Ռուսաստանի լռելու ռեսուրսներն արդեն ավարտված են, սպասեք ակտիվ գործողությունների. Հարությունյան
Ներքաղաքական
1803Hrant+
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Հայաստանի Հանրապետությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին փակագծեր բացեց Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ, նամակի մասին տեղեկությունը հաստատեց նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Այս որոշումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, ու առհասարակ, ինչո՞ւ է Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները կոշտացնում:
— Ակնհայտ է , որ Ռուսաստանի դեմ քաղաքականությունը կառավարվում է այս իշխանություններ կոչվածի տերերից, եւ մենք խամաճիկի նման կատարում ենք նրանց բոլոր հրամանները: Միեւնույն ժամանակ, այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճակատում այս խամաճիկների տերերը՝ անգլոսաքսոնյան եւ նաեւ նրանց իսրայելական ընկերները, լավագույն վիճակում չեն գտնվում, այնտեղ իրավիճակը բավական փոխվել է այն առումով, որ շատ բարենպաստ է դարձել Ռուսաստանի եւ ոչ բարենպաստ՝ հավաքական Արեւմուտքի համար: Այդ իսկ պատճառով Արեւմուտքը փորձում է շտապել, որպեսզի ինչ-որ նախապայմաններ ստեղծի Հարավային Կովկասում՝ որոշակի լարվածության եւ երկրորդ ճակատ բացելու համար: Այս համատեքստում նրանք սկսել են ավելի մեծ թափով հակառուսական քայլեր կատարել, ինչպես ԱԽՔ-ի ներկայացուցիչն ասաց, ռուս սահմանապահներին հրավիրում են դուրս, որպեսզի առանց որեւէ խնդրի Հայաստան ժամանեն թուրքական, իսրայելական, բրիտանական, հրեական հատուկ ծառայության աշխատակիցները, հիմնական նպատակը դա է: Բայց այս ամենը մեծ ռազմավարական վտանգներ է պարունակում Հայաստանի համար, որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք ռուսական մամուլին, ռուսական կողմը հիմա մեծ ուշադրություն է դարձնում հարցերի քաղաքակրթական կողմերին եւ իրենց դաշնակիցներն են նրանք, ովքեր նրանց հետ քաղաքակրթական կապեր ունեն: Եվ այս առումով Հայաստանը շատ կարեւոր է Ռուսաստանի համար: Դեռ 10-րդ դարում հայ արքայադուստր Աննայի միջոցով ռուսները ստացան քրիստոնեությունը որպես հավատք, եւ տարօրինակ չէ, որ Իսրայել Օրին էլ տասնյակ եվրոպական պալատներ այցելելուց հետո ընկալում գտավ միայն Ռուսաստանում, եւ Հայաստանը 1827թ.-ից Ռուսաստանի դաշնակիցն է եղել: Ես հասկանում եմ, որ ձեւական ձեւակերպումներով՝ անկախ պետություն չի եղել Հայաստանը, բայց եղել է անկախ ազգ, զարգացրել ենք մեր գիտությունը, կրթությունը, մշակույթը, միեւնույն ժամանակ մենք երբեք չենք եղել Ռուսաստանին ծառա: Մենք բավականին լիարժեք դաշնակիցներ ենք եղել: Պետք է հիշել Հայրենական պատերազմի ժամանակ, երբ թուրքերը փորձում էին 1942-43 թթ. հարձակվել Սովետական Միության վրա, նույն Կրեմլի հրամանով 100 հազարից ավելի զինծառայող տեղափոխվեցին Հայաստան, ու թուրքերը մոռացան Հայաստան մտնելու մասին, նույնը կատարվեց հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, երբ թուրքերը կրկին մեր սահմանի մոտ զորքեր էին կուտակել: Այդ ժամանակ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի հայտարարությունն էր, որ «դրան մենք կպատասխանենք ամենայն կոշտությամբ», որից հետո թուրքերը հետ կանգնեցին իրենց գաղափարից: Հիմա այս հանցավոր խումբը, որոնք «գունավոր հեղափոխություններից» հետո զավթել են իշխանությունը, փորձում են հետ կանգնեցնել Ռուսաստանին Հայաստանից: Սա խոշորագույն ռազմավարական սխալ է, այն հանցագործություն է Հայաստանում, միեւնույն ժամանակ, դատելով այն հայտարարություններից, որոնք բարձրաձայնեցին Լավրովը եւ այլք՝ Ռուսաստանը այդպես հեշտ ու հանգիստ չի թողնելու ու գնա: Հասկանալի է, որ ամեն ինչ անում են Ռուսաստանի վարկանիշը գցելու համար, մասնավորապես՝ Արցախի հայաթափումից հետո: Բայց պետք է այստեղ էլ ճշմարտությունը հանգիստ խղճով ասել, որովհետեւ ռուսները մտադրություն ունեին Արցախը պաշտպանելու եւ ավելին՝ կա այդպիսի մի ծրագիր, որով ուզում են Արցախից վերաձեւավորել մի պետական միավոր՝ Հարավային Օսիայի նման: Բայց տեղի իշխանությունները դեմ կանգնեցին դրան ուղղակի սարսափելի ձեւով, որոնք ուղղակի լռում էին: Ինձ թվում է, որ Ռուսաստանի լռելու ռեսուրսներն արդեն ավարտված են, ու հետագայում կարող ենք սպասել նաեւ ավելի ակտիվ ու արդյունավետ գործողությունների իրենց կողմից, որպեսզի փրկվի Հայաստանը: Հիմա ոչ միայն Հայաստանի լինել-չլինելու հարցն է, հայ ժողովրդի քաղաքակրթական ազգային կերպարի, որպես ժողովրդի լինել-չլինելու հարցն է: Ես հույսեր եմ կապում, որ ռուսները կարող են ու պարտավոր են օգնել, այո՛, շահերը կան, ավելին՝ դրանք անհամեմատ ավելի շատ են, քան երբեմն դրանց մասին խոսվում է:
— Այդուհանդերձ, ի՞նչ սպասել, առաջիկայում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս կգա՞ն, հնարավո՞ր է նաեւ հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուսբերում:
— Ես հույս ունեմ, որ այն նախապայմանները, որ կդնեն ռուսները, համենայնդեպս, կդանդաղեցնի այդ գործընթացը: Իհարկե, տեղի ունեցող քայլերի տրամաբանությունը հուշում է, որ հիմա պետք է ընդհանրապես հրաժարվենք ցանկացած տիպի սահմանապահներից, բայց դա կլինի վերջը: Դրա համար էլ ասում եմ, որ հույս ունեմ, որ այդ վերջը չի գա, ու ռուսները ուղղակի դուրս չեն գա:
— Պարո՛ն Հարությունյան, մի՞թե հայկական կողմը այդչափ ռեսուրս ունի ռուս սահմանապահներին փոխարինելու համար, թե՞ միտումնավոր ծրագիր է թուրքերի առաջ «դարպասները բացելու համար»:
— Երկրորդը , որովհետեւ ակնհայտ է՝ մենք տեսնում են, թե ինչ վիճակում է մեր բանակը, պաշտպանության ոլորտում մտքները համազգեստը փոխելու մասին են: Հետեւապես, որեւէ լուրջ հարցեր թուրքերի դեմ դնել չենք կարող: Սա այն կապիտուլիացիոն ծրագիրն է, որը իրագործում է Փաշինյանը եւ նրա հանցախումբը:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ