Տնտեսություն
ՙՙՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ±Ն
Իրանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների, ռազմական հարվածի հավանականության խորացման հետ մեկտեղ` Հայաստանի համար գնալով ավելի ու ավելի օրակարգային է դառնում այն հարցը, թե ինչպե±ս պետք է վարվել այդ իրավիճակում: Իհարկե` եթե բանը հասնի պատերազմին, ապա այստեղ Հայաստանի ՙխաղալու՚ շրջանակներն էականորեն նեղանում են` տեղավորվելով մեկ պարզ հարցի շրջանակներում` Արեւմուտքի հե±տ ես, թե± ոչ: Իսկ այն դեպքում, եթե Իրանին ռազմատնտեսական օժանդակություն սկսի ցուցաբերել Ռուսաստանը եւ փորձի դրանում ներառել հայաստանյան ռազմաբազան, ապա հիշատակված հարցադրումը մի փոքր այլ ձեւակերպում է ստանում` Հայաստանը Արեւմուտքի հե±տ է, թե± Ռուսաստանի: Իհարկե, կա երրորդ տարբերակը եւս` չեզոք դիրքորոշում: Սակայն Հայաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Իրանի դեմ ռազմական արշավանքը հսկաների կռվի պես մի բան է դառնալու, չեզոք մնալու շքեղությունը հազիվ թե մեզ ընձեռվի:
ԵԹԵ ՀԱՐՎԱԾԵՆ ԻՐԱՆԻՆ
Ընդ որում, եթե իրավիճակը զարգանում է պատերազմական ուղով, ապա Հայաստանի համար, բացի սեփական դիրքորոշումից, մեկ այլ հարց էլ է դառնում էական. իսկ Վրաստա±նն ինչ դիրք կզբաղեցնի: Պատկերացնենք ամենահավանական սխեման. պարզ է, ռազմական գործողությունների պատճառով փակվելու է հայ-իրանական սահմանն, ու մեր երկիրը մնալու է երեք կողմից շրջապատված վիճակում: Այդ դեպքում Ռուսաստանն աջակցում է Իրանին, իսկ Վրաստանն իր տարածքներն է տրամադրում Իրանին հարվածելու համար, ապա Հայաստանն ուզած-չուզած հայտնվում է մուրճի եւ զնդանի արանքում. եթե պահպանում է ռուսամետ դիրքորոշում, ապա անմիջապես կարող է փակվել հայ-վրացական սահմանը եւս, այսինքն` հայտնվում ենք չորս կողմից շրջափակված վիճակում, ինչը Հայաստանի այս թույլիկ տնտեսության համար մահացու կարող է դառնալ: Երկրորդ տարբերակով, եթե փորձում ենք աջակցել հակաիրանյան կոալիցիային, ապա դա մի կողմից` կարող է միանգամից դադարեցնել ռուսաստանյան բոլոր, այդ թվում` էներգետիկ մատակարարումները, մյուս կողմից էլ` բարդագույն զարգացումներ պետք է ակնկալել արցախյան ճակատում: Մի խոսքով` ապագան բավականին մռայլ երանգներով է պատված, եւ ամենավատն այն է, որ իրադարձությունների նման անբարենպաստ զարգացումները գնալով ավելի ու ավելի իրատեսական են դառնում, եւ շատ հավանական է, որ վերջակետն էլ կդրվի այս ամռանը:
ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այլ հարց է, թե Հայաստանն ինչպե±ս պետք է իրեն դրսեւորի, քանի դեռ չկա պատերազմը, սակայն հակաիրանական պատժամիջոցները գնալով սրվում են: Այստեղ էլ կա երկու հավանական տարբերակ, եւ մեր հավաստի տվյալներով` դրանք երկուսն էլ այս պահին գործում են: Առաջինն այն է, թե Արեւմուտքն ի±նչ չափով Հայաստանից կպահանջի միանալ հակաիրանյան պատժամիջոցներին, մասնավորապես` նավթի նկատմամբ էմբարգոյին, եւ երկրորդը, թե Ռուսաստանն, իր հերթին, ինչ պահանջներ կնեկայացնի: Ընդ որում` այս փուլում Հայաստանի ՙխաղալու՚ հնարավորություններն անհամեմատ ավելի լայն են, քան, եթե բանը հասնի պատերազմին: Եվ, միեւնույն ժամանակ, եթե խոսում ենք արտաքին պահանջների մասին, այս փուլում դրանց զուգահեռ` կան նաեւ առաջարկներ: Եվ, վերջապես, Հայաստանի դիրքորոշման վրա հատկապես այս փուլում էական ազդեցություն կարող են ունենալ հայ-իրանական ուղղակի շփումները:
Հայ-իրանական շփումները մի տեսակ նոր որակական փուլ մտան անցած տարեվերջին Իրանի նախագան Մահմուդ Ահմադինեջադի Հայաստան կատարած այցելությունից հետո եւ, գոնե արտաքուստ, այդ ջերմությունը պահպանվում է մինչ օրս: Ամեն դեպքում` Իրանում հնչում են հայ-իրանական ջերմ բարեկամության մասին խոսող տարբեր հայտարարություններ, Հայաստանում կազմակերպվում են իրանական ցուցահանդեսներ, եւ այլն: Բայց այստեղ ամբողջ խնդիրը, ի վերջո, հասնում է գործնական, տնտեսական հարթություն: Մասնավորապես, թե ի վերջո ի±նչ ճակատագիր է սպասվում հայ-իրանական հայտնի ծրագրերին` Իրան-Հայաստան երկաթուղու, վառելիքատար խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի, Հյուսիս-Հարավ մայրուղու, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությանը եւ այլն: Պարզ է, որ ինչքան էլ ցուցահանդեսներ լինեն, մեկ է, էականն այն է, թե նախ հիշատակված ծրագրերը կիրականացվե±ն, եւ, թե դրանց ի±նչ կերպ կարձագանքի Արեւմուտքն այն ժամանակ, երբ փորձում է հնարավորինս նվազեցնել Իրանի արտաքին տնտեսական կապերը:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ
Այս առումով բավականին խոսուն է այն փաստը, որ հայաստանյան տարբեր պաշտոնյաներ, թաքուն թե բացահայտ, այս օրերին խոսում են Իրանի հետ ունեցած տնտեսական ծրագրերից: Զորօրինակ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն օրերս նախ հայտարարեց, թե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա ապրիլին: Իսկ այդ տրանսպորտային միջանցքը ենթադրում է բարձրակարգ ավտոճանապարհների կառուցում հայ-իրանական սահմանից մինչեւ հայ-վրացական սահման: Իսկ դա նշանակում է, որ թեեւ այն հիմնականում ծառայում է Հայաստանին, սակայն նաեւ Իրանի համար է սեւծովյան տարածաշրջան դուրս գալու ուղի, եւ պատերազմական իրավիճակում կարող է այդ երկրի համար ձեռք բերել ոչ միայն սոսկ ռազմավարական նշանակություն, այլ նաեւ ՙկյանքի ճանապարհի՚ կարգավիճակ:
Սակայն Մ. Վարդանյանը մի փոքր էլ առաջ գնաց` ասելով, թե այս տարվա ընթացքում որոշակի առաջխաղացում կլինի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցում: ՙՀստակ որոշումների մասին խոսել դեռեւս չի կարելի, քանի որ կողմերը գտնվում են աշխատանքային որոշումների կայացման փուլում: Առավել հստակ որոշումները կհրապարակվեն 2 ամսից՚,- հավելեց նախարարը: Այդ 470 կմ-անոց եւ մոտ 1,5 մլրդ դոլար արժեքով երկաթուղին, առավել քան ավտոմայրուղին, կարող է ծառայել Իրանի ռազմաքաղաքական շահերին, ընդհուպ մինչեւ` դառնալ Իրանը բուն Ռուսաստանին, կամ, առնվազն, Հայաստանի ռուսական ռազմաբազային կապող ամենահարմար ուղին, եւ երբ խոսվում է Իրանին ռազմական հարված հասցնելու մասին, այս կարգի ծրագրերը հազիվ թե Արեւմուտքին դուր գան:
Իհարկե, մյուս կողմից էլ` հայտարարելը մի բան է, կառուցելը` բոլորովին այլ, եթե նույնիսկ հայտարարությունը հնչեցնողը նախարար է: Այստեղ, թերեւս, կարելի է հիշեցնել հայ-իրանական մեկ այլ խոշոր ծրագրի եւ դրա հետ կապված հայաստանյան մեկ այլ նախարարի հայտարարությունների մասին:
Իրան-Հայաստան խողովակաշարի կառուցումն ուր որ է սկսելու մասին հայտարարություններ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը քանիցս է հնչեցրել: Օրինակ, անցած տարվա սկզբներին, ներկայացնելով էներգետիկ ոլորտի 2011 թ. գործունեության կարեւոր ծրագրերն ու գերակա խնդիրները` նա հավաստիացնում էր, թե տարվա ընթացքում մեկնարկելու է Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի շինարարության աշխատանքները: Պարոն Մովսիսյանը նաեւ կոնկրետ դետալներ ընդգծեց, օրինակ, թե Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր երկիր կկառուցի նավթատար խողովակաշարի իր տարածքով անցնելիք հատվածը: Այնուհետեւ, անցած հուլիսի կեսերին էլ նախարարն ասում էր, թե նավթամուղի շինարարության աշխատանքները կմեկնարկեն աշնանը: Աշունն անցավ, եւ այդ աշխատանքների մասին դեռ միայն խոսակցություններ են գնում:
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ
Սակայն մեր քաջատեղյան աղբյուրները հավաստիացնում են, որ ինչպես նավթատարի, այնպես էլ Իրան-Հայաստան երկաթուղու եւ այլ նման ծրագրերի մասին խոսակցությունները ներկայումս առավել քան երբեւէ, գործնական փուլում են: Դա կարելի է նաեւ բացատրել այն հանգամանքով, որ Թեհրանում, առավել քան երբեւէ, պարզ տեսնում է, թե այդ օբյեկտները պետք եղած դեպքում ինչ կարեւոր նշանակություն կարող են ունենալ` ընդհուպ մինչեւ ազգային անվտանգության տեսանկյունից: Ընդ որում, պատահականություն չէ, որ տարբեր վերլուծություններում եւս այդ ծրագրերի, մասնավորապես` նավթամուղի կառուցման մեծ հավանականության օգտին` այն մի տեսակ հակադրելով Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների հետ: Օրինակ EurasiaNet.org կայքը նման համեմատություն է բերում. ՙՀայ-իրանական համագործակցությունը նախատեսում է կառուցել 365 կմ երկարություն ունեցող նավթամուղ... Մինչ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ դուրս են մղում Իրանին, Հայաստանը հետամուտ է լինում համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնել Թեհրանի հետ, որոնք կարող են նոր ուղիներ բացել Իրանի` արտաքին աշխարհի հետ կապի համար՚:
Այնուհետեւ տոնայնությունը դառնում է ավելի շատ մեղադրական բնույթի. ՙԱյնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է` Միացյալ Նահանգներից որպես աջակցություն տարեկան ստանում է տասնյակ-միլիոնավոր դոլարներ եւ պետք է ակնկալվեր, որ Հայաստանն էլ կմիանար էմբարգոյին, բայց Հայաստանն ինքը շրջափակվել էր դեռ 1990-ականներից իր երկու հարեւան պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Այս հանգամանքը Երեւանի քաղաքականություն մշակողների կողմից դիտվում է` որպես փրկարարական՚:
Եվ, վերջապես, ընդգծվում է նաեւ կոնկրետ ժամանակացույց. ՙՊլանավորում են աշխատանքները սկսել այս տարի եւ ավարտել մինչեւ 2014թ.՚:
Մի կողմից` ի±նչ է ստացվում. ամերիկյան տասնյակ-միլիոնավոր դոլարները Հայաստանին տրվում են որպես կաշառք` նման իրավիճակներում ԱՄՆ-ի դուդուկի տակ պարելու համա±ր: Հասկանալի է, իրականում այդպես էլ կա, սակայն, այն հավելումով, որ Ռուսաստանից էլ, տարեկան, ամերիկյան ՙտասնյակ -միլիոնավոր դոլարների՚ դիմաց, Հայաստան տարեկան մտնում է միլիարդից ավելի գումար: Սակայն դա չէ խնդիրը: Ամբողջ հարցը նրանում է, որ, ինչպես վկայում են մեր վերը նշված աղբյուրները, ներկայումս Արեւմուտքի հայաստանյան մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ եւս, թաքուն թե բացահայտ, մեր երկրում ներկայացնում են մոտավորապես նույն բնույթի խնդրանք-մեղադրանքներ, թե` հեռու մնացեք Իրանից: Մեկ-մեկ այդ խնդրանքները համեմվում են մի փոքր կոշտ սպառնալիքներով, մեկ-մեկ` կաշառքի նմանվող առաջարկներով: Եվ, խոշոր հաշվով, հայ-իրանական այս հարաբերությունները վիժեցնելու բավականին համառ գործընթաց այս պահին ընթանում է: ՙՀայաստանյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ, այս կամ այն նկատառումներից ելնելով, իրենց հերթին են այդ ծրագրի լոբբինգով զբաղվում, ոմանք էլ, հատկապես նրանք, ովքեր բիզնեսով են կապված Իրանի հետ, աշխատում են այդ երկրի օգտին: Սակայն, ընդհանուր առմամբ, հայաստանյան բարձրաստիճան ղեկավարությունը շատ ավելի հակված է Իրանի հետ համագործակցելու օգտին, բայց օրակարգային է դարձել նաեւ այն հարցը, թե ինչ գործնական քայլերի է պետք դիմել, եթե, հանկարծ, Իրանի շուրջ իրավիճակը հանգի պատերազմի, թեեւ, ի տարբերեւթյուն, ասենք, Ռուսաստանի, դրա հավանականությունը մեզ մոտ շատ ավելի փոքր է գնահատվում: Իրանի տարբեր ներկայացուցիչներն էլ, հատկապես վերջին ժամանակներս, ակնհայտորեն փորձում են այդ նախագծերի գոնե մի մասը հնարավորինս արագ տեղափոխել գործնական, ավելի ճիշտ` շինարարական փուլ, հասկանալով, որ այդ կետից արդեն արեւմտյան ճնշումների ներքո Հայաստանի ետ դառնալու հավանականությունն ավելի փոքր է: Մեր պետությունն էլ, Արեւմուտքին ներկայացնում է իր այն պարզաբանումները, որ դեպի Իրան դուրս եկող երկաթուղու կամ նավթամուղի կառուցումը մեր երկրի համար իսկական փրկություն է, դեռ մի բան էլ մեղադրելով, թե մենք ի±նչ անենք, ձեր ՆԱՏՕ-ական Թուրքիան է 21-րդ դարում շրջափակել մեր սահմանները եւ, ստիպված, Իրանի կողմից ենք փորձում երկաթուղային կապ ստեղծել աշխարհի հետ: Եվ այդ օբյեկտիվ մեղադրանքներին պատասխան չգտնելով` արեւմտյան ներկայացուցիչներն էլ ստիպված են զերծ մնալ ավելի կոշտ ճնշումներից՚,- ասաց մեր հիշատակած աղբյուրը:
Թերեւս հենց այս իրավիճակի ֆոնին էլ պետք է փնտրել այն համառության բուն հիմքը, որով ԱՄՆ-ը փորձում է լուծել հայ-թուրքական հաշտեցման խնդիրը` դրանով էլ Հայաստանի համար արտաքին ելք ապահովելով: Այդ դեպքում արդեն Իրանի հետ հիշատակված ծրագրերից հրաժարվելու ՙխնդրանքները՚ ավելի համառ կարող են դառնալ: Եթե, իհարկե, մինչ դա այդ ծրագրերը չմտնեն շինարարության փուլ, ինչն այդքան ձգտում է արագացնել Իրանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԽՈՐԺԱԿԸ ՈՒՏԵԼԻ±Ս Է ԲԱՑՎՈՒՄ, ԹԵ± ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ Է
Արդեն տեւական ժամանակ է անցել ավտոմեքենաների պարտադիր ավտոապահովագրության կամ տխրահռչակ ԱՊՊԱ համակարգի ներդրումից ու, կարծես թե, քիչ-քիչ դրա շուրջ կրքերը սկսել են հանդարտվել: Եվ, թերեւս, այդ հարաբերական անդորրն էլ հաշվի առնելով` ԱՊՊԱ-ների հաշվին կլորիկ գումարներ գրպանող ապահովագրական ընկերություններն ու նրանց թիկունքներին կանգնածները մտածում են` մի քիչ էլ կարելի է ձեռքերը խորը մտցնել վարորդների գրպանները: Համենայնդեպս հենց այդ տպավորությունն էր առաջանում օրերս ՙՌոսգոսստրախ՚ ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանի հայտարարությունից:
Այսպես` պարոն Մինասբեկյանը մի իսկական լացուկոծ էր սարքել, թե ապահովագրական ընկերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Եւ դա դեռ քիչ է` այդ վնասաբերությունը գնալով աճում է: Վնասաբերություն ասելով, նա նկատի ուներ, որ փոխհատուցումները շատ են, եւ ընկերություններին տակը բան չի մնում: Թվերի լեզվով նա պատկերը ներկայացրեց մոտավորապես այս կերպ. վթարների դիմաց հատուցումները` վնասաբերության ցուցանիշը 2011թ. կազմել է 55 տոկոս: Գումարած դրան` ապահովագրական ընկերությունը 15-17 տոկոսի չափով միջնորդավճար է տալիս իր գործակալներին, 2 տոկոս` ՙերաշխավորված ֆոնդին՚, իսկ 1 տոկոս` ՙԱվտոապահովագրողների բյուրոյին՚: Մի 20 տոկոս էլ գնահատեց վարչական ծախսերը եւ ստացավ, որ ընկերությանը տակը էլ բան չի մնում. մի 5 տոկոս ու դա էլ շահո±ւյթ է, որ աշխատես: Մի խոսքով` սակագները վաղ թե ուշ պետք է վերանայվեն, ասել է թե, վարորդներից ավելի շատ է պետք քամել:
Իհարկե` ամեն մի գործարար էլ կուզենա հնարավորինս շատ եկամուտ ստանալ եւ այդ գլոբալ գաղափարի ֆոնին պարոն Մինասբեկյանին կարելի է եւ ՙհասկանալ՚: Բայց թե ինչքանո±վ է տրամաբանական նրա այս հաշվարկը` դա արդեն այլ խոսակցության թեմա է: Սկսենք նրանից, թե տեսնես այդ 5 տոկոսանոց շահույթը ինչով է համակարգի ներկայացուցչին այդքան տխրեցրել, եթե, իհարկե, մի պահ ընդունենք, որ նրա թվերը համապատասխանում են իրականությանը: Որ հայաստանյան այլ ոլորտներում մի 15-20 տոկոսով են ընկերությունները մեջ մտնում, ասել է թե, թալանում են մինչեւ վերջին թելը, իսկ իրենց դա չի± թույլատրվում: Բայց մյուս կողմից էլ` այդ ի±նչ մի տաժանակիր աշխատանք են անում, որ 5 տոկոսից էլ դժգոհում են: Իրենց համար նստած թուղթ են լրացնում, մեկ-մեկ գնում վթարների վայրերը ու վերջ: Պետությունն էլ` պարտադրել է վարորդներին վճարել, ու մնում է միայն փողերը հավաքել...
Սակայն էականն այն է, որ ի սկզբանե էլ պատկան մարմինը ԱՊՊԱ-ների դրույքաչափերի հաշվարկների հիմքում դրել էր 2-5 տոկոս շահութաբերություն: Այսինքն` շահույթի առավելագույն մակարդակն ապահովված է, եւ եթե դա էլ է դժգոհության տեղիք տալիս, ապա, պարզապես, ի սկզբանե պետք չէր այս ոլորտ մտնել:
Ընդ որում` այդ հաշվարկներով` վնասաբերությունը պետք է արձանագրված 55-ի փոխարեն լիներ 78 տոկոս: Այսինքն` յուրաքանչյուր 100 դրամից պետք է որպես փոխհատուցում տրվեր ոչ թե 55, այլ 78 դրամ: Գումարի մնացած մասն էլ պետք է ապահովեր մյուս բոլոր ծախսերն ու շահույթը:
Իսկ թվերի լեզվով, համենայնդեպս` Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի թվերի, պատկերն այսպիսին է. 2011 թ. պարտադիր ավտոապահովագրության գծով հայաստանյան ապահովագրական 8 ընկերությունները հավաքագրել են 14,8 մլրդ դրամ եւ որպես հատուցում` վճարել 5,56 մլրդ դրամ կամ հավաքագրված գումարների մոտ 37,5 տոկոսը: Տակը մնում է 10 մլրդ-ից մի փոքր քիչ գումար, եւ, եթե դա էլ ապահովագրողների ախորժակը չի բավարարում... Չնայած մեր երկրում այդ ո±ր մի խոշոր թալանի մասնակցի ախորժակն է բավարարվում:
Հետաքրքիր է նաեւ պարոն Մինասբեկյանի ներկայացրած 20 տոկոսանոց վարչական ծախսերը: Խոսքը, ընդհանուր առմամբ, 2-3 մլրդ դրամի մասին է, ինչով կարելի է զրոյից նոր համակարգեր ստեղծել ու ապահովել վարչական ծախսերը: Բայց չէ± որ մինչ ԱՊՊԱ-ներն ու ապահովագրական ընկերությունները գործում էին, ասել է թե, ունեին իրենց հիմնական կառուցվածքը, կատարում էին համապատասխան վարչական ծախսեր: ԱՊՊԱ-ների ներդրումով այդ կառույցները պետք է ընդամենը հաշված թվով նոր աշխատակիցների ներգրավեին, ապահովեին տեխնիկական կողմը եւ վերջ: Կարելի է շատ ավելի մանրակրկիտ հաշվարկներ կատարել եւ ապացուցել, որ այս ուղղությամբ ծախսվող գումարները ոչ մի կերպ չէին կարող վերածվել 20 տոկոսանոց վարչական ծախսերի: Բայց երեւում է, մեր ապահովագրողները որոշել են իրենց բոլոր վարչական ծախսերը վերցնել ու հաշվել ԱՊՊԱ-ի մեջ: Դե, այդ դեպքում, 20 չէ, 50 տոկոս ծախս էլ կարող ես նկարել ու վերջում էլ լաց ու կոծ դնել, թե վնասով ենք աշխատում, մի քիչ էլ գները բարձրացրեք: Մի խոսքով, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում:
Մյուս տարբերակն այն է, որ մեր ապահովագրողները որոշել են առաջնորդվել ՙԼավագույն պաշտպանությունը հարձակումն է՚ կարգախոսով: Անցած տարի ԱՊՊԱ-ների գծով հավաքագրված գումարներն ու դրանց մոտ 33 տոկոսի չափով տրամադրված փոխհատուցումների չափը միանշանակ վկայում է, որ գործող սակագները գերշահութաբեր են: Այսինքն` տրամաբանական հարց է առաջանում` այդ սակագները նվազեցնել: Առավել եւս, որ վարորդների գրպանը մտնելու հնարավորություն տվող մեկ այլ նորամուծություն` ամենուր տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը պարտադրում են շատ ավելի զգույշ լինել: Դա միանշանակ ենթադրում է, որ պակասելու են ինչպես վթարները, այնպես էլ դրանց արդյունքում տրվող ապահովագրական փոխհատուցումները: Եվ սա եւս, եթե ոչ այսօր, ապա վաղը, ապահովագրավճարները նվազեցնելու մեկ այլ էական փաստարկ է դառնալու: Դե, ուրեմն, էս գլխից պետք է դեմն առնել, լաց ու կոծ դնել, թե վնասով ենք աշխատում, որ վաղը չվերցնեն ու գերշահույթները մի քիչ պակասացնեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Designed by Administrator

