«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին
Տեսանյութեր«Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն աշխատել այն վայրում, որտեղ ստեղծագործել է շուրջ 35 տարի: Այս մասին Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության բեմից հայտարարեց թատրոնի ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ կառավարությունը կատարել են իրենց ոչ մասնագիտական որոշումը: Այստեղ եմ, որպեսզի մասնագետները որոշում կայացնեն: «Գոյ» թատրոնը ցանկանում է ունենալ իր ստեղծագործելու իրավունքը, ուրիշ ոչինչ չի ուզում: Այդ իրավունքը վաստակելու համար ցանկանում է աշխատել: Այսօր «Գոյ» թատրոնը պատրաստ է չլինել պետական, պատրաստ է լինել՝ անկախ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծագործելու վայր: «Գոյ»-ն այլ տեղ չի տեսնում դա անելու համար, տեսնում է բացառապես այն վայրը, որտեղ ստեղծվել է, որովհետեւ այդ տարածքը լցված է «Գոյ»-ի էներգիայով»,- նշեց ռեժիսորը:
Սարգիս Արզումանյանը դիմելով թատերական գործիչներին՝ խնդրեց նրանց աջակցությունը. «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երեւանին անհրաժեշտ է՝ որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, ու «Գոյ» թատրոնը դառնա անկախ եւ ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ»-ականները այս միավորումը համարում են «Գոյ»ասպանություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ