Քաղաքական
ՙՙՙՙՙՙՙՙՙՙՊԱՏՄԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ
Ուղիղ 14 տարի առաջ` 1998-ի փետրվարի 3-ին ԼՏՊ-ն ներկայացրեց իր հրաժարականը: Ահա փոքրիկ մեջբերում հրաժարականի տեքստից. ՙԻշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը՚:
Հարկ է նշել, որ որոշակի կեղծավորություն արդեն իսկ պարունակվում է այդ խոսքի մեջ: Ճիշտ է, ուժային նախարարներ Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի իշխանությունները եղել են պահանջը տեղ հասցնողները, սակայն նրանք փաստացի ի կատար էին ածել ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ պահանջը: 1997-ին, երբ ԼՏՊ-ն հանրությանը ներկայացրեց ՙՊատերա±զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը՚ իր ծրագրային հոդվածը, որը ոչ այլ ինչ էր, քան Արցախը հանձնելու ծրագիր եւ հանրությանը վախեցնելու փորձ, ամբողջ ժողովուրդը շատ բուռն ընդվզեց: Ավելի բուռն, քան 1996-ի նախագահական ընտրությունները կեղծելու փաստի առնչությամբ, քանզի խոսքը ճակատագրական համազգային խնդրի մասին էր, որը ավելի կարեւոր է, քան բոլոր ընտրությունները միասին վերցրած: Ու ընդվզումը ոչ միայն հայրենիքում էր, այլեւ Սփյուռքում, իսկ Կինոյի տանը տեղի ունեցած մտավորականության եւ հասարակական-քաղաքական ուժերի հայտնի մեծ հավաքը դրա վառ դրսեւորումներից մեկն է: Ինչ վերաբերում է ՙիշխանության հայտնի մարմիններին՚, ապա արցախյան պատերազմի բովում ստեղծված բանակը ղեկավարող Վազգեն Սարգսյանը այդ բանակի գործառույթի եւ էության դեմ կգնար, եթե հանդուրժեր ԼՏՊ-ի դավաճանական ծրագիրը: Իսկ Սերժ Սարգսյանը, որպես Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար պարզապես կատարեց իր սահմանադրական պարտքը` երկրի ազգային անվտանգությանը սպառնացող մահացու վտանգը վնասազերծելու ուղղությամբ: Արցախի իշխանության համար կողմնորոշումը միանգամայն բնական ու հասկանալի էր, իսկ Արցախի նախագահի պաշոնից հետո վարչապետություն ստանձնած Ռոբերտ Քոչարյանի համար նույնպես այդպիսի դիրքորոշումը բնական էր: Այսինքն, ԼՏՊ-ի պաշտոնազրկումը ազգային-պետական հրատապ անհրաժեշտություն էր եւ բխում էր ինչպես ազգի ու պետության արմատական շահից, այնպես էլ համայն հայության միահամուռ պահանջից:
Սակայն վերադառնանք ԼՏՊ-ի հրաժարականի տեքստին. ՙԽնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց ե°ւ Իսրայելում, ե°ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միեւնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը՚:
Թե ինչպիսի ՙարժանապատիվ խաղաղություն՚ էր նախապատրաստում ԼՏՊ-ի կուսակցությունը` ՀՀՇ-ն, պարզից էլ պարզ է հենց 1997-ի նրա ծրագրային հոդվածից: Սակայն դա նորություն չէր. դեռեւս 1992-ին, նա ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթին տված հարցազրույցում խոսում էր Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին, եւ պատերազմի թեժ պահին պետական հեռուստատեսությամբ անձամբ սկսեց տարածել խուճապ, իբր Ադրբեջանի դեմ պատերազմում հաստատ պարտվելու ենք:Չպարտվեցինք, հաղթեցինք, եւ 1997-ին ԼՏՊ-ն առաջարկում էր կամովին հրաժարվել հաղթանակի պտուղներից: Ինչ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ԼՏՊ-ի կողմից անվանվել են ՙպատերազմի կուսակցություն՚, ապա ոչ միայն առավել ամուր հիմքերի վրա դրվեց զինադադարի ռեժիմը, այլեւ քաղաքականապես ամրապնդվեց Արցախի հարցում ստատուս-քվոն, այսինքն` որ հայկական իշխանության տակ է գտնվում վերամիավորված Հայաստանն ամբողջովին ազատագրված տարածքներով հանդերձ:
ԼՏՊ-ն 14 տարի առաջ խոստացավ, որ վաղ թե ուշ ՙխաղաղության կուսակցությունը՚ վերադառնալու է: Այդ ՙվերադարձի՚ արյունալի հետքերը տեսանք 2008-ի մարտի մեկին, եւ այժմ էլ ԼՏՊ-ի գլխավորած ուժը իրականում չունենալով իշխանության վերադառնալու եւ ոչ մի շանս, կատարում է ընդամենը խառնակչական գործառույթ: Դա հետեւանք է 1998-ին Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի գործած ֆունդամենտալ սխալի` որ ԼՏՊ-ի վարչախմբին չտրվեց պատշաճ քաղաքական գնահատական, իսկ իրավական գնահատական չտրվեց ընդհանրապես: Մինչդեռ մի շարք քաղաքական ուժեր` ՍԻՄ-ը, ՀԴԿ-ն, ԳիԱրՔՄի-ն պահանջել էին հենց համալիր ու լիարժեք քաղաքական եւ իրավական գնահատական տալ հայրենիքի դավաճանության ուղին բռնած եւ երկրի տնտեսությունն ավերակների վերածած, կլանաօլիգարխիկ համակարգի հիմք դրած վարչախմբին: Հենց գնահատական չտալը հնարավորություն ընձեռեց ԼՏՊ-ին եւ նրա շրջապատին հրաժարականից 10 տարի անց դրսի ուժերի պատվերով ցնցումների ենթարկել երկիրը, ու հարկ է նշել, որ այդ ցնցումներից հետո Ռոբերտ Քոչարյանը խոստովանել էր, որ 1998-ին քաղաքական գնահատական չտալով, թերեւս ճիշտ չէր վարվել:
Ինչեւէ, այսօր` համաժողովրդական պահանջով պատմական հրաժարականից 14 տարի անց, արդեն իսկ շիկացած նախընտրական մթնոլորտում, այնուամենայնիվ, հարկ է չմոռանալ թեկուզ մինիմում խնդրի մասին` վերջնականապես չեզոքացնել ԼՏՊ-ի գլխավորած ՙ5-րդ շարասյունը՚, իսկ ընդհանրապես պետք է դրվի նրա եւ նրա հանցակիցների պատասխանատվության խնդիրը ոչ միայն իշխանավարության տարիներին գործած հանցագործությունների, այլ նաեւ դրանից հետո ծավալած հակապետական գործունեության ու, մասնավորապես, արյունոտ զանգվածային անկարգությունների համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերջին օրերին շատ է հնչում Ռոբերտ Քոչարյանի անունը` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների համատեքստում: Ինտրիգն ավելացավ նաեւ նրանով, որ երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ մինչեւ ընտրություններ Ռոբերտ Քոչարյանն անպայման կներկայացնի իր դիրքորոշումը: ՙՔոչարյանն ու ընտրությունները՚ թեմայով խոսում են բոլորը` քաղաքական գործիչները, քաղաքագետները, սոցիոլոգները, ԶԼՄ-ների քաղաքական մեկնաբանները, թեման բավականին ակտիվ քննարկվում է եւ սոցիալական ցանցերում ու բլոգներում: Ինչպես ասում են` ծուխն առանց կրակ չի լինում, ու ստորեւ կփորձենք ի հայտ բերել ՙկրակի՚ ինչպես իրական, այնպես էլ ենթադրվող ասպեկտները:
ՆԵՐԿՈԱԼԻՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի հարցը չի շրջանցել եւ միանգամայն պետական պաշտոնական կարգավիճակ ունեցողներից ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Պատասխանելով այն հարցին, թե. ՙՎարկած կա, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ՀՀԿ ցուցակում լինի, Դուք դա հավանական համարո±ւմ եք՚, պարոն Նիկոյանը փաստորեն չհերքեց դրա հավանականությունը. ՙԻնչքան վարկած կա դուք ասեք եւ գրեք, այդ ամենը պարզ կլինի ժամանակին՚: Դե ինչ վերաբերում է հենց ՙժամանակին՚, ապա արդեն գոյություն ունի այս կարգի հարցերի պատասխանը ստանալու ստույգ ժամկետ` մարտի 10-ը, երբ գումարվելու է ՀՀԿ համագումարը: Առաջ անցնելով` նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի համամասնական ցուցակում հայտնվելու վարկածը ավելի շուտ տեղին է ոչ թե զուտ ՀՀԿ համամասնական ցուցակի, այլ կոալիցիայի միասնական ցուցակի դեպքում, եւ, խոշոր հաշվով, վաղ է այդպիսի ցուցակի վարկածի վրա խաչ քաշելը: Առավել եւս, որ հեռատես Գալուստ Գրիգորիչը նույնպես ամբողջովին չի բացառել միասնական ցուցակին վերադառնալու տարբերակը:
Ինչեւէ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ որոշակի կոնֆլիկտի առկայությունը ակնհայտ փաստ է, եւ այն, որ կոալիցիոն գործընկերները կոալիցիայի վերջին նիստից հետո այլեւս փոխադարձաբար չեն հիշատակում ՙդատարկ փուչիկի՚ մասին բանաձեւը, թերեւս ենթադրել է տալիս, որ այդ նիստի ժամանակ ՙզինադադարի՚ պես մի բան է հաստատվել: Բայց արդյոք ՙզինադադարային՚ իրավիճակը հնարավոր կլինի± հասցնել մինչեւ ընտրություններ: Դժվար թե, ուստի խաղի կանոնների կամ հանգուցալուծման ինչ-որ մի տարբերակ գործնականում անխուսափելի է եւ, ի դեպ, մինչեւ մարտի 10-ը:Լրատվական դաշտում պտտվում է այն խոսակցությունը, որ ԲՀԿ-ին առաջարկվել է ընդամենը 7 ընտրատարածք, ուր ՀՀԿ-ն նրա հետ չի մրցակցի: Այսինքն` մեկով պակաս, քան նախորդ ընտրություններին, իսկ եթե հաշվի առնենք, որ տարբեր հանգամանքների բերումով այժմ ԲՀԿ-ն ունի 11 մեծամասնական պատգամավոր, ապա ՙքվոտան՚ պակասեցնելը ինքնին խոսուն բան կարող է լինել: Գումարած դրան` ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի ասուլիսի շուրջ ստեղծված իրավիճակը: Բոստանջյանը հենց ինքը ասուլիսի ժամանակ մատնանշեց, որ արտահայտում է իր, այլ ոչ թե կուսակցության առաջնորդի կարծիքը, որ ԲՀԿ-ն հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին եւ նախագահական ընտրություններին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՙՍովորական՚ իրավիճակում թերեւս առնվազն հրապարակային հարթությունում ԲՀԿ-ից պաշտոնական արձագանք չէր հնչի, քանզի պատգամավորը անձնական կարծիք արտահայտելու վերաբերյալ վերապահում արել էր: Բայց բավականին օպերատիվ եւ կարծես հատուկ շեշտելու նպատակով ե°ւ ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ե°ւ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը շտապեցին հերքել Վարդան Բոստանջյանի ասածը ու նշել, որ դա հեռու է ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետից: Այսինքն` 100 տոկոս համամասնական ընտրությունների հարցում ՀՅԴ-ին ու ՙԺառանգությանը՚ միանալով ինքն իրեն կոալիցիայից դուրս փաստացի վիճակում դրած ԲՀԿ-ն նաեւ հարկ համարեց շեշտել, որ այս պահի դրությամբ չի ստանձնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու պարտավորություն:
Ինչպե±ս դա կարելի է ընկալել. ամենայն հավանականությամբ, խոսքը սակարկության մասին է: Եվ սակարկությունը միայն պատգամավորական եւ նախարարական քվոտաներին չի վերաբերվում, այլ բավականին սկզբունքային հարցի: Պատահական չէ, որ խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտնել ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում: Բայց, միաժամանակ, փորձագետները, այդ թվում եւ` քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը, նշում են, որ Ռոբերտ Քոչարյանը հանուն պատգամավորական մանդատի, անգամ այդ մանդատի ամենապատվավոր տարբերակի, խաղի մեջ մտնողը չէ: Այսինքն` հիմքից զուրկ չէ ենթադրել, որ կարող է լինել այսպիսի սցենար. կոալիցիոն միասնական համամասնական ցուցակ, ուր երկրորդ համարը Ռոբերտ Քոչարյանն է` ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու, իսկ 2018-ին նախագահական մրցավազքի մեջ մտնելու հեռանկարով: Ի դեպ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նշել է. ՙԻնչ վերաբերում է նոր հայտարարությանը կամ հուշագրին, այս պահին նման բան չկա, բայց ես չեմ էլ բացառում, որ եթե անհրաժեշտություն լինի, նման հայտարարություն կնչի՚: Հիմա ի±նչ է ստացվում. ԱԺ նախագահը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի ընդգրկումը ցուցակում, ԱԺ փոխնախագահը, որը միաժամանակ լիազորված է արտահայտել ՀՀԿ պաշտոնական տեսակետը, չի բացառում կոալիցիոն նոր հուշագիրը, Ռոբերտ Քոչարյանի խոսնակը նշում է, որ մինչեւ ընտրությունները ՀՀ երկրորդ նախագահը արտահայտվելու է, իսկ տեղեկատվական դաշտում տարբեր տեսակի արտահոսքերի պակաս չի զգացվում: Կարելի է ենթադրել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ապագա վարչապետությունն է ՀՀԿ-ԲՀԿ սակարկությունների առարկա, որը պետք է ավարտվի կա°մ համաձայնությամբ, կա°մ հակամարտությամբ:
ՏԱՐԲԵՐԱԿ 1
Խոշոր հաշվով, Ռոբերտ Քոչարյանը պիտանի է վարչապետ լինելուն, բայց այդ անցյալով ու ամբիցիաներով վարչապետը անշուշտ, որոշակի գլխացավանք է ցանկացած նախագահի համար: Ու առկա է եւս մեկ գործոն, որը կարող է էապես ազդել այդ հարցի վրա` Իրան-Արեւմուտք ռազմական հակամարտության հավանականությունը: Եթե նման զարգացման հավանականությունը աճի, ապա կաճեն նաեւ Քոչարյանի վարչապետական շանսերը, զի վերջինս ունի ռազմական իրավիճակում կառավարելու փորձ, իսկ եթե ռազմական էսկալացիայի հավանականությունը կտրուկ նվազի, ապա առաջին պլան կգա նրա` որոշ հարցերում գլխացավանք դառնալու ասպեկտը: Մյուս կողմից` այս տարբերակի դեպքում 2013թ. նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանը եւ ԲՀԿ-ն ոչ միայն չեն խանգարելու Սերժ Սարգսյանի վերընտրմանը, այլեւ դառնալու են վստահելի ու ազդեցիկ դաշնակիցներ: Սակայն արդեն Ս. Սարգսյանի նախագահության 2-րդ ժամանակահատվածում Ռ. Քոչարյանը սկսելու է իր վրա քաշել իշխանության վերմակը Պուտինի օրինակով նախապատրաստվելով 2018-ին վերադառնալ նախագահական պալատ:
ՏԱՐԲԵՐԱԿ 2
Հիմա, եթե այս տեսքով կամ դրան մոտիկ տարբերակով նոր կոալիցիոն հուշագրի տարբերակ չլինի, ապա բավականին բարձրանում է ներկոալիցիոն հակամարտության հավանականությունը: Ի վերջո, Օսկանյանի ֆիգուրի հայտնությունը` որպես ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականի հավակնորդի, պարզ ակնարկ էր, որ կարող է սկսվել կոշտ ամերիկամետ խաղ` ընդդեմ ՀՀԿ-ի, եւ, ի դեպ, դաշնակցելով ընդհուպ մինչեւ կատարյալ ՙնարնջագույն՚ ուժերը: ՙԱզատ դեմոկրատ՚ Ալիկ Արզումանյանը, որը, ի դեպ, ի ցույց հանրությանը մտերմիկ շփվել է Վարդան Օսկանյանի հետ, հայտարարեց, որ ձեւավորվում է ձեւաչափ` կոնսենսուս մինուս մեկ, եւ որպես այդ մեկը նշվում է ՀՀԿ-ն: Ավելին` Ռոբերտ Քոչարյանին հարող քարոզչամիջոցներում նույնիսկ հասցրել են նախագահական նստավայրի կողմից ԲՀԿ ներդրված ական որակել Վարդան Բոստանջյանին... Այսինքն` պարզ ակնարկ է հնչում, որ կարող է հակամարտության բավականին կոշտ սխեմա լինել: Բայց, այնուամենայնիվ, ինչպես ՙնարնջագույն՚ Ալիկ Արզումանյանի, այնպես էլ քոչարյանամերձ քարոզիչների ՙկոնսենսուս մինուս մեկ՚ սխեման պարունակում է ակնհայտ կեղծիքի ու մանիպուլյացիայի պահեր: Այսպես, այդ ՙմեկը՚, այսինքն` ՀՀԿ-ն, քաղաքական քաշով գերազանցում է մնացած բոլորին միասին վերցրած, համ էլ նա այնքան էլ ՙմեկ՚ չէ: ՀՀԿ-ին աջակցում են մի շարք ազգային պահպանողական ուղղվածություն ունեցող կուսակցություններ, որոնցից, օրինակ` ՍԻՄ-ը, ծանրակշիռ դերակատարություն ունի զանգվածային լրատվության դաշտում:
Ինչեւէ, հնարավոր է, որ նույն ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի կողմից ընտրվի եւ կոշտ հակամարտության սխեման: Այդտեղ բարդությունն այն է, որ կպահանջվի միանգամից եւ գործնականում միաժամանակ շատ կտրուկ ջարդել օլիգարխիկ կլանների ողնաշարը, այլապես դժվար կլինի չեզոքացնել ԲՀԿ-ի եւ նրա թիկունքում գտնվող Ռոբերտ Քոչարյանի գործոնները: Չմոռանանք, որ հենց Ռոբերտ Քոչարյանը ժամանակին գերադասելի համարեց օլիգարխիայի շերտը դարձնել իր հիմնական հենարանը: Օլիգարխիայի կտրուկ չեզոքացման անհրաժեշտությանը այդ սցենարի դեպքում կավելանա եւ բոլոր տեսակի ՙ5-րդ շարասյուների՚ դեմ կոշտ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը որոշ շրջանակների կողմից միանգամից կորակվի ՙժողովրդավարության իսպառ ոչնչացում՚: Չնայած` մեր բնակչության մեծամասնությանը այդ ժողովրդավարություն կոչեցյալը անհրաժեշտ է ուղիղ այնքան, ինչքան սայլին` 5-րդ անիվը: Նշեմք, որ այդ տարբերակի դեպքում 2013թ. նախագահական ընտրարշավը կանցնի շատ ավելի լարված, քանի որ Ռ. Քոչարյանը շատ ակտիվ կնախաձեռնի սեփական խաղը` խոչընդոտ առաջացնելով Ս. Սարգսյանի համար: Թեեւ չի բացառվում, որ համաձայնությունը ի հայտ գա այդ փուլում` հաշվի առնելով ԱԺ ընտրությունների փաստացի արդյունքները:
ՙԵՐՐՈՐԴ ԱՎԵԼՈ±ՐԴ Է՚
Այսպիսի խոշոր խաղում հիրավի կոալիցիոն երրորդ կուսակցությունը` ՕԵԿ-ը, ունի բոլոր շանսերը դառնալ մի տեսակ ՙերրորդ ավելորդ՚: Այն, ինչ տեղի է ունեցել ՕԵԿ-ի վարկանիշի հետ, թերեւս ավելորդ է հիշատակել, բայց հետաքրքրական է, որ հենց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը բավականին ուշագրավ խոստովանություններ է անում իր իսկ` փաստացի նախընտրական գովազդի կարգավիճակ ունեցող հարցազրույցում: Նա ասում է. ՙԵս չեմ ուզում դառնալ ԱԺ նախագահ: Ընդհանրապես չեմ ուզում դառնալ պատգամավոր, ես արդեն հոգնել եմ... Ես իմ աշխատանքից գոհ եմ եւ ինձ շատ լավ եմ զգում իմ աշխատանքում՚:
Այնուհետեւ նա թվարկում է, թե ինչ լավ հարաբերություններ ունի ՙռուսաստանյան կոլեգաներ Պատրուշեւի, Բորդյուժայի՚ եւ այլոց հետ: Նաեւ օդից ծնվում է հարցադրում, թե. ՙԱսում են, որ Դուք հիմա Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից եք՚, ինչին ի պատասխան նա շեշտում է իր ՙնվիրվածությունը՚ եւ այլն ու ՀՀ նախագահի իրավահաջորդ դառնալու ցանկության բացակայությունը: Այսինքն` մի կողմից առկա է ՙչեմ ուզում` դիր գրպանս՚ բանաձեւը, մյուս կողմից` ակնհայտ է այն ենթատեքստը, որ սեփական տեղը քաղաքական արեւի տակ պահպանելը ՕԵԿ-ը` որպես այդպիսին, եւ ՕԵԿ առաջնորդը` մասնավորապես, կապվում է հիմնականում կոալիցիայի ընդհանուր ցուցակի հնարավոր սցենարի հետ: Զի, այսպես կոչված, ներկոալիցիոն ՙքաղաքակիրթ մրցակցության՚ դեպքում հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարելու շանսերը, կարծես թե, բավականին ցածր են ստացվում, համ էլ բավականին հաճախ երկու խոշոր ուժ ՙերրորդ ավելորդի՚ շահերը բացարձակ անտեսելով են լուծում իրենց հարցերը:
Իսկ ընդդիմադիր հատվածում ՙերրորդ ավելորդի՚ ճակատագիրը կարող է սպառնալ ՀԱԿ-ին, թեեւ այդ ուժը գլխավորում է ՀՀ թվով առաջին նախագահը: Ակնհայտ սառնություն ՀԱԿ-ի նկատմամբ զգացվում է ՙԱզատ դեմոկրատների՚ կողմից, որոնք պատրաստվում են սերտորեն գործակցել եւ միգուցե դաշնակցել ՙԺառանգության՚ հետ: Այսպես, Ալիկ Արզումանյանը ՀԱԿ-ի առումով նշում է, որ դժվար թե երկրորդ անգամ նույն գետը մտնելը հնարավոր լինի, ու չափազնաց սառն է խոսում անգամ ՙընտրությունների արդարության՚ հարցում ՀԱԿ-ի հետ համագործակցելու հնարավորության մասին: Գումարած դրան` ՀԱԿ-ի ներսում համամասնական տեղերը իրար մեջ բաժանելու խնդիրը անլուծելի հավասարման է նման, զի տեղեկատվական եւ փորձագիտական դաշտում ՀԱԿ-ի ստանալիք մանդատների քանակը գնահատվում է առավելագույնս 15, մինչդեռ մանդատների հավակնորդների ռեալ քանակն այնտեղ 30-ից պակաս չէ, ինչը սպառնում է ՀԱԿ-ի ներքին պայթյունով: Բայց, միաժամանակ, ՀԱԿ-ը պետք է լուծի եւ ներսի հակասությունները խնամքով քողարկելու հարցը, զի դրանց հայտնությունը հրապարակային դաշտում 15 մանդատների քվոտան կտրուկ կպակասեցնի եւ միգուցե նաեւ զրոյացնի, համ էլ դա կարող է ոչնչացնել առկա ընտրազանգվածի վերջին մնացորդները, զի ՀԱԿ-ի ներքին կռիվները նույնիսկ ամենանվիրված ընտրողը դժվար թե ընկալի այլ կերպ, քան գետնաքարշ ու վերին աստիճանի նյութապաշտ աթոռակռիվ:
Ինչեւէ, սպասենք մարտի 10-ին, որը նախընտրական խճանկարում, կարծես թե, գնալով ավելի ու ավելի է նմանվում ՙիքս ժամի՚, որն իր հետ բերելու է գործնականում գրեթե բոլոր հանգուցալուծումները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՙԻրավունք հետաքննութուն՚, թիվ 10 -ում, անդրադարձել էինք ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական մասնավոր դպրոցի գոյության մասին, որոնք իրենց գործունեությունը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, սկսել են դեռեւս 2002 թվականից, իսկ այդ տարիներին ԿԳ նախարարության պորտֆելը պատկանում էր Դաշնակցություն կուսակցությանը: Այս առումով մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք 2002 թվականի ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:
-Լավ կլինի դուք դիմեք լիցենզավորման կոմիտե եւ ճշտեք, նրանք մակագրում են, նյութերը պատրաստում եւ հետո նախարարը մեխանիկորեն մակագրում Է:
- Ինչպե±ս կարող եք դուք նման բաները մեխանիկորեն ստորագրել:
- Իսկ ի±նչ է ներկայացնում այդ ՙԿյանքի խոսք՚-ը:
- Դա աղանդ է, որն ունի նաեւ հանրակրթական դպրոց:
- Եթե աղանդ է, ուրեմն հնարավոր չի, որ մենք լիցենզիա տված լինենք:
- Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՙԿյանքի խոսք՚ դպրոցը լիցենզիա է ստացել 2002 թվականին, երբ դուք էիք նախարար:
- Հնարավոր չէ, քանի որ ես կրոնի կոմիտեում եւ ամեն տեղ աղանդի դեմ մշտապես պայքարել եմ: Լավ կլինի պաշտոնապես դիմեք ԿԳ նախարարությանը, ճշտեք իրական տարեթիվը, այնուհետեւ կխոսենք, քանի որ այդ անունը ինձ մոտ կասկած առաջացրեց եւ այն ժամանակ եւս կասկած կառաջացներ:
Այս հարցով դիմեցինք նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ով հարցը լսելուն պես, նախ նշեց, որ զարմացած է եւ այդ դպրոցի անունը լսում է առաջին անգամ: Այնուհետեւ խնդրեց ժամանակ տալ, որպեսզի ծանոթանա հարցի հետ եւ միայն երեկոյան կպատասխանի: Բայց, երբ կրկին փորձեցինք լսել Լ. Գալստյանին, վերջինս այս ու այն թեմաներով, երկար-բարակ խոսելուց հետո, վերջում հայտնեց, որ ժամանակ չունի մեր կողմից հնչեցրած կոնկրետ հարցին պատասխանելու, եւ որ նա զբաղված է այլ գործերով:
Դե բնականաբար, ՀՅԴ-ն ոչ մի անգամ, կոնկրետ հարցերի համար, կոնկրետ պատասխաններ չի ունեցել, իսկ իր ազգային գործունեությունը հավանաբար պատկերացնում է գինովցած վիճակում, 19-րդ դարի հայդուկային երգեր երգելով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի նիստ: Նիստի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը ներկայացրել է 2011 թվականի տարեկան հաշվետվությունը: Մարզի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը: Նիստից հետո հարցեր ուղղեցինք մարզպետին.
- Ո±րն եք համարում 2011 թվականի ամենակարեւոր աշխատանքներից մեկը:
- Նախորդ տարվա առավել կարեւոր գործընթացներից է համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից մարզին տարվա ընթացքում երկու անգամ` փետրվար եւ սեպտեմբեր ամիսներին հատկացված է 1 մլրդ 318 մլն-ական դրամը, որը ուղղվել է մարզի համայնքներում խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային եւ կրթական օբյեկտների հիմնանորոգման հրատապ ծրագրերի իրականացմանը: Այլ բազմաթիվ ու բազմապիսի կարեւորագույն ծրագրեր եւս մարզում իրականացվել են, որոնք հանգամանորեն ներկայացվեցին մարզի խորհրդի նիստի ընթացքում:
- Ի±նչ ծրագրեր կան ընթացիկ տարվա համար:
- Ընթացիկ տարվա ծրագրերը եւս շատ են, պետք է կարողանանք շարունակել համայնքային հրատապ հիմնախնդիրների լուծումները, դրական զարգացումներ ապահովել մարզային տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը, ինչպես նաեւ արդյունավետորեն կազմակերպել մարզային տարբեր բնագավառների գործառույթները:
ԱՇՈՏ ԱՂԱՍԱՐՅԱՆ
Մարզպետ Կ. Շահգալդյանի հարցազրույցն ամբողջությամբ` հաջորդ համարում:
Արդեն առիթ ունեցել էինք ասելու, որ ՙՍաս՚ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանը, հանուն մի բաժին մանդատի Արաբկիր համայնքի թիվ 5 ընտրատարածքում բուռն ակցիաներ է իրականացնում: Էս ի±նչ եմ ասում է, էս մարդը ահավոր բարի սիրտ ու հոգի ունի, ահավոր շատ է մտածում հատկապես արաբկիրցիների բարօրության, արաբկիրցի երեխաների մասին, որպեսզի օրինակ երեխաները անվճար օգտվեն ՙԱրտակ Սարգսյան՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով նոր բացված համակարգչային կենտրոնի ծառայություններից… Հիմա մարդ ա, բարիությունը բռնել ա, ու որոշել է անթիվ-անհամար բարի գործեր անել, ու գուցեեւ մեծ բարերարների շարքին դասվել. իսկ էդքանից հետո մի մանդատն ի±նչ ա, որ արաբկիրցիները էս տեսակ մեծահոգի ու առատաձեռն գործարարի համար ջանք ու եռանդ խնայեն: Ու չնայած, որ Արտակ Սարգսյանի մտերիմները հուշած կլինեին նրան, որ բարեգործությունը գոնե պիտի մարդու հոգուց գա, ու լավ կլիներ, որ մի երկու տարի առաջ հիշեր դրա մասին, այլ ոչ թե խորհրդարանական ընտրություններից մի ՙերկու օր՚ առաջ… միանգամից ասենք, որ Արտակ Սարգսյանի մոտ 2012-ի նախընտրական արշավը այլեւս ազդարարված է, մարդը ՙվռազ՚ ա, եւ հենց այդ արդարամիտ նպատակներից ելնելով էլ, ըստ պտտվող լուրերի, մի քանի օր է ինչ նորից ՙԱրտակ Սարգսյան՚ բարեգործական հիմնադրամը սկսել է արագ-արագ շփումներ հաստատել բոլոր արաբկիրցիներ հետ, փորձելով բացատրական աշխատանքների արդյունքում արաբկիրցիներին հասկացնել, թե Արտակ Սարգսյանի խորհրդարան հասնելու դեպքում, որքան բան է փոխվելու հայ իրականության մեջ: Ի դեպ, ՙԱրտակ Սարգսյան՚ բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, ըստ նույն լուրերի, շրջում են հատուկ մեքենաներով, որոնց վրա մեծ տառերով գրված է. ՙԱ. Սարգսյան բարեգործական հիմնադրամ՚: Ինչպիսի նախանձելի ընտրարշավ, իրոք որ դիմանալու չէ…
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԲՀԿ-Ն ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վադան Բոստանջյանի ասուլիսից հետո, երեկ, որոշ քարոզչամիջոցներ նրան անվանել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ-ում նշանակված ական: Կա± նման բան, թե ոչ` հարցով դիմեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ով ասաց. ՙԱմեն դեպքում ես կարող եմ ասել, որ պարոն Բոստանջյանը ներկայացրել է իր սեփական տեսկետը եւ այն հարցին, թե ի±նչ պատժիչ գործողություններ եք իրականացնելու նրա հանդեպ, կարող եմ միայն ասել, որ մեզ մոտ անձնական կարծիքի համար ոչ ոք չի պատժվում: Ինչ վերաբերվում է լրատվամիջոցներում գրվածներին, ապա այդ հարցը ուղղեք իրենց եւ ես մամուլի տեսակետներ չեմ մեկնաբանում՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՙԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է՚
Թուրքիան Իրանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային միջնորդական դատարան` Իրանից Թուրքիա տարվող գազի գների վիճարկման հետ կապված: Այն հարցին, թե Թուրքիայի այդ քայլը ինչ-որ կերպ նշանակում է Իրանի դեմ Արեւմուտքի քայլերին միանալ, թե այլ բան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ պատասխանեց.
- Դա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է իր խորամանկ քաղաքականությունը: Մի կողմից` հայտարարում է, որ չի տրամադրի իր տարածքը Իրանի դեմ հարձակման համար, բայց մյուս կողմից էլ` թույլ է տալիս, որ այդ տարածքում տեղակայեն ռադիոլոկացիոն կայանը, որը հենց ուղղված է Իրանի դեմ: Իսկ գազի գների հետ կապված, կարծում եմ, որ Թուրքիան փորձում է օգտագործել Իրանի համար այս դժվար պահը, երբ նա մեկուսանում է Արեւմուտքի կողմից, որ օգուտ քաղի: Թուրքիան մանեւրելու, սրան-նրան խաբելու քաղաքականությունը շարունակում է, երկակի խաղով փորձում է օգուտ քաղել:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Designed by Administrator

