Սա ո՛չ քաղաքականություն է, ո՛չ էլ «լավ տղու» բազար. Անի Կարապետյան
Ներքաղաքական
«Խոսքը վերաբերում է երկու կողմին էլ՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում գործող գործիչներին։ Եթե դու թաղապետ ես, ապա ներկայացնում ես ինստիտուցիոնալ կառույց։ Քո խոսքը և պահվածքը պետք է արտահայտեն պետական արժանապատվությունն ու պատասխանատվությունը։ Անթույլատրելի է իջնել ձեռնամարտի, սոցցանցային հակամարտության կամ հրապարակային հայհոյանքների մակարդակի։ Քաղաքական պաշտոնն ինքնաբերաբար ենթադրում է զսպվածություն ու կառավարման մշակույթ։
Եթե ընդդիմադիր ես, ու որևէ մեկը անցնում է ոչ միայն քաղաքական, այլև բարոյական սահմանները՝ անձնական վիրավորանքով, դա չպետք է վերածել քաղաքական շահարկման առարկայի կամ հանրային շոուի։ Այդ պահից դա այլևս գաղափարական պայքար չէ, այլ անձնական։ Իսկ իսկական անձնական նմանատիպ հարցերը լուծվում են ֆեյսբուքից դուրս` դալաններում։
Այս ամենը վկայում է, որ կատարվող գործողություններն ու վարքագիծը դուրս են թե՛ քաղաքական մշակույթից, թե՛ փողոցային ընդունելի բարքերից։ Դրանց կարելի է որակավորել այսպես՝ սա ինքնավերահսկման կորստի դաշտում ընթացող անձնական հակամարտություն է, որը ո՛չ քաղաքական արժեհամակարգ ունի, ո՛չ էլ պատշաճ վարքագծի մշակույթին հարիր տղայական կեցվածք:
Այն հիշեցնում է մի միջավայր, որտեղ գոյություն չունեն հստակ սահմանված կանոններ, իսկ կողմերը շարժվում են պահի զգացմունքային մղումներով՝ չգիտակցելով իրենց դերի ու պաշտոնի պատասխանատվությունը։ Քաղաքական համակարգին բնորոշ հարթակները մղվում են երկրորդ պլան, իսկ սուբյեկտիվ մեկնաբանությունները վերածվում են գլխավոր գործիքի», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։