ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ - 2011թ.

25.05.2016 14:19
 ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ - 2011թ.

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՆ

 

Շախմատի դիլիջանյան առաջնությունը սկսելուց առաջ բացման խոսքով հանդես եկավ ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. ՙՙԻրավունք՚ թերթն այսօր Դիլիջանում շարունակում է իր հանրապետական մրցաշարը, որն անց է կացվել տարբեր քաղաքներում, որոշ քաղաքներում էլ դեռ անց է կացվելու: Արդյունքը կլինի այն, որ երբ ամբողջ հանրապետությունով մեկ կավարտենք քաղաքային փուլը, Երեւանում կանցկացվի եզրափակիչը՚:


Քաղաքապետ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆՆ էլ, ողջունելով ՙԻրավունք՚ թերթին` 2000-րդ համարի լույս ընծայման համար, հավելեց. ՙՈւզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս գեղեցիկ միջոցառումը հարկ են համարել անցկացնել Դիլիջանում՚:
Ինչպես նախորդ մրցաշարերին, այնպես էլ այս անգամ Հայաստանի շախմատի ֆեդերացիան գործուղել էր մրցավարներ: Անզեն աչքով էլ նկատվում էր, որ շախմատի մրցաշարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե° մեծահասակների, թե° շախմատի ակադեմիայի` Դիլիջանի մասնաճյուղի սաների շրջանում: Եվ դա պատահական չէ. շախմատի` Տավուշի մարզային ֆեդերացիայի նախագահը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է, ով ուշադրության կենտրոնում է պահում այդ մարզաձեւը: Ի վերջո, հաղթեցին փորձառուները: Հաղթողը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆԱՆՅԱՆԸ, մասնագիտությամբ ինժեներ է, Դիլիջանի` Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն, նաեւ Դիլիջան քաղաքի ակադեմիայի մասնաճյուղի աշխատանքները համակարգող:

 

 

ԴԻԼԻՋԱՆԻՑ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱԼԻՍ

 

Դիլիջանն այսօր կարող է միանգամից ընդունել մոտ 2300 զբոսաշրջիկ: Վերջիններիս մեծ մասը Երեւանից են:
Մի քանի հարցեր ուղղեցինք Դիլիջանի քաղաքապետ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ` հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել ֆինանսական կենտրոն, միջազգային դպրոց եւ այլն: Այս առումով մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ առաջընթացներ ունի Դիլիջան քաղաքը վերջին մի քանի տարվա ընթացքում:
- Ամենաշատը կարեւորում եմ ֆինանսական կենտրոն դառնալու գաղափարը եւ առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի նախագահին` այդ ծրագիրը Դիլիջան քաղաքում իրականացնելու համար: Կենտրոնական բանկն արդեն սկսել է շինարարությունը, շենքն արդեն ավարտուն վիճակում է, մնացել են ներսի հարդարման աշխատանքները: Բացի այդ, իրականացվում են ավելի հետաքրքիր ծրագրեր` քոթեջային թաղամասի կառուցումը, բնակելի շենք` 64 բնակարանից բաղկացած, որտեղ առաջին հարկում կլինեն սպասարկման տարբեր ծառայություններ: Կենտրոնական բանկն անհատույց օգտագործման է վերցրել քաղաքի գրադարանի շենքը, որտեղ իրականացվելու են հետաքրքիր ծրագրեր, լինելու են թե° քաղաքային, թե° էլեկտրոնային գրադարան, ինչպես նաեւ` այն դառնալու է այցելուների մեծ կենտրոն: Քաղաքում արդեն կան տարբեր բանկերի մասնաճյուղեր, որտեղ հիմնականում աշխատում են դիլիջանցիներ: Ապագայում էլ ակնկալում ենք մոտ 100 աշխատատեղ` կրկին բանկային համակարգում: 
Հաջորդ խոշոր ծրագիրը միջազգային դպրոցի կառուցումն է, որի շինարարության համար կրկին կբացվեն աշխատատեղեր: Շինարարության վրա աշխատում են տեղի բնակիչները եւ, կարելի է ասել, որ մեր քաղաքում արտագնա աշխատանքի դուրս չեն գալիս: Այս դպրոցի կառուցմամբ` քաղաքի մեջ քաղաք է կառուցվում` իր բոլոր հարմարություններով, մշակույթի պալատով, սպորտային կոմպլեքսներով, որը մեծ հռչակ կբերի մեր քաղաքին: Իսկ նորակառույց թանգարանի շենքը, ինչպես նաեւ` ամֆիթատրոնը, Կամո փողոցի վրա գտնվող մանկապարտեզը, ամբողջովին կառուցվել է համայնքի միջոցներով: Համայնքի ներդրմամբ է կառուցվել նաեւ քաղաքի ներքին ջրագծերի ցանցերը, ասֆալտապատվել է 20 կիլոմետրից ավել փողոց, վերանորոգվել բազմաբնակարան շենքերի վերելակներ, տանիքներ, ավտոբուսի կանգառներ, 10-ից ավելի խաղահրապարակ: Ամեն տարի անապահով ընտանիքների երեխաների դասագրքերը տրվում են անվճար: Համայնքի կողմից տրվում է նաեւ միանվագ օգնություն նորածին երեխաներին: Պատերազմի բոլոր վետերանները եւ զոհված ազատամարտիկի ընտանիքները ազատված են գույքահարկից, պատերազմի վետերանները քաղաքային տրանսպորտից օգտվում են անվճար: Ունենք բարեգործական ճաշարան, որտեղ շուրջ 50-60 անապահով ընտանիքի տրվում է անվճար տաք ճաշ:
- Որքա±ն բնակչություն ունի Դիլիջանը:
- Մոտավորապես` մարդահամարով 16.200 հոգի, սակայն, ըստ իս, ավելի շատ են: Աշնանը կլինի մարդահամար, այդ ժամանակ թվերն ավելի ստույգ կլինեն:
- Որո±նք են հիմնական զբաղվածության կենտրոնները:
- Կանանց առումով` սպասարկման ոլորտն է, հանգստյան տները, առողջարանները, սննդի ոլորտները: Իսկ տղամարդիկ հիմնականում, ինչպես նշեցի, աշխատում են շինարարությունում: Որպես առողջարանային քաղաք` մասնավոր սեկտրը սկսել է ներդրումներ կատարել, եւ մենք ունենք հնարավորություններ` հանգստացողներին ընդունելու տարբեր գնային առաջարկներով: Օրինակ` կան մարդիկ, որոնք իրենց սեփական տները տալիս են վարձակալության, որը նրանց եւս բերում է եկամուտ:
- Դիլիջանը համարո±ւմ եք տուրիզմի կետրոն:
- Շրջելով քաղաքում` կհանդիպեք բազմաթիվ զբոսաշրջիկների, պատկերասրահում շատ են այլ վայրերից ժամանակ այցելուները: Այցելելով հանգստյան տներ` կնկատեք, որ ազատ տեղեր չկան, իսկ մենք ունենք բավականին շատ հանգստյան տներ: 
- Երկու անգամ լինելով քաղաքապետ` որքա±ն հաճախականությամբ եք հանդիպում Ձեր քաղաքացիների հետ:
- Կարելի է ասել` ամեն օր: Ընդունելության օր կա սահմանված, բացի այդ, լինում են հանդիպումներ թաղամասերում: 
- Որո±նք են Դիլիջան քաղաքի առաջնահերթ խնդիրները:
- Բոլոր քաղաքների համար առաջնահերթ խնդիրը աշխատատեղերն են, ինչպես նաեւ` մեր քաղաքին ամենահուզող խնդիրը սողանքներն են, որոնք վերականգնելու համար ֆինանսներ են հարկավոր: Համոզված եմ, որ մեր պետության վիճակը մի փոքր լավանալու դեպքում, կառավարությունը կանդրադառնա այդ խնդրին: Դեռեւս խորհրդային տարիներից, մենք ունենք դրենաժային մոտ 4 կիլոմետր թունելներ: Կան նաեւ դրենաժային թունելներ, որոնք չհասցրինք հանձնել շահագործման, եւ այդպես էլ մնացել է: Դրանք շահագործելու դեպքում այդ սողանքները 90 տոկոսով կվերանան:

 

ՓԱՅՏԱՇԵՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Պարոն Սանթրոսյանի ուղեկցությամբ այցելեցինք Դիլիջանի նորակառույց թանգարան, որտեղ, բացի աշխարհահռչակ հայ նկարիչների գործերից, կային նաեւ եվրոպական ու ռուսական նկարիչների աշխատանքներ: Թանգարանի աշխատակցի տեղեկացմամբ` ով, ի դեպ, ռուս ազգի ներկայացուցիչ էր եւ մեկ տարի է` ինչ ամուսնացել եւ եկել էր Դիլիջան քաղաք, իմացանք, որ թանգարանը լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Էրմիտաժի տնօրեն Պիատրովսկու հետ: Ի դեպ, մեր տեղեկություններով` Պիատրովսկին երկու տարին մեկ լինում է Դիլիջանի` իր ամառանոցում:
Թանգարանի աշխատակիցների տեղեկացմամբ` նորակառույց թանգարանի փոխարեն նախկին փայտաշեն պատկերասրահի հիմնադիրը եղել է դիլիջանցի ուսուցիչ Եղիշե Հովսեփյանը: Տարիների ընթացքում թանգարանի հիմնադիրը, աստիճանաբար հավաքելով նկարները, կառուցել է փոքրիկ թանգարան: 1958 թվականից պատկերասրահը գործել է այցելուների համար: Նշում են, որ թանգարանի հիմնադիրներից մեկը նաեւ համարվում է Հովհաննես Շարամբեյանը, որը երկար տարիներ հիվանդության պատճառով ապրել է Դիլիջանում եւ այդ տարիներին լավ կապեր ունեցել հենց Պիատրովսկու հետ: Աշխատակցուհիների պատմելով` Պիատրովսկու կինը հնեաբան է եղել, հայուհի: 
Նորակառույց թանգարանի շքեղ շենքը իրականացվել է Դիլիջանի քաղաքապետի ջանքերով եւ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Ի դեպ, թանգարանն ուներ 407 կերպարվեստի նմուշ, 350 գրաֆիկա եւ 52 քանդակ, որոնք բոլորն էլ տարբեր ժամանակների նվիրատվություններ են նաեւ անձամբ հեղինակների կողմից:
Ա. Սանթրոսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց. ՙԹանգարանը զրոյից կառուցված շենք է: Այն 105 տարվա փայտաշեն կառույց էր, որը մաշվածության այն աստիճանին էր գտնվում, որ հնարավոր չէր շահագործել: Դրա համար կառուցվեց նոր շենքը, որն այս տարվա ապրիլի 1-ից գործեց որպես թանգարան՚:
Քաղաքի մշակութային կյանքի մասին խոսելով` քաղաքապետը հավաստիացրեց, որ մշակութային կյանքը Դիլիջանում ակտիվ է. ՙԿարելի է ասել ամիսը 4 անգամ մշակութային միջոցառումներ են անցկացվում: Վերջերս էլ մեծ արձագանք գտավ Երեւանից ՙՄիմինո՚ թատերախմբի այցելությունը, ամեն օր կարելի է ասել հերթ էր, եւ այդպիսի պահ չի եղել, որ անցնելիս նկատեմ, որ նրանց հետ լուսանկարվողներ չլինեն (ՙՄԻՄ՚ ստուդիայի դերասանները արձանների կերպարանքներ են ընդունում-խմբ.): Մշակութային միջոցառումները շատ են թե° համերգային, թե° ներկայացումների տեսքով եւ թե° տարբեր մակարդակի, որովհետեւ ժողովրդի մի մասը սիրում է ջազ, մի մասը` ռաբիս: Ստիպված ես, անկախ ամեն ինչից, բոլորին էլ գոհացնել՚:
Իսկ երկրաշարժից հետո վթարային վիճակում հայտնված գրադարանի շենքի մասին նշեց. ՙԵրկու տարի առաջ պետբյուջեով նախատեսված էր վերանորոգել այն, սակայն գործընթացը դադարեցվեց եւ որոշում կայացվեց տալ կենտրոնական բանկին անհատույց օգտագործման: Անկախ ամեն ինչից` համայնքի սեփականությունը մնացել է բալանսում, ուղղակի մենք այն տրամադրում ենք շահագործման, որի դիմաց նրանք պարտավորվել են ամբողջությամբ վերանորոգել՚:
Ի դեպ, քաղաքացիների խոսքերով` թանգարանի զարդ հանդիսացող Այվազովսկու գեղանկարը Գյումրու` Մինասի նկարների նման տեղափոխվել է Երեւան, սակայն թանգարանի կառուցումից հետո, քաղաքապետի մեծ ջանքերի շնորհիվ, կրկին վերադարձվել է թանգարան: Իսկ Միմինոյի արձանը նույնպես դարձել է քաղաքի այցեքարտը, օրերս էլ ՙինքն իրեն՚ այցելեց Վ. Կիկաբիձեն: 
ՙ
ԵԹԵ ՈՒԺԵՂ ՉԵՍ, ԱՊԱ ՔԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՃՆՇԵԼ՚

Դիլիջանի մշակույթի պալատի շենքում տեղի ունեցավ ՙԻրավունք՚ թերթի աշխատակազմի եւ ընթերցողների հանդիպումը, որի ընթացքում քաղաքապետը հանդես եկավ բացման խոսքով: Այնուհետեւ խոսքը փոխանցվեց ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, ով, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. ՙԻնչպես գիտեք, թերթը ստեղծվել է 1989 թվականին, եւ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ընթերցողների հետ: Շրջայցեր կատարելով` ծանոթանում ենք մեր երկրի քաղաքներին, շրջաններին, որը մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի թերթը ճիշտ լուսաբանի համայնքների վիճակը: Ինչպես գիտեք, մեր թերթը մշակույթի եւ հոգեւորի զարգացման հատուկ ջատագով է, որի մի մասնիկը մենք տեսանք Դիլիջան քաղաքում՚: Ինչ վերաբերում է ընթերցողների հարցերին` կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ապա. ՙԳնալով այդ հարցը սրվում է, եւ մենք փորձում ենք մեր թերթով նպատակաուղղել հանրությանը այն բոլոր արտաքին մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի, ազգի առջեւ: Թերթի նպատակն է բարելավել կյանքը Հայաստանում, էլ ավելի գեղեցիկ դարձնել մեր երկիրը, մեր շրջապատը` թե° մշակութային եւ թե° սպորտի առումով, ինչպես նաեւ` մարդկանց իրավունքների պաշտպանության առումով: ՙԻրավունք՚ թերթը նպատակ ունի պաշտպանել ազգի իրավունքը: Ինչպես գիտենք մեր ժողովրդի պատմությունից, աշխարհի մակարդակով, եթե ուժեղ չես, ապա քեզ կարող են ճնշել: Ի ուրախություն մեզ` այսօր ունենք բանակ, պետություն եւ պետք է կարողանանք պաշտպանել մեր իրավունքները: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին, ապա, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ դրանք ոտնահարվում են: Դա էլ մեր խնդիրն է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրի հարստությունն է եւ յուրաքանչյուր քաղաքացու` մեր երկրից դուրս գալը մեզ համար կորուստ է: 
Նշեմ, որ ՙԻրավունքը՚ միայն թերթ չէ, այլ հոլդինգ, որը 5 թերթի միասնություն է, այդ թվում` երկու ռուսական տպագիր մամուլ` ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ եւ ՙԱրգումենտի նեդելի վ Արմենիի՚: Ունենք ինտերնետային կայքեր, իսկ հատուկ կանանց համար տպագրում ենք ամսագիր, որը կոչվում է ՙԶարուհի՚: Ի դեպ, ամսագիրը ստեղծվեց, որովհետեւ վերջերս հայ կնոջ կերպարը փորձում են խաթարել մեզ համար օտար արժեքներով՚:
Հանդիպման ընթացքում հնչած այն հարցին, թե թերթն ի վերջո ընդդիմադիր է, թե իշխանամետ, պարոն Բաբուխանյանը նշեց. ՙԵս միշտ այդ հարցին պատասխանում եմ, որ թերթը չպետք է լինի ընդդիմադիր կամ իշխանամետ, այլ այն պետք է լինի օբյեկտիվ եւ պետք է լինի թերթ, որը կապ ունենա իր ընթերցողների հետ՚:

ՙ

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ՉԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ

՚

Մինչ ընթանում էր ընթերցողների հետ հանդիպումը, Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն ԱԻԴԱ ԱՓՐՈՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք գրադարանի վիճակի եւ խնդիրների մասին:
- Երկրաշարժից հետո մեր հիմնական մայր գրադարանը վնասվեց, եւ ժամանակավոր տեղափոխվեցինք մշակույթի պալատ` այն ակնկալիքով, որ շուտով մեր շենքը կվերանորոգվի, եւ կտեղափոխվենք: Ունենք 150 հազար կտոր գրականություն, հարուստ գրքային ֆոնդ: Մեր գրադարանն արդեն 102 տարվա պատմություն ունի, այն եղել է հանրապետության լավագույն գրադարաններից մեկը: 1974 թվականին գրադարանը ուներ 12 մասնաճյուղ, իսկ ներկայումս կան 8-ը: Հիմա մենք տնվորի կարգավիճակով անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է տեղափոխվենք մեր վերանորոգված շենքը:
- Դիլիջանցիներն ընթերցասե±ր են, եւ հիմնականում ի±նչ տարիքի ընթերցողներ ունեք:
- Ինքս Երեւանից եմ եւ զարմացած եմ, թե ինչ բարձր ինտելեկտ ունի Դիլիջանի բնակչությունը: Շատ ընթերցասեր եւ զարգացած հասարակություն է, ուղղակի մի քիչ պասսիվ են: Եթե նախկինում գրադարանը համալրվում էր նորմալ գրականությամբ, եւ եթե կար կոլեկտոր, որտեղից հանրապետությունում լույս տեսած գրականությունից պարտադիր գոնե մի օրինակ հասնում էր գրադարան, ապա հիմա մեծ խնդիրներ կան: Ամբողջ հանրապետությունով մեկ` այդ համալրման խնդիրը կա: Հիմա մենք գումար ենք հայթայթում եւ գրախանութից, ձեռքի վրայից ենք ձեռք բերում գրքեր, բայց տարվա մեջ 500-600 կտոր գրականությամբ գրադարանը համալրելը նորմալ երեւույթ չէ: Քաղաքապետարանի աջակցությամբ` մենք ունենք համարյա 25-30 անուն թերթերի բաժանորդագրություն, գործում է ինտերենտ, ունենք ակտիվ ընթերցողներ ե°ւ երիտասարդության, ե°ւ մեծահասակների շրջանում: Հիմնականում մեր ընթերցողներին չենք կորցրել: Հիմա գեղարվեստական գրականության ավելի շատ պահանջարկ կա: Հիմնականում մասնագիտական գրքեր են, որոնցից, ասենք, տասից մեկն է միայն օգտագործվում: Մեծահասակ ընթերցողները ծարավ են դասական եւ գեղարվեստական գրականություն կարդալու: Գաղտնիք չէ, որ ինտերնետը այնպիսի հնարավորություններ է ընձեռում, որ երիտասարդությունը հիմնականում օգտվում է նրանից:

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՋԵՐՄ ԷՐ

 

Օրվա ավարտին թերթի խմբագրակազմը դիլիջանցիներին հրավիրեց ՙԴավիթ Թուջարյան եւ ընկերներ՚ կենդանի կատարմամբ բացօթյա համերգին, որին, ի դեպ, ներկա էր Տավուշի մարզպետ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ: Բացման խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց. ՙՙԻրավունք՚ թերթը միշտ եղել է մեր ժողովրդի հետ: Մեր խնդիրն է ունենալ հզոր Հայաստան եւ մեր պատիվն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ մենք բոլորս մեզ լավ կզգանք: Այսօր Դիլիջանում ենք եւ, ճիշտն ասած, շատ տպավորված ենք ձեր քաղաքից, որը շատ բարեկարգ եւ մաքուր է: Մեզ հատկապես շատ ուրախացրեց պատկերասրահը: Ինչպես նաեւ հպարտանում ենք, որ Հայաստանում նման քաղաք կա, որի համար պետք է շնորհակալություն հայտնել քաղաքապետին: Իսկ ամենակարեւորն այն է, որ դիլիջանցիները ակնհայտորեն սիրում են իրենց քաղաքը եւ մաքուր պահում այն: Եթե մենք բոլորս լինենք այսպես օրինակելի եւ օրինավոր քաղաքացիներ, ապա մեր ամբողջ երկիրը կլինի մաքուր եւ հարուստ՚: 
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը, մեր զրույցի ընթացքում երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ նշեց, որ Դիլիջան քաղաքում մի քանի անգամ եղել է հավաքական համերգների եւ հանդես եկել նորակառույց ամֆիթատրոնում, բայց. ՙԱռաջին անգամ եմ հանդես գալիս մենահամերգով: Ցանկանում ենք, որ սա լինի սկիզբը, եւ Դիլիջանից սկսենք մեր բոլոր քաղաքներում համերգներով հանդես գալ: Շնորհակալ եմ ընկերներիս, որ այսօր ինձ հետ հանդես են գալիս դիլիջանցիների համար: Համերգը բարեգործական հիմունքներով կազմակերպել ենք բացօթյա, որպեսզի այն հասանելի լինի բոլոր դիլիջանցիների համար, որ գան ու կենդանի կատարմամբ համերգ վայելեն, ինչի համար շնորհակալ եմ ՙԻրավունք՚ թերթին, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, որ հնարավորություն ընձեռեցին եւ ամեն ինչ արեցին` այս համերգը կայանալու համար՚:
ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ եւ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, չնայած առաջին անգամ էին Դիլիջանում, բայց դիլիջանցիները մեծ ոգեւորությամբ ընդունեցին նրանց: Իսկ մինչ այդ, Մ. Ծառուկյանը նշեց. ՙՄեծ սիրով այսօր եկել եմ, որպեսզի ընկերոջս կողքին լինեմ եւ հնարավորություն ունենամ շփվելու նաեւ Դիլիջանի հանդիսատեսի հետ: Կարեւոր է նաեւ այն, որ հանդես ենք գալիս բարձրորակ ձայնային տեխնիկայով՚: Իսկ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ, արդեն քիչ թե շատ ծանոթ լինելով Դիլիջանի հանդիսատեսի հետ, նշեց, որ նրանք շատ ջերմ են, եւ մեծ հաճույքով համաձայնվել է հանդես գալ դիլիջանցիների համար: ՙԲացի այն, որ մեր ընկերոջ կողքին ենք, այսօր անում ենք լավ գործ մեր ժողովրդի համար: Ամենակարեւորը, որ եկել ենք ուրախացնելու այս քաղաքի բնակիչներին՚:
Վերջում ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի ունեցավ խմբագրակազմի եւ մարզպետի հանդիպումը, որտեղ քննարկվեցին մամուլ-տեղական իշխանությունների համագործակցություն եւ մարզի խնդիրների արտացոլման անհրաժեշտությունը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА