Ես կարծում եմ՝ խուլիգանության մասով էլ պետք է արդարացվեի․ Սամվել Վարդանյան
Իրավական
Ես կարծում եմ՝ խուլիգանության մասով էլ պետք է արդարացվեի։ Չեմ ընդունում մեղադրանքը, ես խուլիգանություն չեմ արել՝ հայհոյանք, վիրավորանք, ֆիզիկական գործողություններ և այլն։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանը։
Անդրադառնալով իր հնչեցրած՝ «հակահայ վիժվածք», «ժեխ» արտահայտություններին՝ նա հիշեցրեց, որ հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին իշխանական պատգամավորն ասել էր «լեզուդ կկտրենք», և ճշտող հարցին, թե արդյոք դա սպառնալիք էր, հնչել էր պատասխան՝ այո, իսկ որոշ ժամանակ անց ասվել է, թե քաղաքական խոսք էր, ալեգորիա․ «Ի՞նչ է սա, եթե ոչ երկակի ստանդարդներ, յուրայինին ներել, աչք փակել, իսկ ընդդիմադիրի վիրավորական արտահայտությունը նման հետևանք ունեցաք»,– ասաց Սամվել Վարդանյանը։
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրեց մեղադրական վճիռ գործով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ:
Դատարանը որոշեց Վարդանյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (խուլիգանություն), իսկ Քր օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կատարման մեջ ճանաչել անմեղ (ատելության խոսք):
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 15-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորում էր այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Վարդանյանին անհապաղ ձերբակալեցին, ապա ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին նրան մեքենայից իջեցրել էին դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։ Հարուցվեց քրեական վարույթ, բայց մինչ այսօր ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ նույնականացված ոստիկան: