ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.05.2016 16:09
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ


Հարգելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք եւ պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` "Իրավունք" թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որեւէ հաստատության համար, լրատվամիջոցի համար` առավել եւս: "Իրավունքը", փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաեւ "Իրավունքի" նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը:
Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության եւ հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ:
Մենք` բոլորս միասին, որեւէ դժվարության առջեւ չընկրկեցինք: Ընդհակառակը` մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ:Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ եւ ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել` ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել:
Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաեւ պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, "Իրավունքն" իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Մենք պետք է ճանաչենք, որ այսօր մեր ազգային պետության շենքը կանգուն է նաեւ լրատվամիջոցների ազատ աշխատանքի շնորհիվ: Դա մեր պետության ու հասարակության կարեւորագույն եւ ամենաամուր հիմնասյուներից մեկն է:
Այս տարվա սկզբին ես մեկ այլ առիթով ասել եմ, որ մեր երկրում եղած խնդիրների ազատ քննարկումը ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի վկայությունն է: Այն, որ մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, կրկին, միայն ու միայն մեր ուժն է վկայում:
Իհարկե, խոսքի ուժը հզոր է: Գեւորգ Էմինի տված սահմանումը շատ դիպուկ է.

"Խոսքը զենքի պես զգո՜ւյշ գործածիր,
Երբ խառն է դարը.
Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,
Գնդակն ու... տառը":

Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել, եւ տառն արդեն չեն ձուլում, իսկ թերթերը շարում են համակարգիչների միջոցով: Բայց խոսքի ուժը շարունակում է մնալ հզոր:
Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի ուժը կերտում է, զտում է, օգնում է մեզ կատարելագործվել: Իսկ առկա թերություններն էլ շատ դեպքերում բավականին դառը այդ դեղամիջոցի կողմնակի հետեւանքներն են:
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ` վերահաստատում եմ մեր իշխանությունների հավատարմությունը խոսքի եւ լրատվամիջոցների ազատությանը: Լրագրողների եւ լրատվամիջոցների ազատ գործունեությունը լավագույնս պաշտպանված է մեր երկրի օրենսդրությամբ: Վերջին տարիների ընթացքում այն հետեւողականորեն կատարելագործվել է` հետեւելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային եւ եվրոպական լավագույն փորձին:
Այսօր զգալիորեն նվազել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Այդ առումով հատկապես կարեւորում եմ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի մեր իրականությունից վերանա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու զազրելի երեւույթը: Ուրախալի է, որ մեր երկրում առկա այս դրական միտումները ճանաչվել են այս ոլորտը գնահատող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում:
Սրանք բոլորը միտումներ են, որոնք անհրաժեշտ է ամրապնդել եւ զարգացնել: Այդ միտումները ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է: Մեր խնդիրն է` ոչ միայն պահպանել եղածը, այլեւ զարգացնել այն` համադրելով բոլորիս ջանքերը:
Սիրելի՛ իրավունքցիներ,
Խոսքս ամփոփելով` կրկին սիրով շնորհավորում եմ ձեզ` ձեր թերթի այս հոբելյանի կապակցությամբ: Պատմաբաններն ասում են, որ քսանհինգ տարին այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր սերունդ է ձեւավորվում:
Հուսով եմ, որ ձեր թերթն ընթերցելու են ազատ ու անկախ Հայաստանի շատ-շատ նոր սերունդներ:
Հաջողություն, արգասաբեր աշխատանք եւ, անշուշտ, կանաչ ճանապարհ եմ մաղթում "Իրավունքին"` ի շահ մեր երկրի եւ հասարակության: Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեր քսանհինգամյա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА