o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՆՔՆ Է ՔԱՆԴԱԿՈՒՄ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԵՐԲ ՈՐ ՔԱՆԴԱԿԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է, ԻՆՔՆ ԱՐԴԵՆ ՉԿԱ», ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

03.07.2020 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՆՔՆ Է ՔԱՆԴԱԿՈՒՄ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԵՐԲ ՈՐ ՔԱՆԴԱԿԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է, ԻՆՔՆ ԱՐԴԵՆ ՉԿԱ», ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան: «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին մեկ առ մեկ»,- ասել է Մհեր Մկրտչյանը: Այո, մենք սիրում ենք նրան, քանի որ այն անկեղծությունն ու էներգիան, որ մեզ հաղորդվում է էկրանից, գրավում է մեր սրտերը եւ տակնուվրա անում հոգիները: Բախտավոր են այն մարդիկ, ովքեր ճանաչել են նրան: Այսօր նրա մասին պատմում են մտերիմները:

«Ֆրունզիկն ինձ մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել, օրինակ՝ «ցավդ տանեմ»-ը»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (Տեսանյութ)

 

 

ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ (Հայաստանի ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար)

-Մհեր Մկրտչյանը` երիտասարդ տարիքում Ֆրունզիկը, ինձ համար անկրկնելի դերասաններից էր: Ամպագոռգոռ թող չհնչեն իմ բառերը` իսկապես անկրկնելի արտիստ էր: Այսպիսի մի դեպք եմ հիշում: Տարիներ առաջ էր: Ես թատրոնի աշխատասենյակում էի, ինձ մեր թատրոնի տոմսարկղից զանգեցին եւ ասացին. «Մհեր Մկրտչյանն այստեղ է եւ ուզում է բարձրանալ Ձեզ մոտ»: Ասացի` շտապ ուղեկցեք: Շատ զարմացա` ինչի՞ պիտի Մհեր Մկրտչյանը գար թատրոն` ինձ տեսնելու: Քիչ հետո մտավ սենյակ: Գրկախառնվեցինք, իրար երկար նայեցինք, որովհետեւ երկար ժամանակ չէինք տեսել իրար: Նա շատ անմիջական, մարդամոտ անձնավորություն էր, կարծում եմ, նրանց համար, ում ինքն իսկապես հավատում էր: Ասացի. «Մհեր ջան, ինչո՞ւ ես եկել հասել այստեղ: Կզանգեիր, ես կգայի քեզ մոտ»: Ասաց. «Արմեն ջան, մի շատ կարեւոր խնդրանքով եմ եկել քեզ մոտ»: Ու տեսա լռեց. Ասում եմ` «Մհեր ջան, ի՞նչ խնդրանք, դու կարող ես ինձ ինչ- որ պետք է ասել, եւ ես քո ասածը կկատարեմ»: «Ճի՞շտ ես ասում: Արմեն ջան, եկել եմ խնդրելու, որ ինձ համար մեր թատրոնում Շանթի «Կայսրը» բեմադրես, կանե՞ս»,- ասաց իրեն հատուկ ինտոնացիայով: Ասացի` իհարկե, քո պես արտիստի հետ աշխատելն ինձ համար միայն մեծ հաճույք կլինի: Նորից ասաց. «Ճի՞շտ ես ասում»: Ասացի` այո՛: Ու պատկերացրեք, այդ հսկա մարդը, որ ջերմ, մաքուր անհատականություն էր, հանկարծ արցունքներ հոսեցին նրա այտերին: Ցավոք, դրանից մի քանի ամիս հետո նա հոգին ավանդեց: Չհասցրինք միասին գործ անել: Շատ ծանր կյանք ունեցավ, դա բոլորը գիտեն, բայց նրան երբեք այդ ծանր կյանքի դժբախտություններն ու դժվարությունները չար մարդ չդարձրին: Մնաց նույն բարի, հսկայական անհատականությունն ու անձնավորությունը: Ինչո՞ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից:

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

 

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ (Հայաստանի ժողովրդական արտիստ, հումորիստ, դերասան)

- Բոլորը գիտեն, ես միշտ եմ դա ասել, որ Մհեր Մկրտչյանն իմ կուռքն է: Ես երազել եմ նրան կյանքում գոնե մեկ անգամ մոտիկից տեսնել, ու այնպես ստացվեց, որ մենք դարձանք մտերիմ ընկերներ: Ես ոչ իր աշակերտն եմ եղել, ոչ ուսանողը, բայց նրանից շատ բան եմ սովորել: Նրա դերասանական արվեստը մի մեծ հանրագիտարան է, որից մինչեւ հիմա մարդիկ կարող են սովորել, տեսնել, լսել եւ իմանալ` բառիս բուն իմաստով պրոֆեսիոնալ ու մեծ տրագիկոմիկ: Թատերական ինստիտուտում էի սովորում, Վարդան Աճեմյանի կուրսում: Աճեմյանը մեզ տանում էր Սունդուկյանի թատրոն, մենք այնտեղ մասսայական տեսարաններում էինք խաղում: Վ. Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացման մեջ ինձ գլխավոր դեր տվեցին: Շաքե Թուխմանյանի, Սոս Սարգսյանի եւ Գ. Ջանիբեկյանի հետ խաղում էինք: Հետո Մհերը Մկրտչյան (այն ժամանակ Սունդուկյանի անվան թատրոնում ստուդիա կարայդ ստուդիայի ուսանողների հետ բեմադրեց Մ. Գորկու «Հատակումը»: Երկու հոգի պակասում էր: Ալյոշայի դերը տվեցին ինձ: Ու ես խաղում էի այդ դերը: Շատ լավ ներկայացում էր, շատ լավ էր բեմադրել ինքը: Քանի որ այն ժամանակ մեը տները քանդեցին, հայր էլ չունեի, մորս հետ վարձով էինք ապրում, գնում էի խմբերի հետ ելույթների, փող էի աշխատում: Այնպես էր լինում, որ մի քիչ շատ էի բացակայում: Օրերով հյուրախաղերի էի գնում: Մի օր գալիս տեսնում է` չկամ: Ասում է` Աշոտն ո՞ւր է, ասում են` չգիտենք, այսօր չի եկել: «Լավ, իմացա, երեւի ինձ հետն առել տարել է գաստրոլների, որովետեւ իր նմանակումները շատ էի անում համերգների ժամանակ»: Մի տարի Լոս Անջելես էի հրավիրված, Խոստիկյանի հետ հյուրախաղերի էինք մեկնել, ինքն էլ առանձին էր եկել Կիրովականի, Երեւանի թատրոնի դերասանների հետ: «Պաղտասար աղբարն» էր բեմադրել, ու ինքն էլ հենց Պաղտասար աղբարն էր խաղում: Մի անգամ ասել էր` լսել եմ Աշոտն այստեղ է, իրեն գտեք, ասեք թող գա: Եկան ինձ գտան եւ ասացին` Ֆրունզիկը քեզ ուզում է տեսնի, մի տեղ հավաքված ենք լինելու, ուզում է, որ դու էլ լինես: Ու սկսեց կենացս խմել: Հիմա անհամեստություն կլինի, որ ասեմ, թե ինչեր ասաց կենացիս, բայց ասաց. «Ես մի քանի օրից գնում եմ Հայաստան, արդեն հյուրախաղերը վերջացրել եմ, գիտեմ, որ մի ամսից էլ դու ես գալու: Մի շատ լավ, հետաքրքիր սցենար կա, ես այդպես էլ պատկերացնում եմ, որ այդտեղ գլխավոր դերերը ես եւ դու պիտի խաղանք` երկուսով իրար հետ»: Չեմ կարող հիմա նկարագրել, թե ինչ կատարվեց իմ հետ: Ես երազել եմ իր կողքին կանգնեմ, նրան ձեռք տամ, շփվեմ հետը, ու հանկարծ այդ մարդն ասում է, որ գլխավոր դերերում պիտի լինենք ես ու դու: Այնքան էի ուրախացել, թռել ու համբուրում էի ճակատը: Դա իմ կյանքի ամենաուրախ օրն էր: Տխուր օրն էլ մի քանի օր հետո պիտի լիներ: Ավարտվեց այդ խնջույքը, շատ հետաքրքիր անցավ, բոլորս գոհ, ուրախ, երջանիկ գնացինք մեր հյուրանոցները, որ մի ամսից ես էլ էի գնալու, ինքը մի քանի օրից էր գնալու, գալու էինք հանդիպեինք, ասաց` դու էլ, ես էլ հովանավորներ կգտնենք, ու այդ ֆիլմը պիտի նկարվի: Մի քանի օր հետո ընկերներիցս մեկը եկավ` ասաց. «Իմացա՞ր` Մհեր Մկրտչյանը մահացել է»: Դա իմ կյանքի ամենատխուր օրերից մեկն էր, շատ վատ զգացի: Այդ հարցում իմ երազանքը չկատարվեց: Նոր տարվա հաղորդմանն էինք նկարահանվում ես ու Խոստիկյանը, Մհեր Մկրտչյանն էլ հիվանդանոցում պառկած էր, գրիժան էին վիրահատել: Մենք էլ այդ օրը նկարահանվում էինք, որ Նոր տարվան պիտի գնար եթեր: Մյուս օրն էլ միրգ, թխվածք վերցրինք, գնացինք տեսության: Ինձ ասաց` լսիր, դու գիտես չէ՞, որ ես ձայնով չեմ ծիծաղում, բայց այդ օրը ես ձայնով կչկչալով ծիծաղացել եմ: Այդ ինչ արեցիք, ես վախենում էի, որ կարերը քանդվեր: Իսկապես իրեն ծիծաղեցնելը շատ դժվար էր: Ամեն մարդ չէր կարող ծիծաղեցնել: Մի հետաքրքիր դեպք էլ իրենց ուսանողական կյանքից Արմեն Խոստիկյանն է պատմել: Ասում է` գնացել են հյուրախաղերի Ֆրունզիկը, Արմեն Խոստիկյանն ու Խորեն Աբրահամյանը: Հյուրանոցում երեքին մի համար են տվել: Պառկած են, Ֆրունզիկի քունը չի տանում, այս կողմ է թեքվում, այն կողմ է թեքվում, քնել չի կարողանում: Տեսնում է ոնց են սրանք խռմփացնում, նախանձում է: Վերջը գալիս է Խորեն Աբրահամյանին ասում է` Խորիկ, Խորիկ, տեսնում է Խորիկն արջի պես քնած է. վերջը սկսում է գոռալ` Խորի՜իկ: Խորիկը վեր է թռչում, ասում է. «Ի՞նչ ես ուզում, ի՞նչ է եղել»: Ասում է. «Խորիկ, այդ կեղտոտ Խոստիկյանը քեզ ուզում էր արթնացնել. չթողեցի»: Մենք շատ մեծ դերասաններ ենք ունեցել` Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան... Հիմա էլ շատ մեծ դերասաններ ունենք: Երիտասարդ են, բայց շատ հրաշալի են խաղում, եւ նրանց մեջ նկատվում է, որ թատրոնն ու կինոն ապագա ունեն: Բոլորին էլ սիրում եւ գնահատում եմ, բայց ինձ համար նա մնաց առանձին մի տեղում` որպես Մհեր Մկրտչյան:

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ մեծանուն դերասանը կդառնար 90 տարեկան

 

ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ (Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի)

- Ցավում եմ, որ բախտ չեմ ունեցել խաղալու Մհեր Մկրտչյանի հետ, որովհետեւ երկրում չեմ եղել: Նրա հետ ընդամենը երկու հանդիպում եմ ունեցել: 1980-ական թվականներին, երբ Ղարաբաղից եկանք հյուրախաղերի Լենինական, եղբորս բակում «Մեր մանկության տանգոն» էին նկարահանում: Ես Լենինականի թատրոնում Ռայա անունով դերասանուհի ընկերուհի ունեի: Նա խաղացել էր Ֆրունզիկի հետ նաեւ «Պաղտասար աղբարը» ներկայացման մեջ: Ռայայենց տանն էի, երբ Ֆրուզիկենք եկան սուրճ խմելու: Մենք ծանոթացանք: Կարծես շատ հարազատ մարդու հանդիպած լինեի: Սկսեցինք իրար հետ ծիծաղել, խոսել: Պատմեցինք մեր մանկությունից, մեր թաղի խաղերից: Շատ լավ մթնոլորտ ստեղծվեց: Հանկարծ շատ ուշադիր նայեց, նայեց, ասաց` ափսոսում եմ, որ քեզ չեմ տեսել բեմում, ինձ թվաց, թե քույրս ես, այս ինչ ձգողական ուժ կա քո մեջ: Տաղանդը Ֆրունզիկին շատ էր գեղեցկացնում: Նրա աչքերը ե՛ւ թախծոտ էին, ե՛ւ խեղճ, ե՛ւ ծիծաղկոտ: Տրագիկոմիկ դերասան էր: Նա շատ բնական էր, իսկ ես ընդունում եմ միայն այդպիսիններին: Նրա մարդ տեսակը մոտիկ է ժողովրդին: Շատ ժողովրդական էր: Ժողովրդի սրտից էր դուրս եկած: Նրա համար կարեւոր չէր, թե ինչ կերպար էր: Նա կերպարը դարձնում էր հագուստ: Ես պաշտում եմ նրան: Վատ է, որ այսօր չունենք նրան շարունակող դերասան:

Ինչո°ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից. Արմեն Խանդիկյանը` Մհեր Մկրտչյանի մասին

Ն. ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА