o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրատեսական է դառնում երկնիշ տնտեսական անկման մասին կանխատեսումը. ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ

30.06.2020 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իրատեսական է դառնում երկնիշ տնտեսական անկման մասին կանխատեսումը. ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ:
- Պարոն Արամյան, խնդրում ենք Ձեր կանխատեսումները` ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով հնարավոր տնտեսական ազդեցությունների վերաբերյալ:
- Նախ կցանկանայի սկսել գլոբալ աշխարհի տնտեսական իրավիճակի կանխատեսումներից, ի դեպ, այս առումով ամենաթարմ կանխատեսումները Արժույթի միջազգային հիմնադրամինն են (ԱՄՀ): Ասեմ որ ազդակները այդքան էլ հուսադրող չեն` ԱՄՀ-ն հերթական անգամ տվեց կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայի արդյունքում էլ ավելի վատատեսական կանխատեսումներ` հնարավոր համաշխարհային տնտեսական անկումն այս տարվա համար հասցնելով 4.9 տոկոսի: Ասեմ որ 2009թ.-ի գոլբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն աշխարհին արժեցել է 0.6 տոկոս անկում: Այսինքն` ներկայումս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ճգնաժամերի համեմատ ամենախորը անկումն է սպասվում: Ընդ որում, ի թիվս այլ երկրների, մեր տնտեսության համար կարեւոր տնտեսական դերակատարություն ունեցող ՌԴ-ի տնտեսության համար եւս տնտեսական հեռանկարները փոխվեցին դեպի ավելի վատի` -5.5%-ի փոխարեն այժմ կանխատեսվում է -6.6 տոկոս:
Ինչ է սա նշանակում մեզ համար: Ես շարունակում եմ պնդել իմ այն ասածը, որը բարձրաձայնել եմ դեռ երկու ամիս առաջ: Առ այն, որ ՀՀ կառավարության կողմից կանխատեսվող -2.4% անկումը խիստ լավատեսական է: Ավելին, այն անիրատեսական է, եւ կառավարությունն անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկիª վերանայելու թե՛ իր կանխատեսումները եւ թե՛ դրա վրա հիմնված բյուջեն:

Կենտրոնական բանկը՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների մասին

Անկումը կառավարության սպասած 2,4 տոկոսից էապես բարձր է լինելու

- Պարոն Արամյան, կոնկրետ ի՞նչ է սպասվում հայկական տնտեսությանը, ինչպիսի՞ անկումներ փաստացի կարող ենք ունենալ: Որքանո՞վ են արդյունավետ կամ ոչ արդյունավետ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման դեմ ուղղված միջոցառումները:
Հայաստանի տնտեսությունում, ինչպես արդեն նշեցի, անկումը կառավարության սպասած 2,4 տոկոս ցուցանիշից էապես բարձր է լինելու, դա ուղղակի անխուսափելի է: Սա չեմ ասում, որպեսզի բացասական սպասումներ ձեւավորենք կամ էլ որեւէ մեկին մեղադրենք, այլ որ իրավիճակը ճիշտ գնահատենք: Հակառակ դեպքում գործողություններում եւ ընտրված միջոցներում սխալներ կլինեն, իսկ յուրաքանչյուր սխալն իր վրա է կրում հանրությունը:
Օրեր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության հունվար-մայիսի ցուցանիշը, որով ՀՀ տնտեսության անկումը գրանցվել է -3.9 տոկոս: Այստեղ եւս կարեւոր է դինամիկան, թե ինչ արագությամբ է մեր երկրի տնտեսությունը ճշգրտվում: Եթե հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ են գրանցվել` 9.0 տոկոս աճի շրջանակներում, ապա արդեն ապրիլ-մայիս ամիսներին, ականատես եղանք անկումների` -1.3 եւ -3.9 տոկոս: Եթե այս դինամիկան պահպանվի տարվա մյուս ամիսների ընթացքում, ապա ավելի իրատեսական է դառնում երկնիշ տնտեսական անկման մասին ամիսներ առաջ հնչեցրած իմ կանխատեսումը:
Ինչպե՞ս կարելի է «կոտրել»  այս դինամիկան. խիստ ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների միջոցով, ընդ որում` ընտրելով նաեւ ճիշտ գործիքակազմ: Ուղղակի կառավարությունն ու ԿԲ-ն ճիշտ խողովակներով  պետք է ֆինանսներ ներարկեն տնտեսության մեջ, որպեսզի դիմակայեն նաեւ տնտեսական պոտենցիալի անկմանը:
Այս վերջինի մասով մի փոքր մանրամասնեմ: Եթե մենք արդյունավետ գործիքներով չօգնենք տնտեսվարողներին, եւ արդյունքը լինի այն, որ շատ տնտեսվարողներ հայտնվեն սնանկությունների դաշտում, դա խփելու է մեր երկրի տնտեսական պոտենցիալին, քանի որ ՀՆԱ աճ ստեղծողները տնտեսվարողներն են: Հիմա մենք ունենք տեղեկատվություն, որ կառավարությունն ունի իր արսենալում ընդունված 22 հակաճգնաժամային միջոցառում, որից 10-ը թերեւս կարելի է համարել տնտեսական բնույթի: Լավ լուրն այն է, որ ժամանակին, երբ հորդորում էինք կառավարությանը, որ վարկային խողովակով, որոնք կառավարության տնտեսական միջոցառումների հիմնական մասն էին կազմում, արագ լիկվիդայնություն չենք կարող ներարկել դեպի տնտեսվարողներ, եւ կարիք կա տնտեսական բնույթի գործիքակազմի համալրման, կարծես թե սա տեղի ունեցավ: Բայց այստեղ էլ գնահատական տալը դժվարանում է, որովհետեւ միջոցառումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունն է բացակայում: Օրինակ, նոր համալրված գործիքներից որքա՞ն տնտեսվարող են օգտվել, եւ ի՞նչ ծավալի ներարկում է եղել: Այսպիսի համապարփակ եւ "մեկ պատուհանից" տեղեկատվության միակ աղբյուրը այսօր ՀՀ վարչապետն է: Օրինակ, հարց է, թե 18-րդ միջոցառման ներքո 50 միլիարդանոց ֆոնդի ստեղծումն ի՞նչ փուլում է գտնվում, եւ երբ է կառավարությունը նախատեսո՞ւմ այդ գումարներն ուղղել դեպի տնտեսություն: Կամ 17-րդ եւ 19-րդ միջոցառումներով որքա՞ն գումար է ներարկվել տնտեսություն, եւ քանի՞ շահառու է օգտվել դրանից: Հետեւապես, ժամանակը ցույց կտա, թե նոր համալրված գործիքները որքան աշխատունակ էին, եւ որքանով հաջողվեց կառավարությանըª օգնել տնտեսվարողներին:
Ինչ վերաբերում է դրամավարկային (ԿԲ) քաղաքականությանը, ապա այստեղ եւս պետք է արձանագրենք, որ ԿԲ միակ կտրուկ արձագանքը վատթարացող իրավիճակին եղել է փողի ներարկման իր հիմնական գործիքի` ռեպո տոկոսադրույքի իջեցումը 0.5 տոկոսային կետով, որը ստեղծված իրավիճակում եւ խիստ թույլ գնաճային ֆոնի վրա բավարար չէ: ԿԲ-ն պետք է իր գործիքներով միգուցե նաեւ պարտադիր պահուստավորման նորմի իջեցմամբ էժանացնի բանկերի համար միջոցները: Հետեւաբար, ամփոփելով ասեմ, որ ԿԲ-ն եւս պետք է փոքր- ինչ համարձակ գործի:

Այս տարի բանկային համակարգում լինելու են վնասներ

- Պարոն Արամյան, որո՞նք են այս պահին հայաստանյան բանկային համակարգի առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերները:
- Բանկային համակարգը մեր երկրում բավականին լավ կապիտալացված է, եւ սա լավ լուր է: Երկրորդ լավ լուրն այն է, որ պատմականորեն մեր երկրի բանկային համակարգն ապացուցել է, որ ունակ է դիմակայելու ցնցումներին: Բայց պետք է երկու բան այստեղ հաշվի առնենք: Նախ, որ վերջին երկու տարիների ընթացքում սպառողական վարկերը, իսկ վերջին տարում նաեւ հիպոթեքայինը խիստ մտահոգիչ չափով աճել են` ավելի քան տարեկան 30%, որոնց մասին եւս բազմիցս բարձրաձայնել եմ: Հիպոթեքային վարկերն աճում էին կառավարության հայտնի ծրագրի արդյունքում ստեղծվող սպեկուլյատիվ պահանջարկի հաշվին: Իսկ սպառողականը` 2018թ.-ի փոփոխություններից հետո հանրության ասիմետրիկ դրական սպասումների հաշվին, երբ փոխարենը բնակչության եկամուտների կտրուկ աճը կամ գործազրկության էական նվազումը չէր արձանագրվում, որպեսզի փաստվեր, որ այս աճերը կայուն են: Հիմա առավել եւս այս ճգնաժամի արդունքում գործազրկության անխուսափելի աճի եւ հանրության եկամուտների կտրուկ անկման ֆոնին այս վարկերի գծով չաշխատող վարկերի կշիռն էապես աճելու է` հանգեցնելով բանկերի եւ վարկային կազմակերությունների մոտ վնասների: Բանկերի չաշխատող վարերի աճի մյուս մասն էլ դրսեւորվելու է ի հաշվի տնտեսվարողների մոտ ֆինանսական դժվարությունների եւ շրջանառությունների անկման: Հետեւապես, այս տարի բանկային համակարգում լինելու են վնասներ, դա գրեթե անխուսափելի է: Իսկ որպեսզի այս վնասները տանելի լինեն բանկերի համար, ԿԲ-ն պետք է հենց հիմա այս պահից բանկերի ծախսերի մի մասը տեղափոխի իր հաշվեկշիռ. եթե հապաղի, վաղը պարտադրված է լինելու առավել շատ ծախսեր անել, որպեսզի որեւէ բանկի փրկի:

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ԱԺ նախագահին են ուղարկել կորոնավիրուսի կանխարգելման ստուգող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА