Օկուպացիոն ռեժիմին ընտրություններով դուրս չեն նետում. Նահապետյան
Հանդիպում«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:
«ԱՅՍ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՏՕ-Ի ԲԱՆԱԿ»
— Ռուս քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած հռետորական հարցը, որ եթե Ռուսաստանն իր ազգային անվտանգության համար ստիպված էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով՝ չի կարող նույնն անել իր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում՝ նկատի ունենալով Հայաստանը, մեծ աղմուկ բարձրացրեց, ընդ որում՝ ոչ միայն իշխանության կողմից, այլ նաեւ` ընդդիմության։ Եթե ընդդիմությունը հակադարձում է այն թեզերով, թե՝ Հայաստանն ինքնիշխան է, անկախ է, ամենեւին էլ գաղութացված չէ, ուրեմն՝ ի՞նչ է ստացվում՝ մեր երկրում ամեն ինչ նորմա՞լ է:
— Նախ Սոլովյովի խոսքը չի վերաբերում ո՛չ հայ ժողովրդին, ո՛չ Հայաստան երկրին, այլ՝ օրվա իշխանությունների քաղաքականությանը։ Նույն կերպ Ռուսաստանը եւ ռուս ժողովուրդը ուկրաինացի ժողովրդի կամ Ուկրաինայի թշնամին չէ, մեծ հաշվով նույն ազգն են, նույն արմատներով: Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի վարչակազմին։ Ունենալով դրա համար պատճառներ՝ Ռուսաստանն այսօր իրականացնում է հատուկ ռազմական գործողություն, որը պատերազմ չէ: Ի՞նչ էր տեղի ունեցել, ՆԱՏՕ-ն մոտենում էր արդեն Ռուսաստանին, իսկ Դոնեցկում, Լուգանսկում եւ Ղրիմի տարածքներում բնակվող ազգությամբ ռուս եւ ռուսախոս ճնշող մեծամասնության քաղաքացիների տարրական իրավունքները ոտնահարվում էին։ Արգելում էին նրանց ռուսերենով գրագրություն իրականացնել կամ դպրոցներում ռուսերենով դասավանդել։ 2014-2022 թվականի փետրվարը Ուկրաինան այդ 2 մարզերի բնակիչների նկատմամբ ուղղակի օդուժ էր կիրառում։ Անզեն քաղաքացիների նկատմամբ 8 տարի 30 հազարից ավել կորուստ է եղել, հազարից ավելի երեխա է զոհվել, որոնց հիշատակին հրեշտակների ծառուղի է ստեղծվել: Ինքնաթիռները, զրահատանկերը, զորքերը գալիս էին ազնիվ ժողովրդի վրա, 8 տարի որեւիցե մեկը չէր խոսում, որ մարդկանց կոտորում էին:
Բացի այդ, երկու անգամ Ուկրաինան խաբել է: Ռուսաստանի հետ պայմանավորվել է, որ այդ գործողությունները պիտի կանգնեցնի, բայց ժամանակ են ձգել՝ մինչեւ Ուկրաինան պատրաստ կլիներ պատերազմի Ռուսաստանի դեմ։ Ի դեպ, 2022-ի մարտին ուկրաինական բանակը մտնելու էր Դոնեցկ, Լուգանսկ, 750 հազար զորք էին բերել։ Բնականաբար, ռուսական հետախուզությունն այս ամեն ինչը գնահատել էր եւ նախահարձակ եղել։ Ընդ որում, Ռուսաստանի նախագահն այդ թեմայի հետ կապված մի անգամ հետաքրքիր զուգահեռ անցկացրեց, որ ժամանակին Ստալինը իմանալով, որ նացիստական Գերմանան հարձակվում է, պիտի Խորհրդային Միությունն ինքը նախահարձակ լիներ, որպեսզի գործի չհասներ Մոսկվայում մատույցներ հասնելուն, ու այդքան ժողովուրդ չկոտորվեր: Այնպես որ, հիմա էլ եթե Ռուսաստանը նախահարձակ չլիներ, ուկրաինական բանակը մտնելու էր Դոնեցկ, Լուգանսկ:
Եվ հետևաբար, հիմա Սոլովյովը ինքը զուգահեռում է հատուկ ռազմական գործողություն։ Այսինքն` Հայաստանում արվում են գործողություններ, իշխանությունների մասին է խոսքը։ Սա չի վերաբերվում ոչ ժողովրդին, հա՞ ոչ Հայաստան երկրին օրվա իշխանությունների քաղաքականությունը։ Վերջին հաշվով, հո Ռուսաստանը և ռուս ժողովուրդը ուկրաինացի ժողովրդի թշնամի չէ՞ կամ Ուկրաինային մոտ թշնամի չէ. մեծ հաշվով նույն ազգն են, արմատը նույնն է։ Հա, ասենք, ճյուղերն են տարբեր, բայց Ռուսաստանը դեմ է վարչակազմին։ Ուկրաինայի, հիմա Սաադի ասած իմաստը, որ էս վարչակազմի կողմից իրականացվող քայլերը հատուկ ռազմական գործողություն անելու պատճառների մեջ են տեղավորվում, պատճառների մասին է խոսում ինքը, երբ որ ասում է` հատուկ նշում է` չէ, հատուկ ռազմական գործողություն
Եվ հիմա էլ Հայաստանն անում է գործողություն, որը վաղը, մյուս օրը Ռուսաստանին այլընտրանք չի թողնելու, քան նախահարձակ լինել, որովհետեւ իր ազգային, պետական շահերը ոտնահարվում են: Տեսեք, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, փոխարտգործնախարարը, փոխվարչապետը արդեն երրորդ տարին է, ինչ բարձրաձայնում են եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության անձերի մասին, ասում են` ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախույզներ են։ Անգամ պաշտոնապես հայտարարություններ են արել, զգուշացրել են, որ դուրս հանեք նրանց, որովհետեւ դուք ՀԱՊԿ անդամ եք, մեզ հետ 1995 թ.-ին կնքված պայմանագիր ունեք, ռազմավարական դաշնակից ենք: Անտրամաբանական է, որ Ռուսաստանը հիմա Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հետ պատերազմի մեջ է, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախույզները ՀԱՊԿ անդամ Հայաստանում են: Ավելին՝ Հայաստանի զինուժն օրվա իշխանություններն այսօր ամբողջովին բերում են ՆԱՏՕ ստանդարտների՝ սկսած համազգեստից, զինվածությունից, կառավարման մեթոդաբանությունից, հրահանգիչներից եւ ուսուցումից: Այսօր Հայաստանից, որտեղ մի ժամանակ 90 տոկոս եւ ավելին գնում էին Ռուսաստանի Դաշնության ռազմական բուհերը ուսանելու, հիմա գնում են ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներ։ Ավել ոչինչ չասեմ, բայց Ֆրանսիան ու Բրիտանիան այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ներկայացվածություն ունեն:
Այսքանից հետո, էլ ինչպե՞ս Ռուսաստանը հասկացնի Հայաստանին, թե ինչ է կատարվում: Անպայման ՌԴ նախագահը պետք է ասե՞ր: Հիմա ասում է կարեւոր մի լրատվամիջոցի շատ հայտնի դեմք, որ եթե հայկական բանակը ՆԱՏՕ-յի ստանդարտներով, ՆԱՏՕ-ական հրահանգիչներով, ուսումնական կենտրոններով է վերապատրաստվում, հաստատ վաղը , Բուրկինա Ֆասոյի դեմ չէ պատերազմելու։ Ակնհայտ է, որ թիրախը մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից՝ Իրանը: Եթե քո բանակը դու պատասաստում ես ՆԱՏՕ-ի ստանդարտներով, իսկ մեր երկու հարեւան պետությունների բանակները եւս ՆԱՏՕ-ի ստանդարտներով են վաղուց՝ Վրաստանը եւ Ադրբեջանը, ուրեմն՝ այս տարածքում ստեղծվում է միացյալ ՆԱՏՕ-ի բանակ` Թուրքիայի 3-րդ դաշնային բանակի հրամկազմի ղեկավարությամբ։ Դե պատկերացրեք, եթե մենք այսքանը, բաց աղբյուրները վերլուծելով, կարողանում ենք ճիշտ ձեւով գնահատել իրավիճակը, ապա Ռուսաստանի հատուկ ծառայությունները որքան տվյալներ ունեն։ Նրանք հրաշալի գիտեն, թե ինչ է սարքվում այստեղ: Հայաստանի օրվա իշխանություններին Սոլովյովի շուրթերով զգուշացնում են, որ դուք գնում եք շատ վատ ճանապարհով:
«ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐՔՈ Է»
— Պարոն Նահապետյան, հետեւապես բացատրությունը ո՞րն է, որ ընդդիմադիր դաշտից էլ են վրդովված Սոլովյովի հայտարարությունից, չնայած որ Միացյալ Նահանգներից ու Արեւմուտքից Հայաստանի ներքին գործերին խառնվող ավելի բաց տեքստեր են հնչել:
— Ինքնիշխան լինելու հետ կապված՝ ես համակարծիք չեմ հնչող գնահատականին եւ ունեմ դրա իրավունքը: Այսօր Հայաստանն ամբողջովին արտաքին կառավարման ներքո է: Ավելին, օրինակ, երկրներ կան, որոնք արտաքին կառավարման ներքո են, բայց օկուպացված չեն։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ե՛ւ արտաքին կառավարման ներքո է, ե՛ւ օկուպացված է։ Հայաստանում կոլոբորանտ իշխանություն է ձեւավորված՝ ի դեմս Փաշինյանի եւ իր կառավարության։ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկող Փաշինյանի կառավարությունը Հայաստանն օկուպացել է։ Օկուպացիայի կա փափուկ եւ կոշտ ձեւ։ Եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակի զինծառայողներ լինեին այստեղ, մենք կասեինք, որ կոշտ օկուպացիա է: Ենթադրենք, Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակի, ոստիկանության զինծառայողներն այստեղ եթե լինեին, բնական է, որ իրենց երկրի շահերին պետք է սպասարկեին, ու տեղի վարչակազմը պետք է աներ այն, ինչ իրենք ասում են: Կոպիտ ասած՝ իրավիճակը կլիներ, ինչ Ֆրանսիայում 1939-1945 թթ.-երին, երբ Ֆրանսիայի կառավարության գլուխը գերմանացիների հանձնարարականներ էր կատարում եւ նրանց շահերն էր սպասարկում: Հիմա եթե Հայաստանի իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, ուրեմն՝ կոլաբորանտ կառավարություն է, իսկ երկիրն օկուպացված տարածք է: Եթե սա տեսականորեն ընդունում ենք, որ ճիշտ է, Սոլովյովն անուղղակորեն ասում է, որ եթե ռուսները գան այստեղ` ուժով հարց լուծելու, իրենք բացառապես կոլաբորանտ կառավարության դեմ են լինելու, գալու են ազատագրեն Հայաստանն օկուպացիայից:
— Այսօր մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր համոզված են, որ դեօկուպացիա կարող են անել ընտրություններով:
— Դե բարեւ Ձեզ, մի օրինակ ցույց տվեք, որ մի երկրի տարածքում դեօկուպացիան եղել է ընտրություններով: Երկիր մոլորակի վրա չկա օրինակ, որտեղ օկուպացիոն ռեժիմին ընտրություններով դուրս են դնում։ Ինչու այդ օկուպացիան ընտրություններո՞վ է առաջացել։ Բազմաթիվ փաստեր կարող եմ բերել, որ այդպես չէ, ոլորտ առ ոլորտ կարող եմ ցույց տալ, որ Հայաստանն արտաքին կառավարման ներքո է՝ դոլարի գերիշխանությունից սկսած մինչեւ Փաշինյան Նիկոլի եւ իր, այսպես կոչված, կառավարության քայլերով, որոնք ուղղակի սպասարկում ենք Թուրքիայի, Ադրբեջանի շահերը: Ընդ որում՝ երեւացողն է դա, բայց անուղղակի նաեւ Բրիտանիայի, ԱՄՆ-ի շահերն են սպասարկում, վերադասն այս երկու պետություններն են:
— Արեւմտամետ փորձագետները սա ներկայացնում են, թե Ռուսաստանն անուղղակիորեն պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ։
— Արեւմտյան փորձագետներն ավելի լավ է գնան ու հարցնեն՝ հարգելի Դոնալդ Թրամփ, այդ ինչպե՞ս եղավ, որ ՄԱԿ-ի անդամ պետության, ինքնիշխան պետության նախագահին դու առեւանգում ես, հետո գերեվարում, հետո էլ ասում, որ Վենեսուայի նախագահը դու ես: Այդ ո՞ր միջազգային իրավունքով, կոնվենցիայով ես ասում, որ Գրենլանդիան ձերն է, Կանադան ձերն է: Թրամփի աշխատասենյակում Ռոնալդ Ռեյգանի նկարը կա։ Սա պատահական չէ։ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի այն նախագահն էր, որի ղեկավարման կառավարման տարիներին Միացյալ Նահանգների կառավարման սկզբունքը հետեւյալն էր` արդարությունը ուժով: Իհարկե, սա սուբյեկտիվ ընկալում է, բայց եթե քրիստոնյա չես, եթե քրիստոնյա ես, ուրեմն՝ գիտես, արդարությունը, ճշմարտությունը Հիսուսն է։ Իսկ եթե քաղաքական հարթության մեջ ենք նայում, արդարությունը երկրի ազգային, պետական շահն է: Այսինքն` ազգային եւ պետական շահի հետամուտ լինելը, ու այդ շահը պաշտպանելը, դա պիտի արվի բացահայտ ուժով։ Հիմա ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականությունը նույնն է, ինչ-որ ժամանակին Ռոնալդ Ռեյգանի կառավարման ժամանակ էր: Ուժով վերցնում են այն, ինչ գտնում են, որ իրենց երկրի շահերի տեսանկյունից ճիշտ է, որեւէ մեկի կարծիքը չեն էլ հարցնում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

