ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԴԵՌ ԶԵՐԾ ԿՄՆԱ

25.10.2016 19:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԴԵՌ ԶԵՐԾ ԿՄՆԱ

ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման սկզբից ի վեր այն տեսանելի շեշտադրումն է կատարում, որ իր նշանակումը չպետք է կապել հայտնի աշխարհաքաղաքական գործոնների հետ: Բայց նաեւ միշտ էլ գործել եւ գործելու է հայտնի տրամաբանությունը՝ եթե դու չես զբաղվում կոնկրետ դեպքում՝ աշխարհաքաղաքականությամբ, ապա աշխարհաքաղաքականությունն է զբաղվում քեզանով:
ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ 
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԵԼ, ԲԱՅՑ...
Հասկանալի է, ասվածն առավել եւս վերաբերում է ՀՀ վարչապետին, անկախ այդ պաշտոնն ով է զբաղեցնում: Օրինակ՝ վարչապետն ի՞նչ կարծիքի է Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամ լինելու մասին. միայն այդ հարցի նկատմամբ դիրքորոշումը բավական է ցանկացած անձի, առավել եւս՝ վարչապետին աշխարհաքաղաքական բարիկադների այս կամ այն կողմում «տեղավորելու» համար, եթե նույնիսկ չցանկանաս բարիկադների եւ ոչ մի կողմում լինել: Եվ ահա Կ. Կարապետյանն էլ հեռուստաընկերություններին տված իր հայտնի հարցազրույցում ներկայացրեց իր տեսակետը: Թեեւ, ըստ նրա՝ «Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական», բայց ԵՏՄ պետք էր մտնել՝ «Իմ համոզմունքով՝ այո...»: Ճիշտ է, այդ համոզմունքի տակ վարչապետը տնտեսական բացատրություն դրեց՝ «շուկան մեծանում է, մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է», սակայն մեկ է՝ բարիկադների այն կողմից նայում են բուն փաստին՝ որ դիրքում ես կանգնած եւ ոչ թե՝ ինչու ես այնտեղ:
Համենայնդեպս, եթե մինչ այս մեր տեղական նշանակության արեւմտամետների մոտ դեռ որոշակի սպասողական վիճակ էր զգացվում՝ մեկ-մեկ «կանխարգելող-նախազգուշացնող» հայտարարությամբ հանդերձ, հիմա պետք է, որ սկսեն աստիճանաբար մեծացնել ճնշումները: Իմաստն էլ կարելի է հասկանալ: Նախ՝ նոր վարչապետը չի էլ թաքցնում, որ գնում է կառավարման համակարգի խորքային փոփոխությունների: Իսկ դա նշանակում է՝ ոչ վստահելիների կամ՝ կիսավստահելիների փոխարեն համակարգը համալրել վստահելի եւ համախոհ կադրերով: Դա, հասկանալի է, արեւմտամետ դաշտի մոտ չի կարող առաջ չբերել այս մտավախությունը՝ այդ համախոհությունը հազիվ թե չվերաբերի նաեւ այնպիսի կարեւորագույն հարցի, ինչպիսինն է ԵՏՄ-ն: Եվ եթե կառավարման համակարգը համալրվում է այդ դիրքորոշմամբ կադրերով, ապա դա առնվազն ծանր սպառնալիք է տարիների ընթացքում նույն համակարգ ներմուծված «6-րդ շարասյուն» ասվածի համար: Ընդ որում, եթե անգամ այդ «շարասյան» կադրերի մի մասին հնարավոր լինի ֆիզիկապես պահել իրենց դիրքերում, ապա մեկ է, նրանք հիմնականում կզրկվեն նախ՝ ֆինանսական հոսքերի կառավարման եւ ուղղորդման հնարավորությունից:Երկրորդը՝ կդժվարանան նաեւ պետք եղած պահին ասենք՝ «տակից» սաբոտաժային գործողություններով պետական գործընթացներն ուղղորդելու հնարավորությունից: Երրորդը՝ կբարդանա նաեւ ավելի տեսանելի դաշտում գործող «5-րդ շարասյանը» հարկ եղած պահին օժանդակելու հարցը եւ այդպես շարունակ: Իսկ այդ դետալների հանրագումարում՝ ոչ միայն ռիսկի տակ է դրվում Հայաստանն Արեւմուտքից «տակից» կառավարելու տարիներով կառուցված մեխանիզմները, այլ նաեւ նկատելիորեն թուլանում է անհրաժեշտության դեպքում ուղղորդիչ «գունավոր» նախազգուշացումներ կամ հարվածներ հասցնելու պոտենցիալը:
Կարճ ասած՝ առկա է նման տպավորությունը, որը նաեւ հետեւյալ հարցի տեսքով ուղղվեց արեւմտյան «քյարթու ծանր հրետանու» համարում ունեցող Ռիչարդ Կիրակոսյանին՝ «Կա կարծիք, որ հայաստանյան քաղաքական «իսթեբլիշմենթում» ռուսական «ծագման» կուսակցությունները փորձում են  գրավել եւ դաշտից դուրս մղել պրոարեւմտյան քաղաքական ուժերին: Հայտնի է, որ բազմաթիվ նոր կուսակցություններ են բացվում»: Պարոն Կիրակոսյանը, հասկանալի է, փորձում է հույսեր տալ, թե՝ «Այն փաստը, որ նոր վարչապետը Երեւան է ժամանել Մոսկվայից, դա դեռ չի նշանակում...»: Բայց նրա միայն մեկ բառը ցույց է տալիս, որ այս նոր իրավիճակից ակնհայտորեն նյարդայնանում է: Այսպես՝ «Մամուլում շրջանառվում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող պաշտոնավարել Հայաստանում 2017-ից հետո» հարցին նա միայն արձագանքում է՝ «Հուսանք»: Բայց ինչո՞ւ պետք է «Ամերիկայեն եգած» եւ իրեն որպես օբյեկտիվ վերլուծաբան ներկայացնող Ռիչարդը դեռ հազիվ իր պաշտոնավարումը սկսած, վարչապետի հեռանալը «հուսա», այսինքն՝ իր համար երազանք սարքի. հարցի տրամաբանական պատասխանը դժվար չէ կռահել:

ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔ ՉԳՆԵԼՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԴԵՌ ԻՐԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՅՄ-ԱՈՒՏ
Այսպիսով այն, որ այս վերջին մեկ-երկու ամիսներին ներհայաստանյան այս գործընթացների շուրջ ընթանում են ակտիվ արտաքին վերադասավորումներ, ակնհայտ է: Ավելի կոնկրետ՝ Արեւմուտքն անհանգստանալու առիթ իրոք ունի: Համենայնդեպս՝ որոշ փաստեր արժե հիշեցնել. նախ՝ Հայաստանը գնաց ՌԴ-ի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման: Դրան անմիջապես հաջորդեց միասնական զորախմբի ստեղծման ու «Իսկանդերային» շոկը: Եվրամիության հետ Հայաստանի ասոցացմանը փոխարինելու եկած պայմանագիրը, որ այս օրերին էլ ակտիվ քննարկման փուլում է, չի կարող լուրջ պատասխան լինել: Այն պարզ պատճառով, որ այդ փաստաթուղթը ուզած-չուզած՝ հաշվի է առնելու ԵՏՄ-ի գործոնը, այսինքն՝ ասոցացման տխրահռչակ պայմանագրի օրինակով չի կարող Հայաստանին «կա՛մ-կա՛մ»-ի առաջ կանգնեցնել: Առավել եւս, եթե դրան էլ ավելացնենք Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի տեսակետը Եվրամիության ներկայիս վիճակի մասին՝ «Եթե մենք մոռանանք, թե ինչու է թանկ ԵՄ-ն, այն կմեռնի»:
Իսկ առանց այդ ճնշիչ լծակի՝ ԵՄ-ի, Հայաստանում ստեղծված այդ իրավիճակին Վաշինգտոնի ռեալ պատասխանի միակ տարբերակը «գունավոր հեղափոխության» սպառնալիքն էր՝ առաջիկա ԱԺ ընտրություններում այն կրկնելու հեռանկարով: Բայց ահա այս ներքին գործընթացները կարող են նաեւ այդ հեռանկարները զրոյացնել: 
Հանրագումարում՝ ԱՄՆ-ի համար կա՞ այլ հնարավորություն՝ Հայաստանին ԵՏՄ-ից եւ առաջին հերթին՝ ռուսներից հեռու պահելու համար: Այս պահին այդ հարցի պատասխանը նաեւ նոյեմբերի 8-ի ամերիկյան ընտրություններից է կախված: Այսինքն՝ Վաշինգտոնը նոր նախագահի օրոք էլի նույն սրությամբ օրակարգում կպահի՞ ներկայիս բոլոր դիրքերում, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում Մոսկվայի հետ ներկայիս թեժությամբ հակամարտելու հարցը: Հասկանալի է՝ վատթարագույն սցենարը կդառնա Հիլարի Քլինթոնի հաղթանակը, եթե նաեւ նա հիշի եւ փորձի կիրառման մեջ դնել դեռ պետքարտուղար աշխատած ժամանակների ծրագրերը՝ ամեն ինչ անել, որ ԵՏՄ-ի ստեղծումը թույլ չտա: 
Սակայն նույնիսկ մեզ համար նման բացասական սցենարի դեպքում, թե ինչպես կարող է Վաշինգտոնը Հայաստանին ամրագրել իր ազդեցության գոտում, էլի մնում է անտեսանելի: Իհարկե՝ համեմատաբար մանր հարվածներ եղել են եւ կլինեն: Այդ թվում՝ կարվի փորձ ներկայիս գերխնդիրը լուծելու, այն է՝ «6-րդ շարասյան» դիրքերը հնարավորինս պահելու ուղղությամբ: Սակայն հեռանկարային առումով դա էլ լուծում չէ, հաշվի առնելով, որ մինչ Հայաստանին հասնելը, Վաշինգտոնն այլ հատվածներում եւս դիրքերը վերականգնելու խնդիր ունի: Եվ առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի: Այն առումով, որ եթե անգամ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի համար հիմնական կիզակետային ուղղությունում՝ Մոսուլում հաջողություն արձանագրվի, դա ԱՄՆ-ի համար կարող է միանգամայն հակառակ էֆեկտն ունենալ: Նկատի ունենք, որ մեծ հարցականի տակ է, թե Իրաքն «Իսլամական պետությունից» իր տարածքներն ազատագրելուց հետո կնախընտրի Վաշինգտոնի՞, թե Թեհրանի եւ Մոսկվայի հետ հեռանկարային դաշինքը: Կամ նույնիսկ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակից Սաուդյան Արաբիան, որը, ինչպես այդ երկրի էներգետիկայի նախարարը նախօրեին հայտարարեց, նույնիսկ չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ քննարկել համաշխարհային նավթարդյունահանման ծավալների գերխնդիրը՝ նախապատվությունը տալով Մոսկվայի հետ բանակցություններին: Եվ, վերջապես, լուրջ կասկածի տակ է դրված նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների ապագան, ու ԱՄՆ-ի թուլության արդյունքում առաջացած այս տարածաշրջանային վակուումն ակտիվորեն լցնում է Մոսկվան եւ Պեկինը:
Այսպիսով, թե ով էլ դառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, նախ այս հիմնական ուղղությունների վրա է ստիպված լինելու կենտրոնանալ: Ընդ որում, մինչեւ չկարողանա լուրջ հաջողություններ արձանագրել հարավկովկասյան եւ հայաստանյան ուղղությամբ, առավելագույնը կարող է, այսպես ասած, կոսմետիկ բնույթի քայլերի գնալ: Ընդ որում, հարավկովկասյան ուղղությամբ նաեւ Թուրքիան այս պահին առանձնահատուկ ակտիվության հնարավորություններ չունի, այսինքն՝ Ղարաբաղի շուրջ եւս լուրջ ցնցումների հավանականությունը քիչ է: Իսկ այս ընդհանուր ֆոնը Հայաստանին խոստանում է աշխարհաքաղաքական առումով հարաբերականորեն կայուն ժամանակահատված, որից կարող է օգտվել՝ ներքին իրավիճակը հնարավորինս կարգի բերելու համար: Բայց նաեւ հաշվի առնելով, ար ամեն պահի իրավիճակը կարող է նորից գլխիվայր շրջվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Միխաիլ Սահակաշվիլին ժամանել է Նիդեռլանդներ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА