-
Նորություններ
-
Արխիվ


Քաղաքական
ՙԻՆՉ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այս պահին քննարկումը ԱՄՆ Կոնգրեսում դեռ ընթանում է: Իրավիճակը բավականին հետաքրքրական է: Մի կողմից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կոչ է արել ընդունել բանաձեւը, մյուս կողմիցª ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հորդորել է ընթացք չտալ Ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Ու հետաքրքրական է, որ երեկ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի եւ թուրք փորձագետները բավականին բարձր էին համարում ընդունման հավանականությունը: Ի դեպ, Մեծ Բրիտանիայում նույնպես ընթացք է տրվում Ցեղասպանության խնդրին. մարտի վերջին համայնքների պալատի անկախ հանձնաժողովը երրորդ անգամ է քննարկելու ճանաչման օրինագիծըª այն Լորդերի պալատ ուղղելու համար:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ
Թուրքական ՙՎաթան՚ թերթի վկայությամբ արդեն պատրաստ է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հետկանչի հրամանագիրը: ԱՄՆ-ում էր գտնվում եւ գործնականում ամբողջ թուրքական վերնախավը, եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ ՙԱՄՆ-ն այժմ երկու ճանապարհ ունիª կամ առ ոչինչ անել ամբողջ առաջընթացը, որն առկա է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում, կամ շարունակել աջակցել խաղաղ գործընթացին՚: Դավութօղլուն խոսեց նաեւ արձանագրությունների ճակատագրի մասինª ուղղակիորեն դա պայմանավորելով բանաձեւ ընդունել-չընդունելով: Մեկնաբանելով դաª ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե±ս է մեկնաբանում Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում, մասնավորապես ասել է. ՙԵթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձանագրությունները եւ դա չի արել՚:ՙԱրձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր: Այսինքնª Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին հստակ ասվում է դեռեւս 2009թ. օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ: Եվ ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում՚: Այսինքնª պարզորոշ երեւում է, որ թուրքական շանտաժն ակնհայտ է ու, բնականաբար, Հայաստանը մտադիր չէ շանտաժին տեղի տալ:
Ուշագրավ է, որ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն իր ասուլիսին արդեն նշել էր վերջնաժամկետըª եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան վավերացման հարցում տեղից չշարժվի, ապա Հայաստանը հետ կկանչի արձանագրությունների իր ստորագրությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում տիրող իրավիճակին, ապա հետաքրքրական է, որ հայկական եւ քրդական արմատներ ունեցող դատավոր Չաղաթայ Չեթինը կեղծ փաստաթղթերով փախել է Թուրքիայից եւ քաղաքական ապաստան խնդրել Հոլանդիայի իշխանություններից: Չեթինի խոսքովª բազում քուրդ դատավորներ պատրաստ են հետեւել իր օրինակին: Իր հերթին, ԱՄՆ-ում ապրող թուրք պատմաբան Թաներ Ակչամը երեկ հայտարարեց, որ ՙհայ-թուրքական սահմանի փակ լինելը անառողջ երեւույթ է: Դա ոչ միայն չի նպաստում ղարաբաղյան կարգավորմանը, այլեւ կաթվածահար է անում իրավիճակը: Սահմանի շրջափակումը ունի միայն մեկ հետեւանքª Անկարան զրկված է ղարաբաղյան կարգավորման մեջ դերակատարությունից: Եթե Թուրքիան հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, ապա հնարավորություն կունենա նաեւ ազդեցություն գործելու, եւ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ փակ սահմանը իր շահերից չի բխում՚: Պատմաբանը նաեւ անընդունելի համարեց այն, որ Թուրքիանª Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը օգտագործում է որպես պատրվակ դժգոհության համար եւ անհիմն ձեւով ղարաբաղյան կարգավորումը առաջ է տանում որպես նախապայման: Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա, ըստ պատմաբանի, Թուրքիայի համար լավագույն ելքը կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դա չկապակցել Լեռնային Ղարաբաղի հետ:
Ինչեւէ, բոլոր պարագաներում հայ-թուրքական հանգուցալուծումը մոտ է, ու, ամենայն հավանականությամբ, հենց թուրքական կողմը գործնականում կտապալի արձանագրությունների վավերացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, Անկարան վավերացնի դրանք, ապա Թուրքիայում ծավալվելու են նորանոր դժգոհություններ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ռազմական շրջանակներում: Եվ գնալով ավելի ու ավելի է աճում հավանականությունը, որ այդ ամենը կավարտվի ռազմական հեղաշրջումով:
ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնում է Փարիզª փորձելով Ֆրանսիայի նախագահ Սարկոզիից ինչ-ինչ օգնություն կորզել: Փարիզ պատրաստվում է ուղեւորվել եւ Սերժ Սարգսյանը, եւ ընդհանրապես շարունակվում են Հայաստանի շփումները Արեւմտյան Եվրոպայի հետ: Նախատեսված է նաեւ այց Բրյուսել, իսկ Իսպանիայի արտգործնախարարը օրերս Երեւանում խոսում էր Հայաստանը որպես Եվրամիության ասոցացված անդամ ընդգրկելու հնարավորության մասին:
Այսինքնª իրավիճակը հետեւյալն է. Ռուսաստանը միանգամայն կողմ է, որ պահպանվի ստատուս-քվոն, Հայաստանը ջանքեր է գործադրում Եվրոպային այդ դաշտ բերելու, եւ գործնականում հարցում ամենաշտապողը մնում է ԱՄՆ-ն:
Հենց ամերիկյան ազդակներով պետք է պայմանավորել այն, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում փորձ է արվում ներազդել գործընթացի վրա: Սույն աստվածահաճո հիմնարկության նախագահ Ժոաո Սոարեշը երեկ հայտարարել է, որ ՙայդ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել: Լավ լուծումը դրված է սեղանին եւ անհրաժեշտ է խիզախություն եւ քաղաքական կամքª վերջնական քայլերը անելու համար: Կարծում եմ, որ Ղազախստանի գործող նախագահությունը ԵԱՀԿ-ում դրանում շատ կարեւոր դեր է խաղալու՚:
Սակայն սույն եվրաբյուրոկրատի կարծիքը, մեղմ ասած, չեն կիսում շատերը Ղազախստանում: Այսպես, ղազախ քաղաքագետ Ռուստամ Բուրնաշեւը կասկածի տակ է դնում, որ Ղազախստանն առհասարակ հետխորհրդային տարածքում ի զորու է որեւէ հակամարտություն լուծել. ՙՉեմ կարծում, որ դրանք ընդհանրապես տեսանելի ապագայում լուծելի են, առավել եւսª այս տարի: Խոսքը վերաբերում է ընդամենը այդ հակամարտությունների վրա ուշադրություն գրավելուն, ինչպես նաեւ ինչ-ինչ տեղաշարժեր առաջացնելուն: Հակամարտությունների լուծման մասին դժվար թե խոսք լինի: Ղազախստանը, գործնական մակարդակով, ըստ իս, այդպիսի հարց չի դնում՚: Քաղաքագետի համոզմամբª ԵԽԽՎ-ում էլ Թուրքիայի ակտիվությունը դժվար թե տեղաշարժ առաջացնի: Ընդհակառակը, Բուրնաշեւի կարծիքով, ավելի հավանական է կողմերի ու հատկապես Ադրբեջանի դիրքորոշման կոշտացումը:
Ի դեպ, կոշտացումն արդեն երեւում է Հայաստանի դիրքորոշման մեջ: Այսպես, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը ուղղակիորեն նշում է, որ Երեւանը չի քննարկելու տարածքների հարց, եւ այդ հարցը կարող են քննարկել բացառապես Ստեփանակերտի հետ: Ստեփանակերտի դիրքորոշումն էլ մեկ անգամ եւս շեշտեց ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանըª հիշեցնելով, որ այդ տարածքները, ըստ ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ անբաժանելի մասն են, եւ անընդունելի համարեց անգամ ՙազատագրված տարածքներ՚ կամ ՙվերաբնակեցվող տարածքներ՚ տերմինները:
Այսպիսով, ամեն ինչ պարզ է: Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնագիր չի ստորագրվի, հետեւաբարª ՙարցախյան խցանը՚ այդպես էլ մնալու է փակվածª ի հեճուկս ԱՄՆ-ի եւ Միջին Ասիայի երկրների բուռն ցանկությանը, էներգակիրներ փոխադրելª շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:
Այլ հարց է, որ աճում է պատերազմի սանձազերծման հավանականությունը, եւ ադրբեջանական կողմը սահմանի վրա ավելացրել է դիպուկահարների քանակը, ու արդեն իսկ հակառակորդի կրակից Տավուշի դիրքերում զոհվել է ժամկետային զինծառայող, իսկ Արցախի դիրքերում ծանր վիրավորվել է սպա: Սակայն անհասկանալի է, թե ինչու առայժմ մեր բանակի ղեկավարությունը ձեռնպահ է մնում այդ ոտնձգություններին կոշտ ու ծանրակշիռ պատասխան հարված հասցնելուց: Չէ± որ այդ դեպքերը արդեն իսկ ագրեսիայի ուղղակի դրսեւորում են եւ հայկական կողմին իրավունք են տալիս ձեռնարկելու ցանկացած քայլ սեփական անվտանգությունն ապահովելու եւ ագրեսիան հետ մղելու համար:
ՎՐԱՑԻՆԵ±ՐՆ ԷԼ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԲԱՐԵԿԱՄ
Սերժ Սարգսյանի այցը Վրաստան եւ Հայաստանի միջնորդությամբ գարնան առաջին օրը Վերին Լարսի անցակետի բացումը առաջացրել են Ադրբեջանի նյարդային արձագանքը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Պոլուխովը հայտարարել է, որ եթե այդ անցակետով որեւէ ռազմական բեռ անցկացվի, ապա Վրաստանի համար դա կունենա շատ ծանր հետեւանքներ: Ճիշտ է, ի պատասխան դրա, Վրաստանի ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ այդ անցակետով գեթ մեկ ռուսական փամփուշտ չի ներկրվի Հայաստան, սակայն, բոլոր դեպքերում, ադրբեջանա-վրացական հարաբերությունների վատթարացումը արդեն իսկ փաստ է: Եվ ապագայում սպասելի է, որ Վերին Լարսի հարցով Բաքուն նորանոր վերջնագրեր է ներկայացնելու Թբիլիսիին:
Ընդհանրապես, կարծես թե ոչ պաշտոնական մակարդակով տեղաշարժեր են առկա եւ ռուս-վրացական հարաբերություններում: Համենայնդեպս, այնքան էլ անհավանական չի թվում, որ կարող է իր լուծումը ստանալ աբխազական երկաթգծի բացումը եւ դրանով իսկ կապահովվի Հայաստանի երկաթուղային անմիջական կապը Ռուսաստանի հետ: Ի դեպ, ուշագրավ է, որ վերջերս լրատվական դաշտում շրջանառվել էր մի կեղծիքª իբր Աբխազիայից պատրաստվում են վտարել հայերին, որպեսզի հայերը հանկարծ հանրաքվեի ժամանակ չքվեարկեն Աբխազիան Ռուսաստանի կազմ մտցնելու օգտին եւ ապահովվի Աբխազիայի անկախությունը: Պարզ է, թե ում ականջներն են ցցվում այդպիսի կեղծիքից:
Վրաստանի տարածքային ամբողջականության մասին Ղազախստանի արտգործնախարար Քանաթ Սաուդաբաեւի հայտարարությունից էլ այժմ Աստանայում են փորձում սահմանազատվելª տարբեր ամբիոններից հնչեցնելով այն տեսակետը, որ դա ոչ թե Ղազախստան պետության, այլ սոսկ արտգործնախարարի անձնական կարծիքն էր: Բնական է, որ դա չէր կարող լինել առանց Մոսկվայի համապատասխան ՙհաթաթաների՚:
Ի դեպ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի այցից հետո բավականին ուշագրավ ժեստով հանդես է եկել Ստեփանակերտը: ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը երեկ հայտարարել է. ՙՄենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք... Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետեւ նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Այդ երեւույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի: Կարծում եմ, որ այս փաստը ինչ-որ ժամանակ կստանա նաեւ դիվանագիտական անհրաժեշտ արարողակարգային ձեւակերպում: Ոչինչ չի խանգարում, որպեսզի Արցախի Հանրապետությունը եւ Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն՚:
Ահա այդպիսի փոխլրացում հայ-վրացական հարաբերություններում: Եթե դրան հավելենք նաեւ Ջավախքի հարցի շուրջ հասարակական, քաղաքական եւ այլ կազմակերպությունների խորացող համախմբումը, ապա պարզ է դառնում, որ հայկական կողմը ձգտում է իր համար գործողությունների ազատություն ապահովել: Եվ դա կարող է լինել ըստ նպատակահարմարության եւ իրավիճակի ինչպես հայ-վրացական հարաբերությունների խորացման, այնպես էլ կոնֆլիկտի ուղղությամբ:
Ինչեւէ, այսօր արդեն ԱՄՆ Կոնգրեսի կոնկրետ դիրքորոշումից շատ ու շատ բաներ կդառնան ակնհայտ, եւ դա վերաբերելու է մեր ամբողջ տարածաշրջանին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՎԱՑՈՂ ԵՎ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԿՈՂՄԵՐԸ
Դժվար չէ կռահել, որ այս իրավիճակում, երբ մեր տեղական օլիգարխները, մոնոպոլիստներն ու տարաբնույթ մեծապատիվ չարչիներն ամենաիսկական գնային թալանի են մատնել սեփական ժողովրդին, առանձնահատուկ կարեւորություն են ձեռք բերում նրանց անհագուրդ ախորժակը զսպելուն միտված պետական մեխանիզմները: Իսկ այդ մեխանիզմները կիրառելու համար էլ ժամանակին ստեղծվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այն համարվում է պետական մյուս ինստիտուտներից անկախ մարմին: Իհարկե, ի սկզբանե էլ այդ անկախությունը ձեւական բնույթ ուներ: Սակայն երբ հնգամյա ժամկետով պաշտոնավարող հանձնաժողովի նախագահին ու անդամներին տեսականորեն աշխատանքից ազատվելու հնարավորություն չկա, ապա գոնե հարաբերական անկախություն այդ կառույցում կարող էր լինել:
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՙԶՈ±ՀԸ՚
Սակայն մեր խնդիրն այս պահին հանձնաժողովի կարգավիճակի մասին խոսելը չէ: Խոսքը հետեւյալի մասին է. այս իրավիճակում, ակնհայտորեն, էլ ավելի է կարեւորվում հանձնաժողովի դերը: Սակայն մինչեւ անցած տարեվերջ պաշտոնավարած հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի օրոք եթե մի տեսակ վարժվել էինք հանձնաժողովի փաստացի անգործունեությանը, թեեւ դա փորձում էին քողարկել մերթընդմերթ ի հայտ եկող աշխուժության շոուներով, ապա անցած տարեվերջից սկսածª կարծես թե հանձնաժողովի շուրջ ինչ-որ տարօրինակ երեւույթներ են նկատվում: Իհարկե, ամեն ինչ սկսվեց Ա. Շահնազարյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրան վերստին նախագահի պոստում չնշանակելով: Պաշտոնական պատճառաբանությունները ստանդարտ էին` այլ աշխատանք: Փաստացի էլ այդ այլ աշխատանքը կար: Սակայն խոսքը գործնականում ՙմեռած՚ մի պաշտոնի մասին էր, ինչը, ըստ էության, ՙկիսապատվավոր՚ աքսորի նման մի բան էր: Իսկ այն օրերին ՙչար՚ լեզուները շշնջում էին, որ, պատկերավոր ասած, շատ դեպքերում հանձնաժողովը օլիգարխների եւ մոնոպոլիստների փաստաբանի կարգավիճակի հասցրած պարոն Շահնազարյանը մեկ-մեկ ոգեւորվում ու բնատուր զգուշավորությունը կորցրած այդ նույն մոնոպոլիստների մասին այնպիսի թվեր էր բարձրաձայնում, որ ամենեւին ՙսազական՚ չէր ՙփաստաբանին՚...
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՙԶՈՀԸ՚ ՉԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱ±Ր
Ա. Շահնազարյանին փոխարինելու եկած Դավիթ Հարությունյանը, 5 տարվա փոխարեն, 5 ամիս էլ չհասցրեց աշխատել: Եվ նրաª կրկին ՙայլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՚ հրաժարականը տարաբնույթ խոսակցությունների եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: Նշանակված պահից էլ պարոն Հարությունյանը համարվում է ՙվարչապետի մարդը՚: Եվ հիշատակված խոսակցությունների ցանկում գլխավորներից մեկով էլ այդ հրաժարականը կապվում էր հենց վարչապետի հետ: Դեռ վերջնականապես չեն մարել հերթական անգամ ծավալված վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցությունները: Իսկ անցած շաբաթ, երբ հրաժարական տվեց Դ. Հարությունյանը, այդ թեման հասել էր իր գագաթնակետին: Թեեւ մեր էջերում այլ տեսակետ ներկայացնելու առիթ ունեցանք, սակայն այդ օրերին տարածված վարկածներից մեկն էլ այն էր, թե բավականին թուլացած վարչապետը պարզապես չկարողացավ ՙտիրություն անել իր մարդուն՚: Իհարկե, միգուցե Դ. Հարությունյանի պաշտոնանկությունը ՙպայքար վարչապետական աթոռի համար՚ պատմության փոքր օղակներից էր: Միգուցե նաեւ ինչ-որ տեղ այդ հրաժարականը խոսում է վարչապետի թույլ ¥երերուն տերմինը անտեղի ենք համարում օգտագործել¤ վիճակի մասին: Սակայն մեր քաջատեղյակ աղբյուրներն այն համոզմունքին են, որ խոսքն այստեղ, եթե կարելի է ասել, ավելի գլոբալ թուլության մասին է, որի պատառիկներից, դրսեւորումներից մեկն էլ այդ վերջին հրաժարականն էր: Քաղաքական իրավիճակը, ինչպես կանխատեսել էինք մեր վերջին հրապարակումներից մեկում, գրեթե փոխվել է, ինչի հիմնավորումներից մեկն էլ, որքան էլ տարօրինակ թվա, հենց նույն հանձնաժովովի նորանշանակ նախագահ Աշոտ Շաբոյանի նշանակման փաստն է:
Բայց մինչ պարոն Շաբոյանին կհասնենք, նախ ներկայացնենք նաեւ մեր հիշատակված քաջատեղյակ աղբյուրների կարծիքը Դ. Հարությունյանի հրաժարականի հետ կապված, քանի որ այդ պատմությունն ուղղակի առնչություններ է ունենալու նաեւ Ա. Շաբոյանի ապագա գործունեության հետ, եւª ոչ միայն նրա:
Մենք էլ զարմացանք, սակայն մեր աղբյուրները Դ. Հարությունյանին բնութագրեցին թեեւ ամենեւին էլ որպես ոչ ականավոր, սակայն որպես բավականին բանիմաց եւ գործունյա անձնավորության, թեեւ նրա նշանակումից առաջ էլ, առավել եւս` հետո էլ գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն աճում են, այն էլ` բուռն թափով: Դա մի կողմիցª խոսում է այն մասին, որ անցած ամիսներին այդպես էլ հանձնաժողովի էական աշխատանքը չտեսանք: Սակայն, միեւնույն ժամանակ, այդ նույն ամիսներին արձանագրվեցին մի քանի ուշագրավ բացահայտումներ: Եվ նույնիսկ Լֆիկ Սամոյի մի շարք բիզնեսներ ենթարկվեցին տուգանքի եւ այլ պատժամիջոցների ¥դեղեր, խմիչք¤: Ավելին, տեղյակ աղբյուրների պնդմամբª հանձնաժողովը ձեռքի տակ էլի մի շարք աղմկահարույց փաստեր ուներ ոչ միայն նրա, այլ նաեւ մի քանի օլիգարխների նկատմամբ: Եվ խոսքը ոչ միայն գների արհեստական թանկացումների, այլեւ տնտեսական մրցակցության կանոնների կոպտագույն խախտումների միջոցով իրարից բիզնեսներ խլելու մասին է, ու այն ծավալներով, որ ցանկացած պահի կարող է ներօլիգարխիկ եւ ներիշխանական պատերազմների պատճառ դառնալ: Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ պարոն Հարությունյանը որոշ կոշտուկներ էր տրորել: Ընդ որում, հաշվի առնելով, որ մի շարք շուկաներ այդպես էլ, համենայնդեպս` հրապարակայնորեն, հանձնաժողովի տեսադաշտում համառորեն չհայտնվեցին, կարելի է ենթադրել, որ տրորվում էին նախապես ընտրված եւ ինչ-որ ատյաններում համաձայնեցված կոշտուկներ: Թեկուզեւ բերենք բենզինի շուկայի օրինակը: Այստեղ բազմիցս արձանագրված գների աճը ուղղակիորեն աղաղակում է հակամրցակցային համաձայնությունների օգտին ¥թեկուզեւ վերցնենք երկու օր առաջ տեղի ունեցած հերթական թանկացումը¤: Բայց երբ հաշվի ենք առնում այդ նույն ժամանակահատվածում շրջանառվող այն պնդումները, թե Ֆլեշի Բարսեղը ցանկանում է վարչապետի հովանու ներքո կուսակցություն հիմնել, ապա շատ բան սկսում է իր տեղն ընկնել:
Իսկ Դ. Հարությունյանը, ըստ մեր աղբյուրների, նաեւ բավականին հեռատես մարդ է, եւ թերեւս սկսել էր կռահել, որ իրեն տրված անվտանգության երաշխիքները կարող էին մի վայրկյանում պայթել, ու շատ հավանական է, որ այդ խոշոր կռվում պարզապես ոտնատակ գնար... Մի խոսքով, մեր աղբյուրներն այն համոզմունքին են, որ հրաժարականը իրոք Դ. Հարությունյանի ներքին անկեղծ ցանկությունն էր: Իհարկե, այդ պարագայում թեեւ կար թիմակիցների աչքից ընկնելու տարբերակը, բայց ասում ենª կային նաեւ կիսաթաքնված սպառնալիքներ, եւ այդ իրավիճակում թերեւս նրա մոտ գերիշխեց ինքնապահպանման բնազդը...
ՕԼԻԳԱՐԽԻԿ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Ա. Շաբոյանը բազմեց Դ. Հարությունյանի աթոռին հենց նույն պայթյունավտանգ իրավիճակում: Նախ ներկայացնենք ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նորանշանակ նախագահին, ով, ինչպես արդեն նշեցինք, իր հերթին եւս համարվում է ՙվարչապետի մարդը՚: Ասենք` Ա. Շաբոյանի աշխատանքային գործունեությունն էլ է այդ մասին խոսում: 1975թ. ծնված Ա. Շաբոյանը 1992-1997թթ. սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, որն ավարտելուն պես աշխատանքի է անցել ՀՀ Կենտրոնական բանկում: Հասկանալի էª գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի ենթակայության տակ: Նկատենք նաեւ, որ երբ ուսանողական նստարանը նոր լքած անձին միանգամից վերցնում են պետական խոշոր հիմնարկությունում աշխատանքի, 10 տարի ՙաճեցնում՚ են, ապա նա հազիվ թե գործնականում չհանդիսանա այդ հիմնարկության ղեկավարի ՙմարդը՚: Կոնկրետ դեպքում, թերեւս նաեւ շատ վստահելի ՙմարդը՚, հաշվի առնելով, որ արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն բանկային համակարգում աշխատանքային փորձ ունեցող երիտասարդին միանգամից տեղափոխում է այնպիսի կարեւորագույն պոստ, ինչպիսին է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Ավելին, պարզվում է, որ 2008թ.-իցª մինչ հանձնաժողովի նախագահ նշանակվելը, այսինքն` ոչ լրիվ երկու տարվա ընթացքում, պարոն Շաբոյանը հասցրել է դառնալ մաքսային ծառայության գնդապետ: Ավելացնենք նաեւ, որ Ա. Շաբոյանը հանդիսանում ¥կամ հանդիսացել¤ է Արժույթի միջազգային հիմնադրամի ¥ԱՄՀ¤ ֆինանսական վիճակագրության հարցերով խորհրդական, ինչը, թերեւս, իր հերթին էական գործոն է:
Կերպարն ամբողջացնելու համար նշենք նաեւ, որ 2009թ.-ին, թերեւս գնդապետական ուսադիրներից ¥թեկուզեւª մաքսային ծառայության¤ իմաստնացած Ա. Շաբոյանը հանկարծ մի անհաղթահարելի մղումով լցվեց դեպի նժդեհականությունը, եւ հասկանալի է, որ վարչապետի օրինակով անցավ Հանրապետական կուսակցության գիրկը:
Ահա թե ով է հետայսու ի պաշտոնե կոչված մեզ պաշտպանելու օլիգարխիկ թալանից, իսկ օլիգարխներին էլ` իրարից, որ ավելորդ պատառի համար իրար փոր չթափեն: Այդ պայքարում նրան կօգնե±ն գնդապետական ուսադիրները... ո±վ գիտի, կապրենքª կտեսնենք, ինչպես տեսանք, որ այդ կռիվները ՙկոնտրոլի՚ տակ պահելը Դ. Հարությունյանի ատամի բանը չէր: Բայց որ վարչապետը, նրան պետեկամուտներից տեղափոխելով, այդ կառույցում է թուլանում, դա էլ է փաստ:
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
Այստեղ թերեւս կարելի է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունը եւս կարծես թե խառնվել է ՙպայքար վարչապետական աթոռի համար՚ պատմության այս փուլին: Այն, որ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն ¥որի հետ Դ. Հարությունյանը սերտ առնչություններ ունի¤ հայաստանյան քաղաքական դաշտում գործող ֆիգուրներ են, ամենեւին էլ նորություն չէ: Նորություն չէ նաեւ այն հանգամանքը, որ այդ կառույցները աշխատանքային առումով սերտ կապերի մեջ են հայաստանյան բանկային համակարգի, այսինքնª առաջին հերթին ԿԲ-ի հետ: Իսկ այդ տեսանկյունից արդեն պատահական չեն թվում այն բազմաթիվ պնդումները, թե ԿԲ-ի երկարամյա ղեկավար եւ էությամբ կոսմոպոլիտ Տիգրան Սարգսյանը հենց այդ ուժերի գործուն միջամտությամբ հայտնվեց վարչապետի աթոռին, եւ այսօր էլ, այսպես ասենք, սերտ հարաբերությունները պահպանվում են: Իսկ այն իրավիճակում, երբ առանձնահատուկ սրության էին հասել վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցությունները, ՀԲ-ի միջամտությունն ակնկալելի էր: Համենայնդեպս, այդ մասին է խոսում օրերս ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի այն հայտարարությունը, թե. ՙԻմ կարծիքովª պակասում են ավելի համարձակ քայլերը, որպեսզի նվազի օլիգոպոլիաների տարածվածությունը Հայաստանում: Եթե դա չարվի, ապա ավերիչ ազդեցություն կունենա ներդրումային իրավիճակի վրա՚: Եվ հիմնական թիրախը ուղղեց նույն Պետեկամուտների կոմիտեին. ՙԱնհրաժեշտ է, որպեսզի մաքսային ծառայությունը սահմանի խաղի հստակ կանոններ բոլորի համար՚:
Բայց ի±նչ ասել է ՙավերիչ ազդեցություն կունենա ներդրումային իրավիճակի վրա՚: Այն, որ ճգնաժամային պայմաններում հայաստանյան ներդրումային իրավիճակ ասվածը գործնականում բաղկացած է արտաքին վարկերից ու վարկային խոստումներից, նորություն չէ: Իսկ այդ տեսանկյունից պարոն Վարուդակիսի խոսքը կարելի է ընկալել նաեւ վատ թաքցրած սպառնալիք, մոտավորապես այսպես. ՙԵթե մեր ասածը չանեք, կզրկենք վարկերից՚: Սաª դեռ բացահայտ: Մեր աղբյուրները պնդում են, որ կուլիսային հարթությունում ՀԲ-ն ավելի կոշտ դիրքորոշում է ներկայացրելª պահանջելով որոշ մոնոպոլիստների ՙսանձերը ձգել՚ եւ պատժել բարձրաստիճան որոշ պաշտոնյաների: Խոսքը 8 մարդու մասին է: Ընդ որումª մեր աղբյուրները պնդում են, որ այստեղ ավելի շուտ գործել է ՙՊահանջիր շատը, որ ստանաս քիչը՚ սկզբունքը: Իսկ որ ՀԲ-ի այդ միջամտությունից հետո միանգամից գրեթե դադարեցին վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցությունները, խոսում է այն մասին, որ վարչապետի պահանջներից ամենամինիմումն արդեն կա:
Չմոռանանք նաեւ, որ ՀԲ-ի այդ հայտարարությունից հետո էր, որ իր հերթին որոշեց խաղի մեջ մտնել Արտաշես Գեղամյանը, ում, հիշեցնենք, դեռ միայն վերջերս էր մի քանի պաշտոններ եւ նույնիսկ պատգամավորական մեկ աթոռ բաժին հասել: Եվ ահա Արտաշես Մամիկոնովիչը ելնում եւ հրապարակային մի բոցաշունչ հայհոյանք է հղում...Հրանտ Բագրատյանին: Դժվար է ասել, թե կրկին արեւմտամետ ուժերի գործիք համարվող պարոն Բագրատյանն ու իր զինակիցները ի±նչ չափով են ներառված ՙպայքար վարչապետական աթոռի համար՚ պատմության այս փուլի մեջ, սակայն իր երկարաշունչ հրապարակումների շարքը վերնագրելով ՙՅո± երթաս, պարոն Բագրատյան՚ª Ա. Գեղամյանը բուն տեքստում, մի կողմ թողած Բագրատյանին, երբեմն էլ նույնիսկ կիսագովեստային երանգներ տալով նրա հասցեին, իր հիմնական պերճախոսությունը թափում է կառավարության գլխին: Այս կարգի արձագանքնե±րը, հակազդեցությո±ւնն էին պատճառը, որ ՀԲ-ն, կարծես թե, սկսեց մի փոքր զսպել իր պահանջները: Այսինքնª 8 մարդու փոխարեն ի վերջո ամեն ինչ կարող է սահմանափակվել 1-2 մարդով: Իսկ ՀԲ ներկայացուցչի վերը նշված հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը առաջին հերթին Պետեկամուտների կոմիտեի, այսինքնª կոմիտեի պետիª Գագիկ Խաչատրյանի մասին է: Ընդ որում, կան տվյալներ, որ կոմիտեի գործունեությամբ սկսել են հետաքրքրվել նաեւ այլ պետական կառույցներ: Իսկ այս իրավիճակում ամենեւին էլ չպետք է բացառել, որ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ հարաբերությունները չփչացնելու համար այդ զոհաբերությունը կիրականացվի:
Իսկ այս իրավիճակում, երբ ՙվարչապետի մարդուն՚ª Ա. Շաբոյանին տեղափոխում են Պետեկամուտների կոմիտեից, ապա դա մի կողմիցª կարող է պարզապես յուրայիններին հարվածի տակից հանելու իմաստ ունենալ, մյուս կողմից էլª խոշոր հաշվով, դա նույն կոմիտեում թուլացնում է վարչապետական վերահսկողությունը: Չնայած դեռ սպասենք եւ տեսնենք, թե այդª Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնը, ի վերջո, ո±ւմ բաժին կհասնի: Էլ չենք խոսում պետի պաշտոնի մասին, որը, չբացառենք, իր հերթին կարող է թափուր դառնալ:
Բայց, անկախ ամեն ինչից, այս տեղափոխությունը խոսում է վստահելի կադրերի սակավության մասին, ինչն էլ իր հերթին է ինչ-որ տեղ վարչապետի գլոբալ թուլության նախանշան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ քննարկումից հետո տեղի է ունեցել հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը, որի արդյունքում կողմ են քվեարկել 23 հոգի, դեմ` 22 հոգի:
Նշենք, որ քվեարկության ընթացքում, երբ մի պահ դեմ ձայներն ավելի շատ էին, քան կողմ ձայները, ԱՄՆ Կոնգրեսի դահլիճում ներկա Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը բարձր տրամադրությունից չէր կարողանում զսպել ժպիտը:
Դահլիճում էր գտնվում նաեւ Հայաստանի պատվիրակությունը, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ քվեարկությունը դեռ չավարտված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարության նստավայրից մեկնել էր նախագահական նստավայր` Աբդուլա Գյուլի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Ստորեւ ներկայացնում ենք հանձնաժողովի անդամներին եւ նշում, թե ով ինչպես է քվեարկել.
Հովարդ Բերման -կողմ
Գարի Աքքերման -կողմ
Էնի Ֆալեոմավեգա -կողմ
Դոնալդ Փեյն - կողմ
Բրեդ Շերման - կողմ
Էլիոթ Էնջել - կողմ
Բիլլ Դելահանթ - դեմ
Գրեգորի Միքս - կողմ
Դայան Ուոթսոն - կողմ
Ռասս Քարնահան -դեմ
Ալբիո Սայրես - կողմ
Ջերալդ Քոննոլլի - դեմ
Մայքլ Մաքմահոն - դեմ
Ջոն Թաներ - դեմ
Ջին Գրին - կողմ
Լին Ուոլի - կողմ
Շեյլա Ջեքսոն Լի
Բարբարա Լի - կողմ
Շելլի Բերքլի - կողմ
Ջոզեֆ Քրոուլի - կողմ
Մայք Ռոսս - դեմ
Բրեդ Միլլեր - դեմ
Դեվիդ Սքոթ - դեմ
Ջիմ Կոստա - կողմ
Քիթ Էլլիսոն - կողմ
Գեբրիել Ջիֆֆորդս - կողմ
Ռոն Քլեյն
Իլեանա Ռոս-Լեյտինեն - դեմ
Քրիստոֆեր Սմիթ - կողմ
Դեն Բարտոնդեմ
Էլթոն Գալլեգլի
Դանա Ռորաբախեր -կողմ
Դոնալդ Մանզուլլո - կողմ
Էդվարդ Ռոյս -կողմ
Ռոն Փոլ - դեմ
Ջեֆֆ Ֆլեյկ -դեմ
Մայք Փենս - դեմ
Ջոե Ուիլսոն - դեմ
Ջոն Բուզման -դեմ
Գրեշեմ Բարրետ -դեմ
Կոննի Մաք -դեմ
Ջեֆֆ Ֆորտենբերրի - դեմ
Մայքլ ՄքՔոլ -դեմ
Թեդ Փո - դեմ
Բոբ Ինգլիս - դեմ
Գաս Բիլիրակիս -կողմ
ՀԱՐՎԱԾԻՐ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ, ՈՐ ՕՏԱՐՆԵՐԸ ՍԱՐՍԱՓԵՆ
Այն, որ երկու տարվա մեջ ՀՀ բլոգասեր վարչապետ Տիգրան Սարգսյանը մատը մատին չի տվել ոչ մի պետական պաշտոնյայի եւ հատկապես իր կաբինետի անդամներին որեւէ կերպ պատժելու կամ նրանց տեղը ցույց տալու համար, դրա մասին երեւի թե գիտեն բոլորը: Սկսած Սյունյաց հերոսական մարզպետ Ս. Խաչատրյանից ¥Լիսկայից¤, վերջացրած իր կերած-խմած նախարարներով, որոնցից շատերը օրումեջ նոր ջիպեր ու մերսեդեսներ են փոխումª չհաշված առանձնատներն ու մնացածը: Ու այդ ինչպես ստացվեց, որ ՀՀ վարչապետի ՙթիրախը՚ հանկարծ դարձավ ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, որին էլ վարչապետը որոշեց նկատողություն տալ: Իսկական ՙգռփած-չռփածներին՚ թողած, տեսեք, թե որտեղ է կանգ առնում պրն Սարգսյանը: Թեեւ դիտորդները այս քայլը կապում են ապագա ընտրությունների հետ, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀԿ-ին զուգահեռ, իշխանությունները որոշել են ՀՀԿ-ին ՙախպեր՚ մի կուսակցություն էլ ստեղծելª ՄԻԱԿ կուսակցության վրա հիմնվելով, որի քավորներն էլ, ըստ նույն լուրերի, լինելու են Ֆլեշ Բարսեղն ու մեկ էլ իմացաքª ով, պարոն վարչապետըª հույս ունենալով, թե հետագայում կոալիցիայում առանցքային դեր կստանձնեն: Իսկ ինչ մնում է ՕԵԿ-ին, ապա նա եւս կոալիցիայի անդամ է ու նաեւ յուրային, սակայն Տ. Սարգսյանի քայլի այս դինամիկան ճիշտ եւ ճիշտ տեղավորվում է այն հայտնի ասացվածքի շրջանակներում, թե ՙհարվածիր յուրայիններին, որ օտարները սարսափեն՚...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ Լ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Երեկ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հաղթանդամ թիկնապահների ուղեկցությամբ հյուրընկալվել է կրտսեր որդուն: Ականատեսների վկայությամբ Լեւոն Քոչարյանի ձեռքում եղել է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի այն համարը, որտեղ անդրադարձ կար ռուսական մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում էր Ռ. Քոչարյանի անսահմանափակ ունեցվածքի մասին, որին նա տիրապետում է ընտանիքի անդամների եւ ներկայացուցիչների անունով: Դե ինչ, հավանաբար հայր եւ որդի Քոչարյանները կամ զարմացած էին, կամ էլ զայրացածª տեսնելով լրատվամիջոցում իրենց կարողության մասին տվյալները:
Ա. Հ.
ԼԱՎԱՏԵՍ ՉԷ...
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, փորձելով նախապես կանխորոշել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի քննարկման արդյունքները, ՙԻրավունքին՚ փոխանցել էր. ՙԱՄՆ Կոնգրեսը հիմա կարեւոր եւ մարդասիրական քայլ է ձեռնարկում, բայց հարցը վերջնականապես լուծում ստանալու տեսանկյունից լավատես չեմ, որովհետեւ միշտ կբերվեն փաստարկներ, որոնք ԱՄՆ-ի համար կլինեն ավելի ծանրակշիռ, քան Հայկական հարցի կարգավորումը: Դրա համար ես կանխատեսում եմ, որ հարցը նորից կշրջանառվի, ինչպես դա եղավ մի քանի տարի առաջ, եւ հետո կսկսվեն թուրք-ամերիկյան ինտենսիվ բանակցությունները, որոնց արդյունքում էլ կորոշվի, թե ինչ են անելու՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԱՄԵՆ GOLD ՈՍԿԻ ՉԻ-3
Մեր ընթերցողը հավանաբար կհիշի մեր հրապարակումը ՙՍարգիս Կարոլինա՚ ընկերության gold տեսակի, ժամկետի մեջ գտնված, բայց թթված հյութի պատմության մասին: Խմբագրություն էր դիմել մի մարդ, որը մեզ պատմեց, որ գնել է մեկ տուփ gold տեսակի հյութ եւ տուփի մեջ գտնված վեց հյութերն էլ գտնվել են ժամկետի մեջ, իսկ դրանցից մեկն ամբողջությամբ թթված էր: Խմբագրությունն անմիջապես դիմեց Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչություն, որտեղից անմիջապես եկան մեզ մոտ եւ տարան այդ թթված հյութըª հետազոտման:
Տեսչությունը դիմել էր կառավարությանը, որպեսզի ստանա թույլտվություն ստուգման ենթարկելու ՙՍարգիս Կարոլինա՚ ընկերությունը: Օրերս մեզ հայտնեցին, որ արդեն իսկ տեսչությունը սկսել է իր հետազոտությունը ՙՍարգիս Կարոլինա՚ ընկերությունում: Արդյունքների մասին ընթերցողներին կհայտնենք առաջիկայում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՙՍՈՒՐԲ՚ ԳՈՐԾԸ
Եկեղեցաշինությունը սուրբ գործ է, իսկ ահա օտար ազգի եկեղեցու շինությունը մայր հայրենիքում արդեն մտածելու տեղիք է տալիս: Եվ այսպես. ՙԱրշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ՚ բարեգործական հիմնադրամն իրականացնում է Երեւանում ռուսական ուղղափառ եկեղեցու կաթողիկե տաճարի կառուցման ծրագիրը: Առաջին հայացքից հիմնադրամի անվանումը ոչ մի բան չի ասում: Սակայն ինչպես հայտնի դարձավ, վերը նշված հիմնադրամի միջոցով ռուսական եկեղեցու կառուցումը Երեւանում իրականացնում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մեծ եղբայրը: Իսկ թե ինչ շահ է հետապնդում Ա. Աբրահամյանը օտար եկեղեցու կառուցմամբ, թողնում ենք մեր ընթերցողի հայեցողությանը: Նշենք, որ այս փաստը բնավ էլ տարօրինակ չէր լինի, եթե Երեւանում չգործեր Քանաքեռի ռուսական եկեղեցին, որը վերջերս է վերականգնվել: Ռուսական նոր եկեղեցու կառուցումը իհարկե բնական կդիտվեր, եթե այդ եկեղեցին ունենար այնքան բազմահազար հետեւորդներ, որոնց հոգեւոր պահանջները անհնար կլիներ սպասարկել արդեն գործող եկեղեցու կողմից: Եվ վերջապես, բնական կլիներ, եթե ռուսական նոր եկեղեցին կառուցվեր ռուսական կապիտալի միջոցով, սակայն հայկական ծագումով ֆինանսական ներդրումները վերոհիշյալ սուրբ գործում նույնպես անսպասելի են:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՊՆ-Ի ՀԱՎԿԻԹՆԵՐԻ ԳՈՐԾԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Շուրջ մեկ ամիս առաջ մենք լրագրողական հետաքննություն էինք անցկացրել ՙԱրաքս՚ թռչնաֆաբրիկայի կողմից ՊՆ-ի համար արտադրվող հավկիթների ՙպատահաբար՚ խանութներում հայտնվելու վերաբերյալ: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ դատախազության կողմից, իսկ վերջինս էլ գործը ուղարկել էր ՊՆ-ի քննչական վարչություն: Մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ ընթացքի մեջ է գործը, որի համար դիմեցինք ՊՆ-ի մամուլի պատասխանատու, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին, որն էլ նշեց, որ ՙգործը չի ավարտվել, այն դեռ ընթացքի մեջ է՚:
Զարմանալին այն է, որ այս տեսակի անօրինականության մասին, ինչպես նաեւ ՊՆ-ում կատարվող բազմաթիվ այլ խայտառակ դեպքերի հետ կապված` պաշտպանության նախարարը որեւէ արձագանք որեւէ տեղ չարեց: Երեւի Ֆրանսիայում հանդիպումներն այնքան դրական էին ազդել պարոն Օհանյանի վրա, որ ոչ մի խոսք անգամ այս կապակցությամբ չհնչեցրեց:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Designed by Administrator

