ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ ԲԱՆ ԿՏԱ՞

23.09.2016 20:30 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ ԲԱՆ ԿՏԱ՞


Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է վերանայել երեք եւ լուծարել մեկ նախարարություն: Ի՞նչ են խոստանում այս փոփոխությունները, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարության անվան փոփոխությունը կնպաստի արդյունաբերության զարգացմանը: Հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ այս կերպ է մեկնաբանում նախարարությունների անվանափոխությունը.
- Ընդհանրապես, այս փոփոխությունները նշանակում են նոր հարաբերությունների ամրագրում: Էկոնոմիկայի նախարարության անվանումը Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության վերանվանումը նշանակում է, որ մանր-մունր խնդիրներ լուծելուց զատ, տվյալ պետական կառույցը պետք է խթանի ներդրումային գործունեությանը, այսինքն՝ նաեւ երկրում համապատասխան բարենպաստ մթնոլորտի  ձեւավորմանը: Միեւնույն ժամանակ՝ նոր անվանումը հուշում է, որ նախարարության առաջնային պարտավորություններից է լինելու տնտեսական գործունեություն ծավալողներին աջակցելը: Սա, ըստ էության, որքան էլ առաջարկության բնույթ է կրում, այդուհանդերձ, այսօր կա դրա հրամայականը: Այսինքն` այդ անվանափոխմամբ նաեւ մատնացույց են արվում խնդիրներ, որոնք առաջնահերթ են: Իսկ թե որքանով արդյունավետ կլուծվեն դրանք, արդեն ժամանակը ցույց կտա:
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ է նույն մտքին.
- Այս ամենը նախարարությունների գործառույթների հստակեցման, եւ այդ գործառույթներում առաջնահերթությունների ֆիքսման նպատակ է հետապնդում: Այսինքն` այս ամենով փաստացի կարող ենք ասել, որ, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունն իրենից ենթադրում է երկու կարեւոր գործառույթ` ներդրումների՝ բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորում եւ ձեռնարկատիրության զարգացում ու բարելավում: Նախկինում էլ էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակը ներառել է այս երկու կարեւոր ուղղությունները: Սակայն անվանափոխությամբ, կարծում եմ, հատուկ շեշտադրում է կատարվում, որ նախարարության գործառույթներում առանցքայինը հենց դրանք պետք է լինեն: 
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ դեռ չի ծանոթացել կառավարությունում արված առաջարկություններին եւ ընդգծեց.
- Եթե խոսքը կառավարության կառուցվածքների փոփոխության մասին է, կարծում եմ, դրա հիմքում անկասկած դրված է տրամաբանություն: Ենթադրում եմ, որ կառավարության ղեկավարը ձեռնամուխ է լինելու ավելի օպտիմալացնել կառավարության կառուցվածքը, որպեսզի մի կողմից ծախսերը կրճատվեն, մյուս կողմից` տարբեր ոլորտներում մշակվող եւ իրականացվող քաղաքականությունը դառնա առավել արդյունավետ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА