«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել է, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Վարդանյանը միևնույն ժամանակ նշել էր, թե «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայում ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով»:
Այսուամենայնիվ, այստեղ կա մի քանի խնդիր: Նախ, ըստ փորձագետների, խոսքը, այսպես կոչված, «փոքր ԱԷԿ»-ի մասին է, որը, սակայն, մինչ այժմ աշխարհում կարողացել են կառուցել միայն Ռուսաստանը և Չինաստանը:
Այստեղ հիմնական պատճառաբանությունը էներգետիկ անկախության ավելացումն է, քանի որ ներկայում Հայաստանում այն ընդամենը 27 տոկոս է: Սակայն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նույնիսկ հպանցիկ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այստեղ առանձնապես խնդիրներ չկան, իսկ էլեկտրաէներգիայի մեծ մասն ապահովում են Մեծամորի ատոմակայանն ու ՋԷԿ-երը: Ճիշտ է, անցած տարի վերականգնվող էներգիայի ծավալը 2022-ի համեմատ զգալի ավելացել է, բայց դեռ շատ հեռու է ավանդական էներգիայի հետ մրցակցելուց: Ինչ վերաբերում է նվազ հզորությամբ ատոմակայան կառուցելու միջոցով էներգետիկ անկախություն ձեռք բերելու հնարավորությանը, ապա մասնագետները դա համարում են անլուրջ, քանի որ նախ և առաջ պետք է ինչ-որ տեղից բերել վառելիքը, դեռ չենք խոսում այն մասին, որ ով վճարում է, նա էլ, ի վերջո, թելադրում է «երաժշտությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում