանք այդ ուղղությամբ»,- եզրափակեց Հ. Բաբուխանյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА