Հայաստանը, լվանալով ձեռքերը Արցախից, քարտ բլանշ է տալիս Ալիեւին, ինչը կործանարար կարող է լինել հենց ՀՀ-ի համար. Արցախի նախկին արտգործնախարար
Հանդիպում
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել եւ պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Իսկ նախօրեին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը կրկին հոխորտացել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, եւ մենք կորոշենք՝ երբ եւ ինչպես նրանց հետ խոսել»:
Այս իրավիճակում ինչպե՞ս են արցախցի մեր հայրենակիցները տեսնում Արցախը հայկական պահելու ուղղիները արցախցիները, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանից, ով նկատեց.
-Այնպիսի մի իրավիճակ է, որ Հայաստանը, կոպիտ ասած, լվանալով ձեռքերը Արցախից քարտ բլանշ է տալիս Ալիեւին, ցույց տալով, որ Հայաստանն այլեւս բոլոր առումներով հրաժարվում է Արցախին օժանդակելուց եւ սատարելուց: Իսկ այսօրվա իրավիճակում հաշվի առնելով Ադրբեջանի հայտնի դիրքորոշումներերը, որոնք Ադրբեջանը չի էլ թաքցնում, ակնհայտ է դառնում, որ Արցախը ու արցախցին մնացել են մեն-մենակ իրենց խնդրի հետ: Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների քաղաքականության հետեւանքով Հայաստանը դադարում է աշխարհաքաղաքական գործոն լինել։ Նման անհուսալի իրավիճակում Հայաստանը կախված է ցանկացած երկրի քմահաճույքից ու ցանկությունից։ Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը։ Թերեւս նույնիսկ ամենաանհավանականին:
-Ուրեմն, որն՞ է ելքը:
-Նախեւառաջ Արցախում պետք է ապրեն շատ հայեր, առանց հայերի Արցախ գոյություն չի ունենա: Եթե գոյություն չունենա Արցախը, ապա ծանր հետեւանքներ են սպասվելու առաջին հերթին ՀՀ-ին, որպես կայացած պետություն հետագա զարգացման համար: Ի՞նչ պետք է անել` բանաձեւը շատ պարզ է, պետք ի հայտ բերել նոր ուժերի, ովքեր կկարողանան միավորել ազգին, այլ ոչ թե պառակտել: Երբ դու պարտվողական դիրք ես ընդունում եւ պատրաստ չես պայքարել քո շահերի համար ու ապացուցել, որ քեզ հետ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, քան կռվել, ապա ցանկացած երկրի դիրքորոշում դառնում է ճակատագրական։
-Իսկ այն ժառանգությունը, որը ստանալու հաջորդ ՀՀ ղեկավարը, հնարավոր կլինի՞ այլեւս որեւէ բան փրկել:
-Շատ լավ հարց տվեցիք, իհարկե ծանր ժառանգություն է փոխանցվելու, բայց ինչքան որ շատ մնա այսօրվա ապաշնորհ վարչակազմը, այնքան ավելի ծանր ու գուցե սխալները անդառնալիորեն ուղղելու հնարավորությունից կարող է զրկվել հայ ազգը: Այս պահին, ամեն դեպքում, ես համոզված եմ, որ հնարավոր է դեռ, եթե ոչ արմատապես շտկել իրավիճակը, ապա զգալիորեն բարելավվել եւ հասնել նրան, որպեսզի Արցախում եւ ՀՀ-ում ապրող հայերը ապրեն անվտանգ ու արժանաատիվ:
Ամփոփելով խոսքս կասեմ հետեւյալը, ստեղծված իրավիճակից ելքը համարում եմ այնպիսի իշխանության գալը, որը կկարողանա համախմբել ժողովրդին եւ գործել ի շահ պետության, այլ ոչ թե գնալ պառակտման ճանապարհով։
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ