Նիկոլը դեռ փորձում է «երկու աթոռի» վրա խաղալ
Վերլուծություն
Նախօրեին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հորդորել է՝ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջան վնասում է խաղաղությանն ու կայունությանը։ Այն է՝ պետք չէ Արեւմուտքին բերել տարածաշրջան: Ռայիսին նաեւ բացատրել է՝ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարման գործում։
ԱՐՈՅԻՆ՝ ԹԵՀՐԱՆ, ՊԱՊԻԿՅԱՆԻՆ՝ ՓԱՐԻԶ
Բայց մինչ Արոն, ի պատասխան Իրանի նախագահի հորդորների, երջանիկ ժպիտը դեմքին գլուխն էր տմբտմբացնում, Նիկոլի մեկ այլ ենթակա՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում փաստաթղթեր էր ստորագրում, որը միտված է Արեւմուտքին Հայաստանում ոտնատեղ տալու գործին: Իհարկե, զինտեխնիկայի այն քանակությունը, այսինքն՝ GM200 ռադիոլոկացիոն երեք կայան գնելու պայմանագիրը եւ կից փաստաթղթերով ապագային թողնված գործարքները այն քանակությունը չեն, որը կարելի է համարել Հայոց բանակի ՆԱՏՕ-ականացման գործընթացի մեկնարկ: Բայց դրանով բուն իրողությունը չես փոխի: Այսինքն, նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լըկորնյուն ֆիքսեց. «Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ - խմբ․), թեեւ նույն ռազմական եւ քաղաքական դաշինքների մասը չենք կազմում»: Բայց երբ «այլ ռազմական եւ քաղաքական դաշինքի» անդամից թեկուզեւ մեկ փամփուշտ ես գնում, դա նշանակում է, որ այդ «ռազմական եւ քաղաքական դաշինքի» հետ մերձենալու կոնկրետ քաղաքական քայլ ես կատարում:
Բայց «ամենատարօրինակն» այն է, որ ֆրանսիացիների համար Հայաստանում ոտնատեղ բացելու այդ քայլի հետ միաժամանակ, Նիկոլը, բացի Արոյի միջոցով Ռայիսիի հորդորները լսելուց, նաեւ Իրանի հետ պայմանագրային տեսքով գործնական քայլի գնաց: Խոսքը` Իրանի քաղաքաշինության եւ ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հայաստանյան այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի մասին է, համաձայն որի, Իրանը գործնականում ներգրավվում է հայաստանյան «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ծրագրում, այն էլ՝ Քաջարան-Ագարակ հատվածում, այսինքն՝ Սյունիքում: Դեռ մի բան էլ օրակարգ է բերվում Արաքսի վրա Իրանը Հայաստանին միացնող նոր կամրջի շինարարության թեման: Բան չկա ասելու. սրանք, որքան էլ տարօրինակ թվան, իրոք Հայաստանի շահերին ուղղված ծրագրեր են, առավել եւս, եթե կյանքի կոչվի այդ ծրագրի երկրորդ բաղադրիչը՝ Քաջարանից դեպի Սիսիան տանող ուղիղ ճանապարհի շինարարությունը: Ընդ որում, տնտեսականից զատ, այստեղ կա նաեւ Հայաստանի անվտանգային շահ կոչվածը. եթե իրանական ընկերությունները գործեն Սյունիքում եւ հատկապես այն հատվածում, որտեղով ծրագրված է անցկացնել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, ապա դա դառնում է Իրանի հերթական եւ այս անգամ՝ միանգամայն գործնական ազդակը բոլորին, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը, դրա թուրք-ազերիական ընկալմամբ, Թեհրանը բացառել եւ բացառելու է երկարաժամկետ կտրվածքով: Ու ի՞նչ ենք ստանում. Նիկոլը մի ձեռքը դեպի Ֆրանսիա՝ ՆԱՏՕ է մեկնել, եւ դա ընդգծված հակաիրանական քայլ է: Ու նույն պահին մյուս ձեռքն Իրանի՞ն է մեկնում: Նա, թերեւս, կփորձի բացատրել, թե աշխարհը խառը վիճակում է, պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ պահել: Բայց դրանով հանդերձ, բոլորն են նրա առաջ հարց դնելու՝ իսկ իրականում ներկա գլոբալ բարիկադների ո՞ր հատվածում ես քեզ տեսնում: Ընդ որում, այդ հարցադրումներն ուղեկցվելու են կոշտ ճնշումներով, եւ նման խաղի արդյունքում արդեն Արցախ չունենք:
ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ
Այսպիսով, իրականում բարիկադների ո՞ր կողմում է Նիկոլը: Չնայած, հարցը պետք է մի փոքր այլ կերպ ձեւակերպել. այս պահին բարիկադների ո՞ր կողմում է, հաշվի առնելով, որ հաջորդ պահին նա կարող է միանգամայն այլ դիրքերում հայտնվել: Այս առումով որոշակի ցուցիչ կարելի է համարել նաեւ Թեհրանում կայացած արտգործնախարարների «3+3» ձեւաչափով հանդիպումը:
Ամենակարեւոր հարցերից մեկը, իհարկե, այն է, թե ինչո՞ւ հենց այս պահին, երբ Մերձավոր Արեւելքը կանգնած է Երրորդ աշխարհամարտ առաջացնել-չառաջացնելու հարցադրման առաջ, կայացավ այդ հանդիպումը: Եվ հենց Թեհրանում, որն այդ հարցադրման լուծման առանցքային բաղադրիչներից է: Իհարկե` հասկանալի է, որ այս պահին Իսրայելի եւ նրանից էլ առաջ ԱՄՆ-ի հիմնական ցանկություններից մեկը հարավկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ական պլացդարմի հիմնումն է: Այն մի կողմից Իրանի դեմ հավելյալ ճնշումների գոտի կդառնա՝ առաջ բերելով երկրորդ ճակատի հեռանկար: Միաժամանակ, կտրվելով ՌԴ-ի հետ ցամաքային կապից, Իրանը նկատելիորեն կթուլանա: Վերջապես, սա հավելյալ ճնշումային մեխանիզմ կդառնա նաեւ Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանի համար: Այսինքն, Մոսկվային եւ Թեհրանին պետք էր ցույց տալ, որ ոչ մի պարագայում չեն պատրաստվում թույլ տալ՝ Հարավային Կովկասը վերածել ՆԱՏՕ-ական բազայի, անկախ նրանից, թե դա կարվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՞, թե այլոց միջոցով: Եվ ահա, «3+3»-ն այն ցուցիչն էր, թե ի՞նչ են մտածում այդ մասին Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը, գնում են տարածաշրջանը ՆԱՏՕ-ականացնելո՞ւ ուղղությամբ, թե՞ պատրաստ են հաշվի առնել ՌԴ-ի եւ Իրանի այդքան ընդգծված «կարմիր գծերը»: Եվ այն, որ այդ հանդիպումը կայացավ, դա նախ հուշում է, որ առաջին հերթին Թուրքիան պարզ գիտակցում է, որ Մոսկվան եւ Թեհրանը կովկասյան ուղղությամբ պարզապես նահանջելու տեղ չունեն, եւ «կարմիր գծերի» հատումը կնշանակի պատերազմ: Ու իր մասնակցությամբ եւ հետը Բաքվին տանելով, Անկարան ցույց տվեց, որ գոնե այս պահին ՌԴ-ի եւ Իրանի հետ մեծ բախման գնալու ծրագրեր կամ հնարավորություն չունի: Այս դեպքում Նիկոլը եւս տարածաշրջանային ընդհանուր տրամաբանությունից դուրս գործելու ռեալ շանս չունի: Ու հաշվի առնելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը պայթեցնելու համար Արեւմուտքի հիմնական գործիքը Ադրբեջան-Հայաստան օղակն է, «3+3»-ի հանդիպումն էլ, բնականաբար, հիմնականում ուղղված էր հենց այդ օղակում պայթյուն թույլ չտալուն: Ամեն դեպքում, հենց դա է զգացվում հանդիպման եզրափակիչ հայտարարությունից: Մասնավորապես. «Հաշվի առնելով երկրների միջեւ փոխադարձ շահերի եւ բարիդրացիական հարեւանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարեւորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի եւ մարդու իրավունքների հարգման կարեւորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա…»: Եվ մնացածը նույն տրամաբանության մեջ է՝ պետք է խուսափել հակասություններից եւ դրա համար շեշտը դնել տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:
Ամեն դեպքում, սա տարածաշրջանի ապագայի մասին ՌԴ-ի եւ Իրանի առաջարկն էր, որը, ի դեպ, նկատելի էր նաեւ Լավրովի խոսքից. «Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա հիմնական չլուծված խնդիրն էր։ Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման եւ առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ»: Այսինքն, որ պետք է գնալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ձեռքբերված պայմանավորվածությունների ուղղությամբ: Իսկ այլընտրանքը, ինչպես Լավրովն ակնարկեց, ՆԱՏՕ-ի մուտքն է տարածաշրջան. «Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման գործընթաց ներթափանցելու փորձերը»։ Ընդ որում, դատելով այն արագ ռեակցիայից, որը պետքարտուղարությունը ցուցաբերեց «3+3»-ի հետ կապված, արեւմտյան այդ փորձերը շարունակվում են: Այսպես, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը նախ ասելով. «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ հանձնառություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները, կամ ովքեր են դրանք վարում»։ Ու այս «լավատեսական» տրամադրություններից հետո անցնում է բուն իմաստին. «Սակայն մենք ընդունում ենք նաեւ Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ Հարավային Կովկասի նուրբ աշխարհագրական դիրքը, եւ մենք վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»:
Այսպիսով, ԱՄՆ-ն արդեն ամենաուղիղ ձեւով է մատնանշում, թե ինչի համար է իրեն պետք Հարավային Կովկասը. «նուրբ աշխարհագրական դիրքի», այն է՝ ռուս-իրանական «ոչ վստահելի գործընկերների» կապը կտրելու: Ու նորից գալիս ենք նույն հարցին՝ իսկ Նիկոլն այս իրավիճակում վերջնական ո՞ր դիրքին է: Գնում է դեպի տարածաշրջանային համագործակցությա՞ն. իսկ այդ դեպքում Լավրովի առաջարկածն է՝ վերջացնել «խաղաղության պայմանագրի», սահմանազատման, կոմունիկացիաների հարցերը եւ տեղավորվել տարածաշրջանային ընդհանուր տրամաբանության մեջ: Մյուս կողմից՝ Արեւմուտքի առաջարկն է, որին հնարավոր է հասնել նոր պատերազմ սարքելու միջոցով: Նիկոլը մեկ Իրանի հետ պայմանագիր ստորագրելով եւ անմիջապես էլ՝ Ֆրանսիայի հետ, ցույց է տալիս, որ դեռ փորձում է «երկու աթոռի» վրա խաղալ: Թերեւս, անձնական քաղաքական գոյատեւման համար, որի արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ ներկա կործանարար վիճակում:
Քերոբ Սարգսյան