Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...

100-ամյա հոբելյանդ
Հենց ա՛յս տարի լրացավ...
Ու չգիտեմ` ո՞նց ցավակցեմ,
Որ Արմենդ քո սիրելի
Հենց ա՛յս տարի՝
Իր երկրայի՛ն կյանքը թողած,
Քե՛զ մոտ եկավ...
Ու չգիտեմ, պիտի ցնծա՞ս՝
Ընդունելով որպես ընծա
Նրա մահը ՀԵՆՑ ԱՅՍ տարի,
Թե՞, որպես հայր,
Դո՛ւ էլ այսօր պիտի սգաս՝
Վիշտը կիսես
Քո թոռների ու հարսիկի...
Փորձես հպվել արտասվաթոր
Ակունքներին քո Կորյունի,
Ասես. «Մի լա... Մոտս է գալիս...
Մայրիկի հետ մենք այստեղ ենք...
Շատ ենք սպասել... Կարոտել ենք...»
Սակայն ձայնը
Տիեզերքի հեռուներից
Մեզ չի հասնում...
Տրտմությունը սրտում պահած
Արտասվում է Կորյունը քաջ...
Վեհ թախիծով՝ աչքերը թաց,
Քո թոռները՝ կողք-կողք կանգնած,
Պարույր, Սեւակ, Արտակ սիրված...
Ցավ-վիշտ-կսկիծ հոգում քողած
Հեծկլտոցով Գայանեն է արցունք թափում՝
Քո հարսիկը, իր սիրելի ԿԵՍԻՆ կորցրած,
Ում հետ վաղուց՝ դեռ դպրոցից,
Ձեռք-ձեռք բռնած,
Մասնակցում էին շքերթներին
Մայիսմեկյան
Շահումյանի արձանին կից
Հրապարակում...
Շքերթ-քայլերթ այսօր չկա...
Լուռ, գլխիկոր քո ետեւից
Սգո թափորն այսօր քայլեց
«Շահումյանի» գերեզմաններ...
Հմուտ ձեռքով սարկավագի
Ծուխն էր խնկի երկինք ելնում...
Ու բուրվառի շղթաները
Լռությունն էին մերթ-մերթ հատում...
Ալլա Հակոբյան
01 մայիս 2024
Պարույր Սեւակի որդի՝ Արմեն Ղազարյանին...