Նիկոլը նորից Հայաստանը դարձրեց ՌԴ-ԱՄՆ կատաղի բախման թատերաբեմ
Վերլուծություն
Արցախի կորստի համար պատասխանատու է ամբողջ հայ ժողովուրդը եւ, առաջին հերթին, իհարկե, արցախահայությունը: Ահա այս «հանճարեղ» միտքն են սկսել առաջ տանել իշխանությունները, բնականաբար, այս անգամ եւս առաջին պլան մղելով այնպիսի դեմքերի, ինչպիսին է Հովիկ Աղազարյանը:
ԿԱՐԵՎՈՐՆ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ՉԷ
Այն, ինչով փորձում է հիմնավորել Աղազարյանն իր գլուխգործոցը, իհարկե, շատ հեշտ է ջարդուփշուր անել: Արցախի ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է ստացել, այդ դեպքում ինչո՞ւ Ջաբրայիլի ուղղությամբ երկրորդ գիծ, պաշտպանության երրորդ գիծ չստեղծեցին: Այսպես է համոզում նա, երեւի լավ չհասկանալով, թե իրականում ում ֆունկցիան էր Ջաբրայիլի պաշտպանությունը, որտեղ, հիշեցնենք, հիմնականում Հայաստանից զորակոչվածներն ու սպաներն էին, ովքեր պետք է նախաձեռնեին ամբողջական պաշտպանական համակարգի ստեղծումը, ով էր իրեն Գերագույնի տեղ դրել, ում ցուցումներով էր ընթանում պատերազմը եւ, վերջապես, ով էր նույն Ջաբրայիլի ուղղությամբ գործող հրամանատարությանը ճոխ պարգեւներ տալիս` հենց այդ խայտառակ պարտությունների համար: Ու վերջում Հովիկը հին տափակ միտքն է առաջ տանում, թե. «Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը միայնակ պայքարել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեմ։ Սա անհնար է…»:
Պատմությունը, ինչպես ասում են, հաղթողներն են գրում: Այսինքն, եթե Նիկոլը հաղթեց եւ Հայաստանը վերածեց վիլայեթի, հավատացեք, այն, ինչի մասին խոսում է Աղազարյանը, կվերածվի պատմության` Նիկոլը` հերոս, որ միայնակ «պայքարում էր» «Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեմ», մնացած ողջ հայ ժողովուրդն էլ` դավաճան, որ պարտվեց, կորցրեց «պատմական Հայաստանը», ուրեմն` թող ապրի նիկոլյան «իրական Հայաստանում»:
Բայց այն, որ Աղազարյանը նորից առաջ է մղում ռուս-թուրքական «դավադրության» թեման, թե` Նիկոլը «պայքարում» էր «Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեմ», հազիվ թե պատահական է ասված: Եվ ոչինչ, որ սկսած 2020թ. դեկտեմբերից, վերջացրած ներկա փուլով, նույն Նիկոլը հավեսով Հայաստանի հողերը Ալիեւին է նվիրում` ողջ ժողովրդին «վախեցնելով» նոր պատերազմով: Չէ, մեկ է, «մեղավորը» ռուսներն են, եւ այն, որ այդ մասին Աղազարյանը խոսում է, կրկնենք, պատահական չէ: Ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլն այդ կարգի հայտարարություն հնչեցրեց ԱԺ ամբիոնից: Ճիշտ է, մատնանշելով Բելառուսին եւ «ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետության»` ակնհայտորեն հասկացնելով Ռուսաստանին: Եվ երբ դրան գումարվեց Աղազարյանը, շատ ավելի հստակ դարձավ տպավորությունը, որ սա հերթական խաղն է, որը «պատահաբար» սկսվեց ամերիկյան ԿՀՎ-ի փոխտնօրենի Հայաստան գալուն պես:
Նման է, որ ամերիկացիներին մի թեթեւ մտահոգել էր, որ Նիկոլը ՌԴ ԳՇ-ում պահվող ԽՍՀՄ-ի քարտեզներով է Ալիեւի հետ սահմանազատում անում, միգուցե մտածել էին, որ իրենց «գցում» է. հրապարակավ հայհոյում է Մոսկվային, բայց տալիս, ըստ ամենայնի, դիմել եւ ստացել են այդ քարտեզները, եւ ռուսներն էլ հազիվ թե հենց այնպես դրանք տային: Ամեն դեպքում` հիշեցնենք, որ ՌԴ ԳՇ-ում պահվող ԽՍՀՄ-ի հին եւ բացառիկ քարտեզներով սահմանազատում անելու փաստը Նիկոլն արդեն սկսել է ցուցադրաբար առաջ տանել, այդ թվում` ԱԺ-ում օրերս ճոճելով նման քարտեզ եւ ասելով. «Սրանք 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող եւ Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների հիման վրա»:
Ով իմանա, միգուցե այդպես էլ կա, եւ նման խաղ է հիմա Նիկոլը շարունակում: Միայն թե, զուգահեռաբար ԱԺ ամբիոնից մեղադրելով Բելառուսին եւ ակնարկելով ռուսների մասին, Նիկոլը, այնուամենայնիվ, մեկ վրիպակ արեց: Մեկ բան հաստատ է` Ալիեւի հետ Լուկաշենկոյից էլ, Պուտինից էլ շատ ավելի սերտ հարաբերությունների մեջ է Տոկաեւը: Հենց Ղազախստանն է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ, Հենց Ղազախստանն է, որ բոլորից էլ շատ է շահագրգռված Հայաստանում թյուրքական միջանցք բացելու, ըստ այդմ, ժամանակին մտահոգված էր Արցախն Ալիեւին հանձնելու հարցում: Վերջապես, հենց Ղազախստանի ղեկավարությունն է, որ վերջերս սկսեց բացահայտ խոսել «Միջին միջանցքի», այն է` «Թյուրքական միջանցքի» բացման մասին, դրա համար հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամություն հայտնելով, որից արագորեն կողմերն օգտվեցին: Ու ահա Նիկոլը, մեղադրելով Մոսկվային եւ Մինսկին եւ մեծ հաճոյությամբ ընդունելով Տոկաեւին, ցույց է տալիս, որ Աստանայի հետ, որպօես ՀԱՊԿ անդամ, որեւէ խնդիր չի տեսնում: Իսկ դա, գումարած ներկա «ափալ-թափալ» սահմանազատում կոչվածը, ավելի ու ավելի է խոսում «Թյուրքական միջանցքի» օգտին հայաստանյան ներկա իշխանավորների խաղի մեծ հավանականության օգտին:
ԻՆՉՈՒ ՄՈՍԿՎԱ ԿԱՆՉԵՑԻՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Այսինքն ի՞նչ է, պատրաստվում են վերջնականապես «գցել» ռուսներին` հանուն Հայաստանի վիլայեթացման: Ամեն դեպքում, որ ռուսները ամենաքիչը նման կասկածներ ունեն, ցույց տվեց այն, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչեցին Մոսկվա` խորհրդակցության: Դատելով ԶԼՄ-ների պնդումներից` «Անսպասելի են կանչել` առանց տեղեկացնելու նպատակի մասին»: Այնքան հրատապ, որ աղմուկ բարձրացավ, թե Ռուսաստանն առհասարակ դեսպանին հետ է կանչում, եւ Լավրովը ստիպված եղավ հատուկ պարզաբանում տալ, որ այդպես չէ: Բայց, այնուամենայնիվ, դեսպանին կանչել են, իսկ դա նշանակում է, որ հայաստանյան ուղղությամբ ՌԴ քաղաքականության հարցում լուրջ քննարկումների, լուծումների խնդիր Մոսկվան տեսնում է: Իսկ դա առնվազն նման հետեւությունների տեղիք տալիս է:
Առաջինը, որ որքան էլ Նիկոլն ԱԺ-ում թափահարի ՌԴ ԳՇ-ում պահվող քարտեզները` ակնարկելով, թե դրանք ստացել են ուղիղ Մոսկվայից, մեկ է, շատ ավելի նման է, որ Հայաստանն ակտիվորեն շարժվում է «Թյուրքական միջանցքի» ուղղությամբ:
Երկրորդը, ԿՀՎ-ի փոխտնօրեի այցը գալիս է ակնարկելու, որ խաղն առաջ են տանում ամերիկացիները: Ճիշտ է, վերջին ժամանակներս այս ամենի թիկունքից հիմնականում զգացվում էր MI6-ի ականջները, բայց երեւի բրիտանացիները հիմա շատ ավելի զբաղված են իրենց ընտրություններով, կամ միգուցե ԿՀՎ-ում մտածում են, թե իրենց «փոքր եղբայրը» լավ չի աշխատում, եւ որոշել են անձամբ գործի գլուխ կանգնել: Ամեն դեպքում, այս մասին է պնդում նաեւ հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, թե. «Արեւմուտքը մեզ շատ պարզ հասկացնում է, որ տարածաշրջանը եւ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը մաքրում է ռուսներից՝ թուրքերին նվիրելու համար»:
Երրորդը. այս իրավիճակում ռուսներին երկու տարբերակ է մնում: Կա´մ առհասարակ հրաժարվել հայաստանյան ուղղությունից, որը խոստանում է լրջագույն խնդիրներ նաեւ Իրանի ստրատեգիական ուղղությամբ: Կա´մ պետք է էապես վերափոխեն հայաստանյան հարթակում քաղաքականությունը, եւ դեսպանին Մոսկվա կանչելը, թերեւս, հենց այս տարբերակի մասին է խոսում:
Այսինքն, ամեն բան խոսում է, որ Նիկոլը հերթական անգամ Հայաստանը դարձրեց ռուս-ամերիկյան կատաղի բախման թատերաբեմ: Ընդ որում, անկախ այն բանից, թե այս պայքարում ով կհաղթի, նման թատերաբեմ լինելն արդեն իսկ առաջիկա ամիսներին, եթե ոչ` շաբաթներին ծանրագույն զարգացումներ է խոստանում մեր երկրին: Առավել եւս, որ այս կռվին, միանշանակ, խառնված են Թուրքիան եւ Իրանը:
ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Իրանի մասով կարծես թե վիճակը պարզ է: Թեհրանը Նիկոլի վերջին «հետախուզական» այցի ժամանակ պարզ ցույց տվեց, որ չնայած Ռաիսիի սպանությանը, չնայած սպասվող նախագահական ընտրություններին, Իրանն իր հայտնի «կարմիր գծերը» ամեն կերպ կպահպանի, քանի որ հայաստանյան ուղղությունը համարում են երկրի անվտանգության լրջագույն հարց: Այսինքն, որ Իրանը կենթարկվի հարձակման հենց այն պահին, երբ Արեւմուտքը սկուտեղի վրա Հայաստանը կմատուցի ՆԱՏՕ-ական Թուրքիային, Թեհրանի համար ամենահավանական սցենարներից է: Ու շատ ավելի հեշտ է դիմագրավել այդ հանձնման գործընթացին, քան դրանից հետո սպասվող հարվածին:
Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այն, որ այստեղ նոր կառավարության ձեւավորումից հետո ապասվում էր կտրուկ փոփոխություններ նախ ռազմական, ապա` արտաքին քաղաքականության մեջ, քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք: Այն, ինչ կատարվում է ներկա պահին ռազմական գերատեսչությունում, որտեղ մի շարք ամենաբարձրաստիճան գեներալներ նախընտրեցին կամավոր հեռանալ, որոշներին` հեռացրին, որոշներին` բանտ ուղարկեցին, արդեն իսկ վկայում է մեր այդ ենթադրության օգտին: Չափազանց լուրջ կոշտացումներ նկատվում է նաեւ արտաքին քաղաքականության մեջ, ինչին, թերեւս, պետք է առանձին անդրադառնալ: Իսկ մինչ այդ, նկատենք, որ հայաստանյան դեսպանին Մոսկվա կանչելը, շատ նման է, որ այդ կոշտացման արտահայտություններից մեկն է: Իսկ թե ինչ տեսքով, դա կերեւա ամենամոտ ժամանակներս:
Ամեն դեպքում, դեսպանին խորհրդակցությունների կանչելը հազիվ թե Նիկոլի ինչ-որ հայտարարությունների համար էր. նա այդ կալիբրների մեջ չէ: Սա ավելի շուտ ԿՀՎ-ի փոխտնօրենի այցի ռեակցիան է, ավելի շուտ ակնարկ, որ մարտահրավերն ընդունված է: