ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ  ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ  Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ`  «ԻՐԱՎՈՒՆՔ»  ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

24.05.2016 15:59
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ  ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ  Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ`  «ԻՐԱՎՈՒՆՔ»  ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ


«Ձեզ համար արդարության սերմեր ցանեցե՛ք, եւ կենաց պտուղ քաղեցե՛ք. վառեցե՛ք ձեզ համար գիտության լույսը, փնտրեցե՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարության պտուղները հասնեն ձեզ»(Օսէէ Ժ 12):

«Իրավունք» թերթի սիրելի՛ սերմնացաններ, Ողջունելով ձեր անցած դժվարին եւ պատվաբեր ուղին`  աներկբայորեն կարող ենք ասել, որ աստվածաշնչյան այս օրհնաբեր պատգամն իրապես աղերսվում է ձեր 25-ամյա առաքելության հետ: Դուք մեր անկախ Հայաստանի ազատ մամուլի ջատագովներն եք: Իրավունքի եւ արդարության խոսափողն եք, ժողովրդավարական եւ իրավական երկիր կառուցելու կոչնակն ու պայքարի մարտիկը: Ձեր քառորդդարյա գործունեությամբ դուք վեր եք հանել հայ ազգի առջեւ ծառացած խնդիրները, իղձերն ու մտահոգությունները եւ ազգային ու ազատասիրական իսկատիպով աչքի ընկնող վեհ ձգտումները: Ձեր նվիրումով, ճշմարտության քարոզչությամբ այսօր դուք հաստատում եք մեծ սաղմոսերգու Դավթի հետեւյալ խոսքերը. «Արդարի բերանն իմաստություն է բարբառում, իսկ լեզուն արդարություն է խոսում» (Սաղմ. ԼԶ 30):

Սիրելի՛ք, առավելագույնս գնահատելի են թերթի եկեղեցանվեր հրապարակումները, որոնք հոգու ազնիվ եւ մարդասիրական մղումների ծնունդ են եւ արգասիք: Հոգեորսության անօրեն եւ կամապաշտ «առաջնորդների» դիմակազերծումը, հայի արժեհամակարգի եւ ոգեղենության պահպանումը, հոգեւոր արժեքների ճշմարտացի վերհանումը «Իրավունքի» արդար գործի լուսավոր շավիղներից են եւ օրհնության դուռը. «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. Ե 20):
Մեր աղոթքն է, որ Բարեսեր եւ Բարեգութ Աստված բազմապատկի ձեր ազգանվեր ջանքերն ու իղձերը: Արդարության Արեգակ Հիսուս Քրիստոս թող զորակից եւ մարտակից լինի ձեզ` «բարու պատերազմում» հաղթանակելու եւ ճշմարտության օրհնյալ ճամփան անսայթաք անցնելու համար: 
Ամեն:

Ջերմագին սիրով եւ օրհնությամբ` 
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА