ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆԸ

01.02.2018 14:38
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆԸ

«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում` 2017թվականի լավագույն կոնյակ արտադրող է ճանաչվել «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆԸ: Տարվա լավագույն կոնյակ արտադրող ճանաչվելու կապակցությամբ «Իրավունքը» պատվոգիրը հանձնեց «Շահնազարյան» Գինու-Կոնյակի Տան հիմնադիր ղեկավար ՍԱՄՎԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ում հետ էլ առիթից օգտվելով, փորձեցինք զրուցել ընկերության առաջիկա ծրագրերի եւ արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին:

 

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ  ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է»

- Պարոն Շահնազարյան, նախ կցանկանայինք անդրադառնալ, թե ո՞րն է Ձեր կողմից հիմնադրված «Շահնազարյան» Գինու-Կոնյակի Տան արձանագրած հաջողության բանաձեւը:

- Կարծում եմ` մեր հաջողության գրավականը աշխատասիրությունն ու նպատակասլացությունն է, ոչնչի առաջ չհանձնվելը եւ միշտ գիտակցելը, որ բիզնեսն ունի իր օրենքները եւ բարդությունները, եւ դու պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Մենք երբեք մեր անգամ չնչին անհաջողությունները չենք վերագրել որեւէ մեկին, հակառակը` ցանկացած սխալ փորձում ենք վերլուծել եւ ճիշտ ճանապարհ ընտրելով` գնալ առաջ:

- Որո՞նք են վերջին մեկ տարվա ձեռքբերումները:

- Պետք է ասեմ, որ այս տարի ունենք բավականին մեծ աճ, տարբեր երկրներից մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրասիրությունը գնալով ավելանում է: Մեր արտադրանքը շատ լավ իրացվում է եվրոպական երկրներում, ավելին ասեմ` այս տարի մեր պատվերները դեպի Եվրոպա ավելացել է հարյուր տոկոսով, բայց հույս ունենք, որ այն էլ ավելի կավելանա: Այդ ուղղությամբ բավականին մեծ եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացվում, որոնց արդյունքները կերեւան տարվա վերջին:

- Ներքին շուկայում ինչպիսի՞ն է Ձեր արտադրանքի սպառումը:

- Որոշ չափով, իհարկե, մեր արտադրությունը վաճառվում է նաեւ ներքին շուկայում: Բայց ներքին շուկայով, անկեղծ ասած, գրեթե չենք զբաղվում, քանի որ մեր իրացման շուկան բավականին մեծ է, եւ ներքին շուկան գրավելու միտում էլ չունենք:

 

«ՈՒՆԵՆՔ ՆՈՐ ՄՐԳԱՅԻՆ  ՕՂԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻ»

- Ի՞նչ նոր արտադրատեսակներ ունեք:

- Ունենք նոր մրգային օղիների տեսականի: Այս պահին աշխատում ենք նաեւ, որպեսզի կարողանանք գինու արտադրություն հիմնել եւ արտահանել եվրոպական երկրներ: Մեծ ցանկություն ունենք, որպեսզի դրսից ոչինչ չներկրենք եւ պահանջված խաղողը կարողանանք գնել ՀՀ արտադրողից: Այս առումով Գյուղնախարարության կատարած լայնածավալ աշխատանքները ես գնահատում եմ շատ բարձր: Պետք չէ ակնկալել, որ արդյունքները միանգամից կերեւան, բայց տեսնում եմ, որ եթե մեր Գյուղատնտեսության նախարարությունը շարունակի իր որդեգրած քաղաքականությունը ի նպաստ գյուղացու, մոտ ժամանակներս մեզ մոտ ակնհայտ կլինի խաղողագործության էֆեկտիվությունը: Նկատի ունեմ, որ ներկայիս տաս հազար հեկտար խաղողի այգիները մի քանի անգամ կավելանան: Որովհետեւ դրա կարիքը անպայման կլինի: Հիմա աշխարհում բավականին մեծ աճ ունի գինու արտադրանքը եւ վաճառքը: Եվ ես համոզված եմ, որ մեր երկրի արտադրանքը առաջիկայում էլ ավելի մեծ սպառում եւ պահանջարկ կունենա ողջ աշխարհում:

- Ե՞ՏՄ, թե՞ եվրոպական երկրներում է Ձեր արտադրանքը ավելի շատ պահանջված:

- Մեր արտադրանքը իրացվում է ԵՏՄ բոլոր երկրներում` շուրջ 95 տոկոսը ՌԴ-ում: Այսինքն` մենք շատ լավ զարգանում ենք Ռուսաստանում, հիմա փորձում ենք տարածում ստանալ նաեւ եվրոպական շուկաներում` Պրիբալտիկա, Չեխիա, Գերմանիա, առաջիկայում այս ցանկը կընդլայնվի:

 

«4 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼ ՇԻՇ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ 2017ԹՎԱԿԱՆԻՆ»

- Ասացիք, որ Ռուսաստանի շուկայում մեծ սպառում ունի Ձեր արտադրատեսակը, թվերով կներկայացնեք` տարեկան քանի՞ շիշ է արտահանվում Ռուսաստանի Դաշնություն:

- 4 միլիոնից ավել շիշ ենք արտահանել 2017թվականին, որից 90 տոկոս եւ ավելը կոնյակ է, մնացածը` օղի:

- Ի՞նչ նորմուծություններ սպասենք Ձեր ընկերությունից:

- Գինեգործության զարգացում եւ օղու նոր տեսականիների համալրում:

- Հայկական կոնյակը աշխարհում որքանո՞վ է ճանաչված եւ հարգի:

- Այսպես պատասխանեմ. ես ավելին եմ ցանկանում, քան ունենք այսօր: Որպեսզի մեր հայկական կոնյակը ավելի բարձր տեղ գրավի: Այսօր հայկական կոնյակ կարող են ճանաչել միայն Ռուսաստանի տարածքում, մնացած այլ երկրներում մենք ներկայացնում ենք որպես բրենդի` պարզ պատճառով, որովհետեւ կոնյակը ֆրանսիայի սեփականությունն է: Բայց որակական տեսակետից, ինչ խոսք, մեր հայկական կոնյակը ունի բարձր որակական հատկանիշներ ինչը փաստում է հայկական կոնյակի պատմությունը: Նշեմ, որ Ֆրանսիայից մենք առաջարկություն ունենք կոնյակ արտահանել բրենդի անվան տակ, բանակցություններ են ընթանում, պետք է այնտեղից գան, տեսնեն, ընտրեն, տանեն, բայց ես կհավատամ դրան միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը արդեն կնքված կլինի:

- Որպես ոլորտի խոշոր տնտեսվարող, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր նոր-նոր փորձում են զբաղվել կոնյակագործությամբ:

- Եթե մարդը որոշել է զբաղվել այս գործով, նա պետք է առաջին հերթին սիրի իր աշխատանքն ու ջանք չխնայի առաջ գնալու համար:

 

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԼԻՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԱՂՔԱՏ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ»

- Եթե ամփոփենք մեր զրույցը, ունե՞ք ավելացնելու որեւէ բան:

- Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր գործարանները դինամիկ զարգանան, եւ գա ժամանակ, որ տեսնենք, թե ինչպես է հայ արտադրողի արտադրանքը ամենահարգի արտադրանքներից մեկը դառնում աշխարհում: Որովհետեւ յուրաքանչյուրիս աշխատանքից է կախված հազարավոր ընտանիքների բարեկեցությունը: Հնարավոր չէ լինել հարուստ եւ երջանիկ աղքատ ժողովրդի մեջ, պետք է այնպես անենք, որ բոլորն էլ հնարավորության սահմաններում կարողանան ապահովված լինեն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА