ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի ունեցավ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան` նվիրված Գ. Գրիգորյանի հիշատակին

23.10.2016 15:39 ՄՇԱԿՈՒՅԹ
Տեղի ունեցավ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան` նվիրված Գ. Գրիգորյանի հիշատակին

 Հոկտեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան` նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ խոսքով` նշանակվելով օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջին նպատակներից մեկը «Տոսկա» օպերայի բեմադրությունն էր. «Ցավալի է, որ այսօր Գեղամը չկա, մենք` թատրոնի աշխատակիցներով պարտք համարեցինք բեմադրել օպերան `ի հիշատակ մեր ընկերոջ: Պրեմիերան թատրոնի համար մեծ իրադարձություն է, բոլորս երկար պատրաստվել ենք: Ստեղծագործական անձնակազմը ջանք չի խնայել, որպեսզի ներկայացումը լինի բարձր մակարդակի»,-նշեց Ա. Արզումանյանը եւ շնորհակալություն հայտնեց ստեղծագործական անձնակազմին:

Ներկայացման բեմադրող ռեժիսոր ՆԱԻՐԵ ՍՏԵՓԱՆՅԱՆն է, ով մեծ պատասխանատվությամբ է բեմադրել օպերան. «Ինձ համար սա մեծ պատիվ է մեր օպերայում բեմադրել «Տոսկան», հատկապես, որ այն կապված է Գեղամ Գրիգորյանի հետ: Օպերան բեմադրել եմ արդիական, այնտեղ կարող եք տեսնել այլ ժանրերի խառնուրդներ, այն դինամիկ է, կարծում եմ` մեր հանրության համար հետաքրքիր կլինի»,-ընդգծեց Ն. Ստեփանյանը:

Բեմադրման աշխատանքներին մասնակցել է նաեւ Ռուսաստանից  հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաեւը:

Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի եւ Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում եւ ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեկան դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջևեւ լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА