«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ
Հասարակություն
Այսօր, մայիսի 3-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 23 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Հերոսի մայրը, տիկին ՆԱՐԻՆԵՆ, խորը ցավը սրտում Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. «Գևորգս ծնվել է 2001 թվականին։ Նրան անվանակոչեցինք Գևորգ ի սեր Սուրբ Գևորգի։ Պատերազմը սկսվել է հենց Սուրբ Գևորգի օրը։ 5 տարի արու զավակի սպասելուց հետո եկեղեցում խնդրել եմ միշտ, որ տղաս ծնվի սպիտակամորթ, խարտյաշ ու գանգրահեր, ունենա երկնքի պես ջինջ աչքեր։ Հենց այդպես էլ եղավ։ Նա մանկուց աչքի էր ընկնում ոչ միայն իր հրեշտակային արտաքինով, այլ նաև իր անմեղությամբ, սակայն միաժամանակ ճարպկությամբ։
Դասարանում ամենասիրվածն էր, դասարանի ուրախությունը։ Շատ տաղանդավոր էր, բացի նկարելը նաև երաժշտությանն էր շատ մոտ։ Նա նկարահանվում էր «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Միշտ ասում էր, ես հայտնի եմ դառնալու։ 2019֊ի հուլիսի 11֊ին բանակ զորակոչվեց ։Ասում էր. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»։ Գևորգս 6 ամիս ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում, որպես տանկիստ ֊նշանառու ֊օպերատոր։ Զորամասի լավագույն նշանառուներից էր, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրեր ով։ Նրան բանակում բոլորը ճանաչում էին որպես «կինոյի տղա»։ Չարաբաստիկ սեպտեմբերի 27֊ին, պատերազմը սկսվեց։ Գևորգը ամսի 26֊ին զանգահարում է քրոջը ու ասում, որ աղոթի իր համար։ Որդիս մեզ այդպես էլ չասեց, թե Արցախի որ հատված են իրեն տեղափոխել։ Միայն քրոջ ամուսնուն է ասել, որ Աղդամում է, թաքստոցում։
Հոկտեմբերի 23֊ին Կարմիր Շուկա է տեղափոխվել։ Քրոջ ամուսնուն զանգել ասել է, եթե ինձ հետ բան պատահի, քրոջս լավ կնայես, տանեցիներիս էլ տիրություն կանես»։ Մարտական ընկերները պատմում են, որ ոգևորել է բոլորին ու ասել միշտ. «Ես պետք է հերոս դառնամ»։
Կարմիր Շուկայի ու Շեխեր գյուղի թեժ մարտերի ժամանակ ոչնչացրել է 1 տանկ ու խոցել մի քանի տեսակի զրահատեխնիկա, հենց այդ պահին էլ ընկերները նրան կնքել են ՀԵՐՈՍ ՋԱՎԱԽՅԱՆ»։
Գևորգ Ջավախյանը եղել է շատ հզոր տանկիստ, թշնամուն զգալի վնասներ պատճառելուց հետո, ադրբեջանական զորքը ոչնչացնելու նպատակով մի քանի օր հետևել է նկարել Գևորգի տանկը։ Հոկտեմբերի 24֊ին, անօդաչուն առաջին հարվածն է հասցնում Գևորգի տանկին։ Նա ծանր վնասվածքներ է ստանում ու տեղափոխվում հիվանդանոց։ 1 օր լուր չունենալուց ու փնտրելուց հետո, քույրը Սեդան, գտնում է նրան հիվանդանոցում անգիտակից վիճակում։
Ցավոք, հոկտեմբերի 28֊ին, այդպես էլ գիտակցության չգալով անմահանում է։ Նա կատարեց իր խոստումը, մենք իր անունը լսեցինք ավելի բարձր, ցավոք այս կերպ։ Խիզախության, արիության համար պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Ստացել էր նաև տանկային կրծքանշան, պարգևատրվել «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանզիկ» մեդալներով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






