o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ինչու թուրք իմամն անիծեց Աթաթուրքին եւ ում դեմ էր ուղղված Սուրբ Սոֆիայում բարձրացված յաթաղանը

01.08.2020 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ինչու թուրք իմամն անիծեց Աթաթուրքին եւ ում դեմ էր ուղղված Սուրբ Սոֆիայում բարձրացված յաթաղանը

Թուրքիայի բացահայտ ռազմատենչ հայտարարությունները, քայլերն ու Ադրբեջանի հետ համատեղ լայնածավալ զորավարժությունները Նախիջեւանում, ի վերջո, Հայաստանի՞ դեմ է ուղղված, թե՞ ՌԴ-ի: Սա մե՞ր կռիվն է, թե՞ Ռուսաստանի՝ հաշվի առնելով որն էր այս ուղղությամբ Թուրքիայի առաջին քայլը: Հիշենք, որ ականջալուր չլինելով որեւէ հորդորի՝ Թուրքիան Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածեց մզկիթի, ընդ որում՝ այն ոչ թե կաթոլիկ, այլ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող հոգեւոր կենտրոն էր: Այս եւ Սուրբ Սոֆիայի եկեղեցին մզկիթի վերածելու արարողության, ավելի ճիշտ՝ սրբապղծության ուշագրավ դրվագների մասին, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

Թուրքիան սադրում է Ռուսաստանի բանակին

- Պարոն Մելքոնյան, Սուրբ Սոֆիայի եկեղեցին մզկիթի վերածելու արարողության ժամանակ թուրք իմամը յաթաղան բարձրացրեց: Ո՞ւմ դեմ էր այն ուղղված՝մե՞ր, թե՞ Ռուսաստանի:

- Թուրքական հավաքական մտածողության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը մեկ հարթության մեջ են ընկալվում, ինչը դրսեւորվել է տարբեր պաշտոնյաների, նախագահների հռետորաբանության մեջ: Օրինակ, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը ասում էր. «Հայկական հարցն ինքնին մեծ հարց չէ, բայց մեծ քաղաքականության հարց է»: Այսինքն՝ ձեւակերպումը հետեւյալն է, որ Հայաստանն առանձին մեծ խնդիր չէ Թուրքիայի համար, որպեսզի լուծի այն ռազմական ճանապարհով, բայց Հայաստանը հայ-ռուսական ընդհանուր խնդրի մի մասն է կազմում:

Ինչ վերաբերում է նրան, թե սա մեր խաղն է, թե՝ ոչ, մենք ակամա՝ ուզած-չուզած մեծ խաղի մի մասն ենք կազմում՝ երբեմն որպես օբյեկտ, երբեմն՝ սուբյեկտ: Լինելով այս տարածաշրջանում՝ չենք կարող այդ մեծ խաղի մասը չլինել, որովհետեւ այդ խաղն ուղղակիորեն մի մասով վերաբերում է մեզ: Ինչպես ասում են՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Այնպես որ, եթե մենք այս խաղի մաս չենք, ապա անպայմանորեն այս խաղը մեզ մի օր վերաբերելու է:

Անդրադառնալով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն, իմ մասնագիտությունն ինձ թելադրում էր մի փոքր այդ հարցում ռոմանտիզմի կամ ասպետականության գիրկն ընկնել, որովհետեւ մտածում էի, որ առաջին հերթին, այո, Ռուսաստանը պետք է պահանջատեր եւ հասցեատեր լինի: Ինչպես Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրների համար վերջնական նպատակը եղել է Երուսաղեմի սուրբ տարածքների ազատագրումը, այնպես էլ Ռուսաստանի կայսերական պատմության մեջ բոլոր ռուս-թուրքական պատերազմերի գաղափարական հիմքում եղել է Կոստանդնուպոլիսը եւ Սուրբ Սոֆիայի գրավումը: Նույնիսկ Սուրբ Սոֆիայի մանրակերտը պահվել է կայսրերի մոտ, առասպելներ կան այդ մասին, կայսերական ընտանիքում բազմաթիվ մարդկանց անվանել են Կոնստանտին՝ այն նպատակով, որ ազատագրեն Կոստանդնուպոլիսը եւ նրանց թագադրեն: Ի վերջո, Ռուսաստանն իր քաղաքական, պատմական ինքնության մեջ իրեն համարում է երրորդ Հռոմ, Բյուզանդիայից հետո՝ երկրորդը: Այս իմաստով՝ այո, հասցեատեր կարող էր լինել Ռուսաստանը:

- Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ չեղավ այդ հասցեատերը:

- Այստեղ կարող ենք երկու հանգամանք ֆիկսել. առաջինը՝ Խորհրդային շրջանում, այսինքն՝ ռուսական կայսրության անկումից հետո՝ այս պետական մտածելակերպն, ըստ էության, դադարել է գոյություն ունենալ: Երեւի աթեիզմի եւ այլնի ազդեցության տակ այլեւս Սուրբ Սոֆիան Խաչակրաց արշավանքների նման վերջնակետ չէ: Եվ երկրորդ՝ ներկայիս Ռուսաստանը ռուս-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ավելի ռեալ քաղաքական, տնտեսական շահերով: Ցավոք, մշակութային բաղադրիչը մղված է երկրորդական-երրորդական հարթություն: Չկա այդ մշակութային բաղադրիչը, որ, օրինակ, ռուսական հուշարձանների պղծման համար Ռուսաստանը շատ մեծ ճնշումներ գործադրի Թուրքիայի նկատմամբ: Իսկ նման փաստեր բազմաթիվ են. նույն Կարսում ռուսական եկեղեցիները վերածված են մզկիթի, Սուրմալույում, Սարի Ղամիշում ռուսական կայսրերի որսորդական պալատը պղծված է: Այդ մշակութային եղեռնը նաեւ ռուական մշակույթի հանդեպ է եղել, կոնկրետ՝ Կարսում, Սարի Ղամիշում, Էրզրումում, որտեղ ռուսական ազդեցություն է եղել: Բայց սա ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգում, փաստորեն, չկա, եւ Սուրբ Սոֆիայի հարցն էլ այդ նույն կոնտեքստում տեղավորվեց: Բավարարվեցին հայտարարություներով, տարատեսակ պահանջներով եւ Թուրքիան էլ համաձայնեց կոմպեսացնել: Մոտ օրերս Տրապիզոնում ուղղափառ աշխարհի համար շատ կարեւոր տաճար են վերաբացելու: Եվ հիմա թուրքական պաշտոնական քարոզչամեքենան հակադարձում է՝ ասելով, որ Սուրբ Սոֆիան վերցրել ենք, բայց փոխարենը մյուս կարեւոր քրիստոենական տաճարը բացում ենք, որ վատը տեսնում եք, լավն էլ ասեք:

Ռուսաստանը պատենտավորել է կորոնավիրուսի դեմ պրեպարատը

- Սուրբ Սոֆիայում, արդեն որպես մզկիթի, առաջին արարողության ժամանակ թուրք իմամը նզովեց Աթաթուրքին: Ինչպե՞ս սա հասկանալ:

- Սա շատ խորքային մի երեւույթի մաս է կազմում կամ այսբերգի երեւացող հատվածն է: Աթաթուրքը աշխարհիկ պետության հիմնադիրն ու ջատագովն է: Եթե Սովետական միությունում աթեիզմն էր գլխավոր գաղափարախոսություններից մեկը, ապա Աթաթուրքի Թուրքիայում աշխարհիկությունն էր, որտեղ պետությունն անջատված էր եկեղեցուց, կրոնից, հետեւաբար կրոնի դերն էականորեն ստորադասված էր: Եվ թուրքական հասարակությունում սա ցավոտ է ընկալվում, որովհետեւ Թուրքիան 16-րդ դարից սկսած մինչեւ 1924 թվականը համարվել է նաեւ խալիֆայություն: Այսինքն՝ համայն մուսուլման աշխարհի հոգեւոր կենտրոն: Խալիֆը, որը, միեւնույն ժամանակ, սուլթանն էր, համայն մուսուլման աշխարհի հոգեւոր առաջնորդն էր: Աթաթուրքը, փաստորեն, վերացրել է խալիֆայությունը եւ խալիֆի ինստիտուտը, թուլացրել կրոնի դերը եւ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը համարվում է իսլամի հաղթանակը քրիստոնեության նկատմամբ, դարձրել էր թանգարան: Իսլամական տեսանկյունից նա նզովքի արժանի է, եւ սա նաեւ թուրքական իսլամամետ հասարակական, քաղաքական շրջանակների համատեղ գնահատականն է, որով Քեմալի ստեղծած  պետությունը եւ հանրապետության որոշակի տարիներ համարում են անհավատ հանրապետության շրջան, որտեղ իսլամի դերը նվազված էր: Ուստի՝ ցանկացած իսլամ դավանող հոգեւորական պետք է նզովի այն շրջանը եւ այն մարդկանց, որի ժամանակ տեղի է ունեցել իսլամի հետընթաց: Եվ սա այսօր Թուրքիայիում եւս մի տաբու կոտրելու ցուցիչ է, որտեղ ակտիվ հասարակական քննարկման առարկա է դարձել այդ նզովքը, Աթաթուրքի կերպարը, ում հետ Էրդողանը երկար ժամանակ մրցում էր եւ հիմա էլ հաղթում է Աթաթուրքի աշխարհիկ կերպարին՝ դառնալով նոր, էրդողանական Թուրքիայի խորհրդանիշ եւ գլխավոր առանցք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА