ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՄԵՂՄԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ

09.09.2016 20:59 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՄԵՂՄԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ

ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի իր ելույթում Հովիկ Աբրահամյանը, որպես հայաստանյան հիմնական խնդիրներից մեկը, նշեց, որ չնայած գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, հասարակությունը մնացել է բեւեռացված: Նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ. «Դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են»: Բայց նաեւ փաստն այն է, որ այդ բեւեռացվածությունը երկրի զարգացման հարցում լուրջ խոչընդոտ է: Այսինքն՝ հաջորդ վարչապետի հիմնական խնդիրներից է այդ ուղղությամբ աշխատանքը: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անի. «Իրավունքը» զրուցեց քաղաքական որոշ վերլուծաբանների հետ՝ այդ հարցի պատասխանը ստանալու համար:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ հասարակության բեւեռացվածության խնդիրը կարեւորեց՝ նկատելով.
- Նորանշանակ վարչապետը պետք է իրականացնի այն խորքային բարեփոխումները, որոնք առաջիկայում սպասվում են: Կարծում եմ, որ սա այն գլխավոր նպատակն է, որի համար հաջորդ վարչապետը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը: Առայժմ այսքանը, ոչինչ ավելի չեմ կարող ասել, քանի որ նոր վարչապետը կներկայացնի իր ծրագիրը եւ կասի, թե ինչ է պատրաստվում անել:
Բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ գիտի` ինչ է պետք անել, բայց դա կասի միայն վարչապետին.
- Եթե նախկին վարչապետն ինձ դարձներ իր խորհրդականը, ապա կասեի ինչ կարելի էր անել, որպեսզի հասարակության մեջ բեւեռացում չլիներ: Եթե նոր վարչապետի խորհրդականն էլ լինեի, կրկին նույնը կանեի: Հարցը նրա հետ կքննարկեի եւ ծրագիրը կտայի, թե հայ հասարակության բեւեռացումը մեղմացնելու համար, ինչ պետք է լինի: Այս դեպքում, եթե ծրագիրը օգտակար լիներ, վարչպետը կօգտագործեր:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ փաստեց.
- Եթե մեր հասարակության մեջ բեւեռացում կա, ապա նշանակում է, որ մի շարք ոլորտներ չեն կայացել այդ ընթացքում: Ընդհանրապես, մեզ մոտ վարչապետներից շատ քիչ բան է կախված: Ապագա վարչապետը, եթե կարողանա իշխանությունների առջեւ որոշակի պայմաններ դնել եւ այդ պայմաններով աշխատել, ապա հնարավոր կդառնա բեւեռացումը մեղմացնել: Հակառակ դեպքում՝ ամեն ինչ ավելի կխորանա: Որովհետեւ կառավարության վրա ճնշում են գործադրում ոչ միայն ներքին խնդիրները, այլեւ՝ արտաքին ուժերը, եւ եթե այդ ամենին դիմանա, ապա ամեն ինչ շատ ավել լավ կլինի: Չնայած չեմ կարծում, որ նորընտիր վարչապետը շատ ավելին կարողանա անել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА