Իրանը կարող է գերտերությունների, հատկապես՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածվել տարածաշրջանային առավել կարեւոր գործոնի․ Իրանում հայ պատգամավորի ուշագրավ զրույցը
Հանդիպում
<<Իրավունքի>> զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի պատգամավոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱՅԱՆԸ։
-Պարոն Շահվերդեան, որպես Իրանում հայ պատգամավոր ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես հետպատերազմյան վերջին երկու տարիների ընթացքում։
-Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, թե՛ 44-օրեայ պատերազմից յետոյ, թէ՛ համավարակի բռնկման օրերին, արձանագրել են զարգացում, մասնաւորապէս՝ առեւտրաշրջանառութեան ծաւալները աճել են՝ հասնելով, շուրջ 600 մլն. դոլարի: Քաղաքական առումով եւս երկու երկրները արձանագրել են յարաբերութիւնների զարգացման միտում, ինչի վկայութիւնն է իրանցի բարձրաստիճան պաշտօնեաների հայաստանեան այցերն, այդ թւում՝ Գլխաւոր դատախազի, ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի, ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի, ինչպէս նաեւ՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի Թեհրան կատարած այցը, եւ բազում այլ երկկողմ հանդիպումներ, փաստում են Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին շրջանում արձանագրւած յարաբերութիւնների խորացման միտման մասին: Եւ, նկատի առնելով տարածաշրջանային իրավիճակը եւ երկու երկրների միջեւ առկայ խորքը պատմական եւ մշակութային ընդհանրութիւնները անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ է յարաբերութիւնների խորացման կամք եւ վճռակամութիւն: Իրանը եւ Հայաստանը ի թիւս այլ ոլորտների քայլեր են ձեռնարկում նաեւ զարգացնել մշակութային եւ հասարակական ոլորտների գործակցութիւնների զարգացում, որպէս օրինակ՝ պայմանաւորւել են համատեղ մշակութային եւ հասարակական կապերի զարգացման ուղղութեամբ նախաձեռնութիւններ իրականացնել, այդ թւում՝ քաղաքների միջեւ կապերի սերտացման ծրագրեր, քոյր քաղաքների հռչակման նախաձեռնութիւններ եւ այլն: Իրանի համար Հայաստանը իւրօրինակ կամուրջ է համարւում ԵԱՏՄ- Իրան եւ ԵՄ-Իրան յարաբերութիւններում։